Հայաստանում որոշ ուժեր փորձում են քննադատել իշխանություններին՝ պնդելով, թե Հայաստանը պետք է ավելի հստակ դիրքորոշում արտահայտի Իրանի օգտին։ Սակայն նման մոտեցումը չի համապատասխանում Հայաստանի շահերին։
Ներսես Կոպալյան
1inTV‑ն զրուցել է Նևադայի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ներսես Կոպալյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի ռազմավարական կայունությունը Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական բախումների, մասնավորապես՝ Իրանի շուրջ ստեղծված լարվածության համատեքստում։ Պրոֆեսոր Ներսես Կոպալյանը հիմնավորում է, որ Հայաստանի որդեգրած չեզոքության և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը թույլ է տվել երկրին խուսափել հակամարտության մեջ ներքաշվելուց՝ միաժամանակ պահպանելով կառուցողական կապերը թե՛ ԱՄՆ‑ի, թե՛ Իրանի հետ։ Հեղինակը մերկացնում է ռուսական պրոքսի ուժերի մանիպուլյատիվ քարոզչությունը, որը փորձում է արհեստական վախեր սերմանել հանրության շրջանում՝ երկիրը դեպի Ռուսաստանի ազդեցության գոտի մղելու նպատակով։
Ներսես Կոպալյանը անդրադառնալով Իրանի դեմ ընթացող պատերազմի և դրա հնարավոր ազդեցության թեմային՝ նշեց, որ իրավիճակը հասկանալու համար պետք է դիտարկել մի քանի հիմնարար հանգամանքներ։ Նրա խոսքով՝ դեռ անցած տարվա հունիսին, երբ տեղի ունեցավ Իսրայելի և Իրանի միջև կարճատև՝ այսպես կոչված «12-օրյա պատերազմը», Հայաստանում արդեն սկսել էին աշխատել հնարավոր զարգացումների սցենարների վրա։ Կոպալյանը ասաց, որ այդ ժամանակ ձևավորվել էր ռազմավարական մոտեցում՝ հասկանալու, թե ինչ կարող է տեղի ունենալ և ինչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը։ Նրա դիտարկմամբ՝ այդ աշխատանքի հիման վրա Հայաստանը սկսեց ակտիվ համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ հստակ ներկայացնելով իր դիրքորոշումը, մասնավորապես այն, որ Հայաստանը չի կարող ներգրավվել այդ հակամարտության մեջ։
Պրոֆեսոր Կոպալյանի խոսքով՝ ամերիկյան կողմըդրական արձագանքեց այդ մոտեցմանը, քանի որհասկացավ երեք կարևոր հանգամանք. առաջին՝ Հայաստանը չի կարող մասնակցել հակամարտությանը, երկրորդ՝ նման ներգրավվածությունը միայն կխորացնի տարածաշրջանային անկայունությունը, և երրորդ՝ Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ կառուցված են բացառապես կառուցողական հիմքերի վրա։ Նրա կարծիքով՝ Հայաստանի շահերից բխում է չեզոք մնալը, որովհետև ցանկացած ուղղակի ներգրավվածություն կարող է միայն բացասական հետևանքների բերել։

Ներսես Կոպալյանը նաև նկատեց, որ Հայաստանում որոշ ուժեր փորձում են քննադատել իշխանություններին՝ պնդելով, թե Հայաստանը պետք է ավելի հստակ դիրքորոշում արտահայտի Իրանի օգտին։ Սակայն, ինչպես նշեց քաղաքագետը, նման մոտեցումը չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի համար ամենառացիոնալ քաղաքականությունը չեզոքությունն է, քանի որ հակամարտության որևէ կողմին աջակցելը երկրի համար կարող է բերել պարտվողական արդյունքի։
Խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին՝ Կոպալյանը ընդգծեց, որ ներկայումս հակամարտության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Մերձավոր Արևելքում։ Նրա խոսքով՝ Իրանը հիմնականում թիրախավորում է այն արաբական երկրներին, որոնք ներառված են Միացյալ Նահանգների անվտանգության ճարտարապետության մեջ՝ օրինակ Սաուդյան Արաբիան, Քաթարը, Բահրեյնը, Քուվեյթը և Միացյալ Արաբական Էմիրությունները։ Քաղաքագետի կարծիքով՝ Իրանը նույնպես շահագրգռված չէ հակամարտությունը տեղափոխել Հարավային Կովկաս, քանի որ իրեն անհրաժեշտ են հյուսիսային ուղղությամբ տնտեսական և հաղորդակցային կապերը, այդ թվում՝ Հայաստանի միջոցով։
Պրոֆեսորը համոզմունք հայտնեց, որ ներկայիս պայմաններում Հայաստանը տարածաշրջանում գտնվում է համեմատաբար կայուն դիրքում։ Նա նշեց, որ Ադրբեջանը գտնվում է զգուշավոր վիճակում, Վրաստանում առկա է անորոշություն, իսկ մի շարք արաբական երկրներ արդեն ենթարկվում են հարվածների։ Այդ համատեքստում, Կոպալյանի դիտարկմամբ, Հայաստանի առավելությունը այն է, որ դեռ նախորդ տարվա իրադարձություններից հետո մշակել է համապատասխան ռազմավարություն և այժմ կարողանում է կառավարել իրավիճակը հավասարակշռված ձևով։
