Այդ համագործակցությունը կարող է դառնալ առաջին իրական հայ–թուրքական միջպետական էներգետիկ ծրագրերից մեկը։ Նման կապը նաև կօգնի Հայաստանի էներգետիկ համակարգի կայունությանը և թույլ կտա ավելացնել արտադրական հզորությունները։
Սամվել Մելիքսեթյան
1inTV‑ն զրուցել է քաղաքագետ, փորձագետ Սամվել Մելիքսեթյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի էներգետիկ և արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող ռազմավարական շրջադարձը, որի կենտրոնում Մեծամորի ատոմակայանի փոխարինումն է փոքր մոդուլային ռեակտորներով։ Մելիքսեթյանը ընդգծում է, որ Երևանը հակված է ընտրել ամերիկյան տեխնոլոգիաները, ինչը նպատակ ունի դիվերսիֆիկացնել էներգետիկ կախվածությունը և խորացնել գործընկերությունը Արևմուտքի հետ՝ խուսափելով Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ սրումից։
Սամվել Մելիքսեթյանը անդրադառնալով Հայաստանի վարչապետի փարիզյան այցին և հանդիպումներին՝ նշեց, որ տարածաշրջանային զարգացումների համատեքստում Երևանի և Փարիզի միջև բնականաբար առաջանում է փոխադարձ հետաքրքրություն։ Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանում տեղի է ունեցել որոշակի «դիրքերի կշտեցում», քանի որ եվրոպական երկրների և ԱՄՆ‑ի մոտեցումները տարբեր են, իսկ Հայաստանը հարաբերություններ ունի թե՛ արևմտյան գործընկերների, թե՛ Իրանի հետ և չի ցանկանում ընտրություն կատարել դրանց միջև։ Մելիքսեթյանը կարծում է, որ հենց այդ հանգամանքն է Ֆրանսիայի և եվրոպական գործընկերների հետաքրքրության պատճառներից մեկը։
Սամվել Մելիքսեթյանը նաև նշեց, որ կարևոր էր վարչապետի հայտարարությունը միջուկային էներգետիկայի վերաբերյալ, որով կրկին հաստատվեց՝ Հայաստանը հակված է անցնել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիային։ Նրա կարծիքով՝ դա մեծ հավանականությամբ կարող է նշանակել ամերիկյան տարբերակների ընտրություն, թեև կան նաև հարավկորեական մրցունակ առաջարկներ։ Քաղաքագետը դիտարկում է, որ այդպիսի ընտրությունը կարող է նշանակել Հայաստանի հիմնական էներգետիկ գործընկերոջ փոփոխություն՝ ռուսական «Ռոսատոմից» դեպի այլ գործընկերներ, թեև ժամկետները դեռ հստակ չեն։
Փորձագետը կարևորեց նաև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանդիպումը Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ։ Մելիքսեթյանի խոսքով՝ քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրական համակարգերի միացման հարցը՝ ինտերկոնեկտորի ստեղծման միջոցով։ Նրա գնահատմամբ՝ այդ նախագիծը Հայաստանի համար կարող է լինել շահավետ, քանի որ հնարավորություն կտա դուրս գալ մեծ էներգետիկ շուկա և զարգացնել հատկապես արևային էներգետիկան։ Նա ընդգծեց, որ Թուրքիան ունի մեծ պահանջարկ ունեցող շուկա՝ մոտ 85–90 միլիոն բնակչությամբ, ինչը կարող է Հայաստանի համար ստեղծել արտահանման նոր հնարավորություններ։Մելիքսեթյանը կարծում է, որ այդ համագործակցությունը կարող է դառնալ առաջին իրական հայ–թուրքական միջպետական էներգետիկ ծրագրերից մեկը։ Նրա խոսքով՝ նման կապը նաև կօգնի Հայաստանի էներգետիկ համակարգի կայունությանը և թույլ կտա ավելացնել արտադրական հզորությունները։
