Հայաստանում կիրառվում են նաև հիբրիդային պատերազմի տարբեր գործիքներ՝ ներառյալ տեղեկատվական և բարոյահոգեբանական ազդեցության մեթոդներ։ Նման երևույթները կարող են ուղղված լինել հասարակության բարոյական հիմքերը խարխլելուն, սակայն իր դիտարկմամբ այդ ուղղությամբ քրեական հետապնդումների կամ լայն ցանցերի բացահայտման դեպքեր գրեթե չեն արձանագրվում։
Արտաշես Խալաթյան
1inTV‑ն զրուցել է իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկում է Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքները, մասնավորապես՝ Ռուսաստանից եկող անվերահսկելի ֆինանսական հոսքերը, որոնք ծառայում են քաղաքական ազդեցության տարածմանը։ Իրավագետ Արտաշես Խալաթյանը քննադատում է տեղական իրավապահ համակարգի անգործությունն ու մասնագիտական թերացումները, որոնք թույլ չեն տալիս արդյունավետորեն բացահայտել և կանխել օտարերկրյա միջամտությունները ընտրական գործընթացներում։ Անդրադարձ է կատարվում նաև քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությանը որպես պետականության պաշտպանության հիմնական գործիք, երբ պաշտոնական կառույցները չեն ապահովում բավարար թափանցիկություն։

Արտաշես Խալաթյանը, անդրադառնալով արտաքին հետախուզության հայտարարությանը, ասաց, որ իր կարծիքով թերի են այն հայտարարությունները, որոնք չեն մատնանշում կոնկրետ հասցեատերեր և կատարող սուբյեկտներ։ Խալաթյանը նշեց, որ իրավաբանության տեսանկյունից ցանկացած նման պնդում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի, գործողությունների նկարագրության և առնվազն ֆիզիկական անձանց մակարդակով պատասխանատուների նշման վրա։ Նրա դիտարկմամբ՝ «օդում արված» ձևակերպումները չեն կարող լիարժեք կանխարգելիչ գործառույթ կատարել, որովհետև հանցագործությունը չի կարող ներկայացվել առանց սուբյեկտի և կոնկրետ գործողության նկարագրության։ Խալաթյանը նաև ընդգծեց, որ նման խնդիր արդեն նկատվել է արտաքին հետախուզական ծառայության նախորդ զեկույցներում։ Իրավագետի խոսքով՝ եթե դրանք համեմատվում են, օրինակ, ԱՄՆ-ում հրապարակվող նմանատիպ փաստաթղթերի հետ, ապա բովանդակային լուրջ տարբերություն է նկատվում։ Նրա խոսքով՝ ամերիկյան զեկույցներում սովորաբար ներկայացվում են կոնկրետ ռիսկեր, վտանգներ և կանխարգելման մեխանիզմներ, մինչդեռ այստեղ խոսույթը չափազանց վերացական է։
Խալաթյանի կարծիքով՝ եթե նման տեղեկատվությունը հանրայնացվում է փակ կառույցի կողմից, ապա պետք է ապահովվի բավարար թափանցիկություն։ Հակառակ դեպքում այն կարող էր մնալ օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակում և չհանրայնացվել։ Նրա խոսքով՝ ներկայիս ձևով այդ հաղորդագրությունը քաղաքացիներին բավարար տեղեկատվություն չի տալիս իրենց վարքագիծը համապատասխան ձևավորելու համար և թողնում է լայն տարածք գուշակությունների համար։

Իրավաբանը նաև նշեց, որ Հայաստանում արտաքին ազդեցությունների և քաղաքական նպատակներով ֆինանսական հոսքերի մասին խոսակցությունները նոր չեն։ Խալաթյանը նշեց, որ ակնհայտ է նաև տեղեկատվական դաշտում մեծ ֆինանսական ռեսուրսների օգտագործումը՝ տարբեր հարթակներում ստեղծվող շքեղ ստուդիաների, տեխնիկապես լավ պատրաստված տեսանյութերի և արագ տարածվող բովանդակության միջոցով։ Նրա խոսքով՝ նորությունը ոչ թե այդ երևույթների գոյությունն է, այլ կոնկրետ դեպքերի բացահայտումն ու հասցեական հաղորդումը, որը, ըստ նրա, բավարար չափով չի իրականացվում։
Արտաշես Խալաթյանը կասկած հայտնեց նաև այն հարցում, թե արդյոք իրավապահ համակարգը լիարժեք պատկերացնում է նման սպառնալիքների բնույթը։ Նա նշեց, որ խնդիր կարող է լինել ինչպես քաղաքական և քաղաքացիական գիտակցության մակարդակում, այնպես էլ մասնագիտական պատրաստվածության առումով։ Խալաթյանի կարծիքով՝ հատկապես քննչական և դատախազական համակարգերում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ հստակ պատկեր չկա, մինչդեռ հենց այդ մարմիններն են քրեական գործերի հիմնական հեղինակները։