Անդրադառնալով ենթակառուցվածքային նախագծերին՝ Ներսես Կոպալյանը նշեց, որ քննարկվող «TRIPP» նախագծի ճանապարհաշինական աշխատանքները դեռ չեն սկսվել, հետևաբար այն չի կարող ներկայումս ռազմական թիրախ լինել։ Նրա խոսքով՝ Իրանի ռազմավարական մտածողությունը հիմնված է շահերի աստիճանակարգի վրա, և ներկայումս Հայաստանը չի գտնվում այն կարևոր շահերի շարքում, որոնց դեմ Իրանը կարող է հարվածներ հասցնել։
Կոպալյանը նաև մեկնաբանեց Իրանի կողմից Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածը՝ նշելով, որ դա կապված էր Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության հետ։ Նրա կարծիքով՝ Թեհրանը Բաքվին փորձում էր ցույց տալ, որ չի ընդունում Ադրբեջանի հայտարարած «չեզոքությունը», քանի որ իրականում տեսնում է Իսրայելի հետ համագործակցության խորությունը։ Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները այդ իրադարձություններից հետո զգուշավոր են դարձել և փորձում են խուսափել իրավիճակի հետագա սրացումից։
Ներսես Կոպալյանը անդրադարձավ նաև ներքաղաքական դիսկուրսին Հայաստանում՝ նշելով, որ որոշ պրոռուսական ուժեր փորձում են ստեղծել վախի և անորոշության մթնոլորտ։ Նրա կարծիքով՝ այդ շրջանակների նպատակը Հայաստանին ներքաշելն է հակամարտության մեջ, որովհետև նման դեպքում երկրի համար բացասական զարգացումները կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով։ Կոպալյանը նշեց, որ այդ ուժերի տրամաբանությունը հիմնված է այն հաշվարկի վրա, որ ծանր իրավիճակում հասարակությանը կարելի է համոզել, թե միակ լուծումը Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրումն է։
Խոսելով նաև սոցիոլոգիական հարցումների մասին՝ պրոֆեսորը ներկայացրեց իր թիմի անցկացրած հետազոտության արդյունքները։ Նրա խոսքով՝ հարցումների համաձայն, եթե ընտրությունները տեղի ունենային տվյալ պահին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր ստանալ մոտավորապես 26–30 տոկոս աջակցություն։ Սակայն անորոշ ընտրողների նախապատվությունները հաշվի առնելու դեպքում այդ ցուցանիշը կարող է հասնել մոտ 41 տոկոսի։
Կոպալյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերը միասին հավաքում են մոտավորապես 21 տոկոս աջակցություն, և այդ ցուցանիշը էականորեն չի աճում նույնիսկ անորոշ ընտրողների հաշվարկով։ Նրա դիտարկմամբ՝ սա ցույց է տալիս, որ ընդդիմության հիմնական ընտրազանգվածը սահմանափակված է և դժվարությամբ է ընդլայնվում։
Քաղաքագետը նաև ընդգծեց, որ հարցումների ընթացքում արձանագրվել է մեկ հետաքրքիր միտում. քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Հայաստանի անվտանգության իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, իսկ տնտեսական ապագայի վերաբերյալ գնահատականները նույնպես հիմնականում դրական են։
Միաժամանակ Կոպալյանը քննադատեց Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցումները՝ նշելով, որ դրանցում առկա են մեթոդաբանական խնդիրներ։ Նրա խոսքով՝ հարցվողների սեռային և տարածաշրջանային բաշխվածությունը չի համապատասխանում Հայաստանի իրական ժողովրդագրական կառուցվածքին, ինչն ազդում է արդյունքների վստահելիության վրա։
Վերջում Ներսես Կոպալյանը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց պետական կառույցների հաղորդակցման խնդրին։ Նրա կարծիքով՝ Հայաստանի ամենամեծ մարտահրավերներից մեկը ոչ թե քաղաքականության բովանդակությունն է, այլ դրա ճիշտ ներկայացումը հասարակությանը։ Քաղաքագետը նշեց, որ արդյունավետ հաղորդակցությունը կարող էր կանխել բազմաթիվ շահարկումներ և թույլ չտալ հիբրիդային քարոզչությանը ազդեցություն ունենալ հանրային քննարկումների վրա։ Նրա համոզմամբ՝ պետությունը պետք է զարգացնի իր ինստիտուցիոնալ կարողությունները և հատկապես հաղորդակցման համակարգը, քանի որ դա ժողովրդավարական համակարգի պաշտպանության կարևոր գործիքներից է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
