Փաստացի տեղի է ունեցել ինքնակամ գործողություն, որը ոչ ոքի կողմից չի կանխվել կամ գոնե չի կանոնակարգվել: Պայթյունի պատճառների մասին տեղեկությունները հակասական են: Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը համոզված է, որ այն «կազմակերպել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 105
2023թ. սեպտեմբերի 25-ին Արցախի տեղեկատվական շտաբը, որ փաստացի հանդես է եկել որպես Սամվել Շահրամանյանի մամուլի ծառայություն, սոցիալական հարթակներում հանդես է եկել հայտարարությամբ, որ «Արցախից Հայաստան տեղափոխվել ցանկացողներին կտրվի անվճար բենզին»: Ըստ այդ հայտարարության, Ստեփանակերտի թվով հինգ բենզալցակայաններում ժամը 14:00-ից սկսվել է բենզինի հատկացումը: Որոշ աղբյուրներ հաստատապես պնդում են, որ այդ «վառելիքը եղել է ադրբեջանական», այդ մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել Եվլախի «բանակցությունների արդյունքում»:
Ուշադրություն է հայցում փաստը, որ այդ օրվա դրությամբ Արցախի նախագահի մամուլի ծառայությունը խոսել է ոչ թե բնակչության զանգվածային բռնատեղահանության, այլ՝ «Հայաստան տեղափոխվել ցանկացողների» մասին, որոնց երաշխավորել է վառելիքի անվճար տրամադրում: Նույն օրը Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել միօրյա ահաբեկչական պատերազմում մի քանի տասնյակ զոհվածների հուղարկավորում, իսկ հաջորդ օրը նրանց հարազատները լքել են Ստեփանակերտը:

Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ Ստեփանակերտից առաջինը դուրս է եկել Մարտակերտ քաղաքի եւ հարակից գյուղերի բնակչությունը: Ըստ որոշ հրապարակումների, Ադրբեջանի նախնական ծրագիրը «Մարտակերտի, Սարսանգի ջրամբարի եւ հիդրոէլեկտրակայանի, ինչպես նաեւ Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերի գրավումն էր»: Կան ակնարկներ, որ ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարությունը Արցախում «երեսուն-քառասուն հազար հայ բնակչություն պահելու մտադրություն է ունեցել»: Այդ օրերին ադրբեջանական զորքերը արգելափակել են Մարտունի-Ստեփանակերտ եւ Մարտունու շրջանի հայկական գյուղերի միջեւ հաղորդակցությունը, բայց ոչ մի բնակավայր մուտք չեն գործել: Ենթադրվում է, որ Ադրբեջանը «կարող էր համաձայնել Մարտունու եւ Ասկերանի շրջանների, ինչպես նաեւ Ստեփանակերտի բնակչության մի մասի իր բնօրրանում մնալուն»:
Սեպտեմբերի 25‑ի ժամը 19:00 –ի շրջանում տեղի է ունեցել արտակարգ պատահար. պայթյուն է որոտացել ՊԲ բենզապահեստում: Իրականությանը չի համապատասխանում վարկածը, թե մարդիկ այնտեղ էին, որպեսզի «ստանան հասանելիք բենզինը»: Փաստացի տեղի է ունեցել ինքնակամ գործողություն, որը ոչ ոքի կողմից չի կանխվել կամ գոնե չի կանոնակարգվել: Պայթյունի պատճառների մասին տեղեկությունները հակասական են: Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը համոզված է, որ այն «կազմակերպել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները»: Պայթյունի հետեւանքով ավելի քան երկու հարյուր անձ զոհվել է, բազմաթիվ մարդկանց ճակատագիրն առայսօր պարզ չէ:

Արտառոց է, որ Ստեփանակերտի հինգ լցակայանում անվճար բենզին հատկացնելու մասին Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունից հետո միջոցներ չեն ձեռնարկվել, որպեսզի ՊԲ բենզապահեստում առկա վառելիքը տեղափոխվի եւ նույնպես կանոնակարգված ձեւով բաշխվի: Բենզապահեստի պայթյունի հաջորդ օրը Հայաստանի առողջապահության նախարարությունը կազմակերպել է վիրավորների Երեւան տարհանում՝ օգտագործելով ուղղաթիռային կապը:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