Իրավագետը նաև նշեց, որ հաճախ քննադատությունը ուղղվում է դատավորների դեմ, մինչդեռ դատարան հասնող քրեական գործերի որակի համար հիմնական պատասխանատուները քննիչներն ու դատախազներն են։ Նրա խոսքով՝ դատավորը գործում է այն գործի հիման վրա, որը ներկայացվում է դատարան, և ինքնուրույն փաստահավաք գործունեություն իրականացնելու լիազորություն չունի։
Խալաթյանի կարծիքով՝ Հայաստանում կիրառվում են նաև հիբրիդային պատերազմի տարբեր գործիքներ՝ ներառյալ տեղեկատվական և բարոյահոգեբանական ազդեցության մեթոդներ։ Նա նշեց, որ նման երևույթները կարող են ուղղված լինել հասարակության բարոյական հիմքերը խարխլելուն, սակայն իր դիտարկմամբ այդ ուղղությամբ քրեական հետապնդումների կամ լայն ցանցերի բացահայտման դեպքեր գրեթե չեն արձանագրվում։
Անդրադառնալով ընտրական գործընթացներին՝ իրավաբանը նշեց, որ նման տեղեկությունները ինքնին չեն կարող կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը։ Խալաթյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո Հայաստանում ձևավորվել է իրավիճակ, երբ իշխանությունը չի կեղծում ընտրությունները, սակայն տարբեր ընդդիմադիր կամ հակաիշխանական շրջանակների կողմից կարող են կիրառվել այլ ազդեցության մեխանիզմներ։ Նրա դիտարկմամբ՝ հիմնական հարցը այն է, թե արդյոք իշխանությունն ու հասարակության առողջ հատվածը կարող են արդյունավետ հակազդել տեղեկատվական դիվերսիաներին։ Լիարժեք ժողովրդավարական համակարգի համար անհրաժեշտ է ոչ միայն լեգիտիմ իշխանություն, այլև լեգիտիմ, կարողունակ և ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող ընդդիմություն։ Նրա խոսքով՝ եթե խորհրդարանում չկա նման ընդդիմություն, ապա գործադիր իշխանության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելը դժվարանում է։
Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ նման իրավիճակներում կարևոր դեր ունի քաղաքացիական վերահսկողությունը։ Նա նշեց, որ հասարակական կազմակերպությունները, առողջ քաղաքական ուժերը և մասնագիտական համայնքները կարող են ձևակերպել հստակ պահանջներ և ծրագրային առաջարկներ՝ կանխելու համար կասկածելի ֆինանսական միջոցներով քաղաքական գործունեությունը։
Իրավագետը անդրադարձավ նաև միջազգային զարգացումներին՝ նշելով, որ Իրանում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի համար դրական չեն կարող համարվել։ Խալաթյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ‑ի մասնակցությամբ պատերազմական զարգացումները տարածաշրջանում կարող են ազդեցություն ունենալ նաև Հայաստանի անվտանգային և տնտեսական միջավայրի վրա։ Նրա կարծիքով՝ նման իրավիճակում Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը շարունակում է մնալ ամերիկյան անվտանգային հովանոցը, սակայն տնտեսական ծրագրերի արդյունավետությունը կարող է կախված լինել տարածաշրջանային կայունությունից։
Անդրադառնալով համաշխարհային քաղաքականությանը՝ Խալաթյանը նշեց, որ եթե հակամարտությունները շարունակվեն և ցանկալի արդյունքների չհանգեցնեն, դա կարող է ազդեցություն ունենալ նաև Դոնալդ Թրամփի քաղաքական հեղինակության վրա։ Նա կարծիք հայտնեց, որ նման զարգացումները կարող են նույնիսկ նպաստել Իրանի ներսում գործող քաղաքական ռեժիմի կոնսոլիդացմանը՝ արտաքին սպառնալիքի պայմաններում։
Վերջում իրավաբանը խոսեց նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նշելով, որ, իր գնահատմամբ, վերջին տարիներին այն ավելի շատ առաջնորդվում է պրագմատիկ տնտեսական շահերով, քան գաղափարական մոտիվացիաներով։ Այս համատեքստում նա հիշատակեց նաև Վլադիմիր Պուտինին՝ նշելով, որ Ռուսաստանի քաղաքականությունը հաճախ գնահատվում է որպես առավելապես մերկանտիլ(շահամոլ) բնույթի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