Խոսելով էլեկտրաէներգիայի արտահանման հեռանկարների մասին՝ քաղաքագետը նշեց, որ եվրոպական շուկա դուրս գալու մասին խոսելը դեռ վաղ է։ Նրա կարծիքով՝ նույնիսկ միայն թուրքական շուկա դուրս գալը Հայաստանի համար կարող է լինել լիովին բավարար և կարևոր քայլ։ Մելիքսեթյանը հիշեցրեց նաև Սև ծովի հատակով անցնող էլեկտրական մալուխի նախագիծը, որը տեսականորեն կարող է ապագայում Հայաստանը կապել եվրոպական էներգետիկ շուկայի հետ, սակայն այդ հարցը դեռ հեռանկարային փուլում է։
Սամվել Մելիքսեթյանը նաև անդրադարձավ Իրանի հետ էներգետիկ համագործակցության հնարավոր խնդիրներին։ Նա նշեց, որ Իրանի շուրջ զարգացող ճգնաժամային իրավիճակը կարող է խնդիրներ առաջացնել նոր Հայաստան–Իրան էլեկտրագծի կառուցման համար։ Այդ պատճառով, ըստ նրա, Թուրքիայի հետ նման էներգետիկ կապ ունենալը կարող է դառնալ կարևոր այլընտրանք։
Խոսելով նոր ատոմակայանի շուրջ քննարկումների մասին՝ քաղաքագետը նշեց, որ Երևանը հավանաբար արդեն ունի որոշակի կողմնորոշում, սակայն չի ցանկանում բացահայտ հայտարարել այդ մասին, որպեսզի չգրգռի ռուսական կողմին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը զգայուն է արձագանքում հատկապես երկու թեմայի՝ ատոմակայանի և երկաթուղիների կոնցեսիայի հարցերին, ուստի Հայաստանը փորձում է մեղմել այդ արձագանքը, քանի դեռ որոշումը վերջնական չէ։
Մելիքսեթյանի գնահատմամբ՝ նոր ատոմակայանի կառուցումը կարող է կարևոր դեր խաղալ նաև Հայաստան–ԱՄՆ հարաբերություններում։ Նա կարծում է, որ նման նախագիծը կարող է բարձրացնել երկկողմ համագործակցության մակարդակը և երկարաժամկետ կապ ստեղծել, քանի որ ատոմակայանի շինարարությունը տևում է մոտ 10 տարի, իսկ շահագործումը՝ մինչև 60–100 տարի։ Քաղաքագետը նշեց նաև, որ նման ծրագրերը կարող են նպաստել Հայաստանի գիտատեխնիկական զարգացմանը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը ենթադրում է, որ հայ մասնագետները պետք է կրթություն ստանան արտերկրում, մասնավորապես ԱՄՆ-ում, և ձևավորվի միջուկային էներգետիկայի նոր սերնդի մասնագետների շերտ։
Մելիքսեթյանը բացատրեց նաև փոքր մոդուլային ռեակտորների առավելությունները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս տեղադրել էներգաբլոկներ անմիջապես մեծ սպառողների մոտ՝ նվազեցնելով էլեկտրաէներգիայի փոխանցման կորուստները։ Նա ընդգծեց, որ որքան մեծ է հեռավորությունը էլեկտրաէներգիայի փոխանցման ժամանակ, այնքան մեծ են կորուստները, ուստի նման մոդուլային լուծումները կարող են լինել արդյունավետ։
Անդրադառնալով քննադատություններին, թե փոքր մոդուլային ռեակտորները կարող են նվազեցնել Հայաստանի անվտանգային նշանակությունը տարածաշրջանում, Սամվել Մելիքսեթյանը դա համարեց անհիմն պնդում։ Նրա խոսքով՝ վերջին տարիների ռազմական զարգացումները ցույց են տվել, որ ատոմակայանը չի հանդիսացել իրական զսպող գործիք։ Քաղաքագետը կարծում է, որ նման պնդումները ավելի շատ տեսական են, իսկ իրականում նոր տեխնոլոգիաները կարող են միայն բարձրացնել Հայաստանի էներգետիկ հնարավորությունները և մասնագիտական ներուժը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
