Կարևոր է ընտրել հստակ քաղաքական ուղի, ոչ թե առաջնորդվել անձերի կամ կուսակցությունների շուրջ ձևավորված վերաբերմունքով։
Վահան Վարդապետյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է Հասարակական-մշակութային գործիչ, բժիշկ Վահան Վարդապետյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքաղաքական լարվածությունն ու աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Վարդապետյանը քննադատում է երկրի ներսում գործող «ռուսահպատակ» ուժերին՝ պնդելով, որ նրանց գործունեությունը վտանգում է պետական ինքնիշխանությունը և Հայաստանը վերածում է օտարի կամակատար գավառի։
Վահան Վարդապետյանը անդրադառնալով Վիտալի Բալասարյանի հայտարարությանը՝ նշեց, որ այն մեծ արձագանք է առաջացրել հասարակությունում և դարձել է բազմաթիվ բողոքների ու դիմումների պատճառ։ Նրա խոսքով՝ ինքն էլ դիմել է համապատասխան մարմիններին՝ ուշադրություն դարձնելու այդ հայտարարությանը։ Վարդապետյանը կարծում է, որ տվյալ գործիչը խորհրդանշական կերպար է այն մարդկանց համար, ովքեր համակրում են ռուսամետ քաղաքականությանը։
Վահան Վարդապետյանը նաև դիտարկեց, որ վերջին շրջանում որոշ շրջանակներ անհանգստանում են երկրում առկա հարաբերական հանգստությունից և փորձում են խաթարել խաղաղության գործընթացը՝ տարբեր նախաձեռնություններով։ Նրա գնահատմամբ՝ այդ գործունեությունը կարող է նպաստել ներքին լարվածության աճին և բացասաբար անդրադառնալ Հայաստանի արտաքին հարաբերությունների վրա։ Եթե որոշ քաղաքական գործիչներ ավելի հաճախ հանդես գան նման հայտարարություններով, դա կարող է էլ ավելի վատացնել հայ-ռուսական հարաբերությունները և խորացնել հակառուսական տրամադրությունները հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ նման վարքագիծը վնասում է առանց այն էլ նվազող ռուսական հեղինակությանը Հայաստանում։

Բժիշկը նաև հոգեբանական դիտարկում արեց՝ նշելով, որ «ուժեղ առաջնորդ», «ուժեղ պետություն» կամ «ուժեղ կուսակցություն» ձևակերպումները հաճախ օգտագործվում են այն մարդկանց կողմից, ովքեր իրականում չունեն այդ ուժը և փորձում են փոխհատուցել դա հռետորաբանությամբ։ Վարդապետյանը կարծում է, որ ուժեղ առաջնորդը պետք է ունենա հասարակության ներքին լեգիտիմ աջակցությունը, միջազգային հեղինակություն և ինտելեկտուալ կարողություններ, իսկ նշված շրջանակների դեպքում այդ հատկանիշները, ըստ նրա, բացակայում են։
Հայաստանի համար առանցքային ընտրությունը ուղղության ընտրությունն է։ Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է որոշի՝ նախընտրում է ժողովրդավարությո՞ւն, թե՞ բռնապետություն, ինքնիշխանությո՞ւն, թե՞ «գուբեռնիայի» կարգավիճակ։ Նա ընդգծեց, որ կարևոր է ընտրել հստակ քաղաքական ուղի, ոչ թե առաջնորդվել անձերի կամ կուսակցությունների շուրջ ձևավորված վերաբերմունքով։ Անդրադառնալով անվտանգության թեմային՝ Վահան Վարդապետյանը նշեց, որ նախկինում գոյություն ունեցող անվտանգության պայմանագրերը, իր կարծիքով, գործնականում չեն ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին ձևավորվել է նոր «խաղաղության ճարտարապետություն», և Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նկատվում են կարևոր դիվանագիտական ձեռքբերումներ։
