Առեղծված է մնում հարցը, թե արդյոք Ադրբեջանը սեպտեմբերի 9‑ից մինչեւ 19‑ը ժամանակահատվածում Արցախի իշխանության մարմինները լուծարելու պահանջ ներկայացրե՞լ է, նման հարց քննարկվե՞լ է:
Վահրամ Աթանեսյան
Մաս 104
Արցախի նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի ընտրվելուց հետո պետական նախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը: Նա Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին է, նախկինում աշխատել է հարկային մարմիններում, ապա ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր: Ինչո՞վ էր պայմանավորված այդ նշանակումը, պետական կյանքի անհրաժեշտությա՞մբ, թե՞ նոր իշխանությունը ձգտում էր տպավորություն ստեղծել, որ նախկին նախագահի հետ որեւէ խնդիր չունի, այդ եւ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ հրապարակային տեղեկություններ չկան:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը բռնատեղահանությունից տեւական ժամանակ անց վկայել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ահաբեկչական պատերազմի նախօրեին հանդիպել է Սամվել Շահրամանյանին եւ առաջարկել, որ իշխանությունը փոխանցի Սամվել Բաբայանին, բայց հստակ պատասխան չի ստացել: Խանումյանի այս վկայությունը Շահրամանյանը հրապարակավ ոչ հաստատել է, ոչ՝ հերքել:
Ադրբեջանը Արցախի դեմ լայնածավալ հարձակման է անցել 2023թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 13‑ի սահմաններում: Օրվա վերջում արդեն պարզ է դարձել, որ չնայած կազմակերպված դիմադրությանը, Պաշտպանության բանակը եւ աշխարհազորը չեն կարող կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Սեպտեմբերի լույս 20‑ի գիշերը թշնամու հատուկ նշանակության ջոկատները արդեն գտնվել են Ստեփանակերտի տարածքում:

Նույն օրը Արցախում ռուսական զորախմբի հրամանատարության միջոցով Ադրբեջանը փոխանցել է հայտարարության նախագիծ, որ փաստացի անվերապահ կապիտուլյացիայի պահանջ էր: Այն քննարկվել է Սամվել Շահրամանյանի մոտ, ներկա են եղել նաեւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը: Պահպանվել է տեսագրություն, որից հասկացվում է, որ քննարկումն անցել է չափազանց նյարդային մթնոլորտում: Հայտարարության տեքստը հրապարակելուց հետո տեղեկություն է տարածվել, որ Արցախի պատվիրակությունը մեկնել է Եվլախ՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու: Այդ ընթացքում հազարավոր տեղահանված անձինք գտնվել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում՝ ապավինելով ռուսական զորախմբին: Օրվա վերջում ռուսական զորախմբի հրամանատարությունը մարդկանց ստիպել է տեղափոխվել Ստեփանակերտ:
Փաստորեն կապիտուլյացիայի մասին հայտարարությունը ստորագրելուց հետո Արցախի իշխանությունները դադարեցրել են իրենց լիազորությունները: Մինչեւ վերջ ծառայությունը շարունակել են ոստիկանները եւ փրկարար ծառայության աշխատակիցները: Նրանք են տարհանել զոհվածների մարմինները, հոգացել վիրավորների մասին:
Առեղծված է մնում հարցը, թե արդյոք Ադրբեջանը սեպտեմբերի 9‑ից մինչեւ 19‑ը ժամանակահատվածում Արցախի իշխանության մարմինները լուծարելու պահանջ ներկայացրե՞լ է, նման հարց քննարկվե՞լ է: Այդ օրերի իրադարձություններին ծանոթ որոշ աղբյուրներ համոզված են, որ Արցախի դեմ հարձակումից առաջ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Շադլինսկին արդեն գտնվել է Շուշիում, որտեղից «պարբերաբար իջել է Ստեփանակերտ»: Որքանո՞վ է հավաստի կամ կեղծ այս տեղեկությունը, հրապարակային փաստերով հնարավոր չէ ճշտել: Արցախի նախկին պաշտոնյաները, բայց հատկապես՝ ԱԱԾ եւ ՆԳՆ աշխատակիցները, որ ամենաիրազեկվածներն են, գերադասում են լռել:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