Վարդապետյանը առանձնապես կարևորեց հայ-ամերիկյան համագործակցության պայմանագիրը՝ այն անվանելով պատմական և դարակազմիկ փաստաթուղթ։ Նրա կարծիքով՝ այդ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության հաստատմանը և զսպում ռազմական սրացումները։ Հայաստանում գոյություն ունի մի սոցիալական շերտ, որը, ըստ նրա դիտարկման, երբեմն հակադրվում է նույնիսկ սեփական պետության անկախությանը։ Վարդապետյանը դա մեկնաբանեց որպես հոգեբանական և պատմական երևույթ՝ ենթադրելով, որ նման մտածողությունը կարող է աստիճանաբար հաղթահարվել միայն սերնդափոխության միջոցով։
Միևնույն ժամանակ, Վահան Վարդապետյանը կարևոր համարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն արժանապատիվ և հավասար գործընկերության հիման վրա։ Նրա կարծիքով՝ այդ հարաբերությունների առողջացման համար անհրաժեշտ է, որ երկու կողմերում էլ փոխվեն գործող դերակատարները և ձևավորվի համագործակցության նոր մոդել։ Անդրադառնալով խաղաղության հարցին՝ Վարդապետյանը նշեց, որ այսօր տարածաշրջանում առկա է փաստացի խաղաղություն, և հասարակությունը պետք է իր վարքագծով ու ընտրությամբ նպաստի դրա պահպանմանը։ Նա կարծում է, որ միջազգային կառույցների և հատկապես արևմտյան երկրների ներգրավվածությունը կարևոր զսպող դեր ունի տարածաշրջանում։
Քաղաքական գործընթացների մասին խոսելիս Վահան Վարդապետյանը նշեց, որ Հայաստանի քաղաքական համակարգում անհրաժեշտ է ձևավորել գաղափարական ընդդիմություն, որը կգործի խորհրդարանում և կնպաստի պետականության զարգացմանը։ Նրա կարծիքով՝ հասարակությունը պետք է ընտրություն կատարի ոչ թե անձերի, այլ գաղափարական ուղղությունների միջև։
Վարդապետյանը անդրադարձավ նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարություններին։ Նա նշեց, որ նախկինում մեծ հարգանք է ունեցել նրա նկատմամբ, սակայն այժմ զարմանում է այն դիրքորոշումների վրա, որոնք, իր գնահատմամբ, աջակցում են ռուսամետքաղաքական ուժերին։ Վարդապետյանը ենթադրեց, որ այդ հայտարարությունները կարող ենպ այմանավորված լինել արտաքին ազդեցություններով կամ տարբեր շահագրգռություններով, սակայն ընդգծեց, որ դա իր անձնական ենթադրությունն է։
Անդրադառնալով տարածաշրջանային իրադարձություններին՝ Վահան Վարդապետյանը հիշեցրեց այն իրավիճակը, երբ ադրբեջանական զորքերը հասել էին Ջերմուկի և Վարդենիսի ուղղությամբ և նշեց, որ պատերազմական սրացումը, ըստ նրա գնահատման, կանգնեցվել է միջազգային միջնորդության շնորհիվ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի դաշնակից պետք է համարվեն այն պետություններն ու կառույցները, որոնք շահագրգռված են Հայաստանի անկախ պետականության պահպանմամբ և տարածաշրջանում կայունության ապահովմամբ։

Վերջում Վահան Վարդապետյանը կարևորեց առաջիկա քաղաքական գործընթացների նշանակությունը՝ նշելով, որ հասարակությունը պետք է կատարի պատասխանատու ընտրություն և առաջնորդվի պետականության, անկախության ու խաղաղության պահպանման սկզբունքներով։ Նա նաև բարձր գնահատեց այն հասարակական ու քաղաքական գործիչների գործունեությունը, որոնք տարիներ շարունակ հանդես են եկել այդ գաղափարների պաշտպանությամբ, առանձնացնելով հատկապես Արամ Սարգսյանի գործունեությունը որպես այդ ուղղության գաղափարական աշխատանքի օրինակ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
