Արդյունքում Արցախում ստեղծվել է այսպես ասած՝ «ցանցային ազդեցության համակարգ», որը վերահսկել է նույնիսկ հանրային բանավոր խոսույթը: Եթե Հայաստանում ընդդիմադիր-այլընտրանքային միտքը որոշ առումներով կարողացել է ինքնությունը պահպանել, ապա Լեռնային Ղարաբաղում այն ի սպառ բացակայել է։
Վահրամ Աթանեսյան
Մեր Խոսքը՝
Այսօր ներկայացնում ենք Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, լրագրող, վերլուծաբան, Մեր Ուղին‑ի թղթակից Վահրամ Աթանեսյանի «Արցախի ԿԳԲ-ացումը» վերլուծական հոդվածաշարի եզրափակիչ հատվածը։
Վահրամ Աթանեսյանի այդ շարքը բացառիկ հնարավորություն է Արցախի քաղաքական կյանքին ականատեսի աչքով նայելու, ներքին շատ իրադարձություններ ներսից տեսնելու։ Շարքը հնարավորություն է տալիս մի կողմ դնել Արցախի մասին ունեցած և հիմնականում պարզունակ ռազմա-քաղաքական հայրենասիրական մտածողությունն ու սթափ հայացքով նայելու այն ամենին, ինչը ցավոք սրտի չի արվել։ Այս շարքի ամեն հատվածը մի կարևոր և բացառիկ նշանակություն ունեցող է՝ Արցախն ավելի լավ հասկանալու, ունեցած սխալները, վրիպումներն ավելի սթափ գնահատելու համար։ Դա մի կենսական անհրաժեշտություն է, քանի որ 2020թ․ 44-օրյա պատերազմից ավարտից ու 2020թ․ կնքված նոյեմբերի 9‑ի համաձայնագրի, 2023թ․ սեպտեմբերին Արցախի լուծարումից հետո հայ ժողովրդի ու մանավանդ ՀՀ քաղաքացիական հասարակության կյանքում բարձրացվել են մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես այն առումով, թե արդյո՞ք Արցախի հետ տեղի ունեցածը պարզապես դավաճանություն էր, թե՞ այն միայն ռազմական ու տնտեսական անհավասար հավասարակշռության տրամաբանական հետևանք էր։ Իսկ գուցե կային նաև ա՞յլ պատճառներ։ Այս շարքը հենց այդ չերևացող պատճառների մասին է։ Վահրամ Աթանեսյանը գրում է այն մասին, ինչից խուսափում են շատ շատերը։ Արցախի կյանքից վերցնելով պարզ հայրենասիրական քողն ու դրա տակ կատարվող սխալների, հանցանքների և այլնի մասին է խոսքը, մի բան, որ շատերը գերադասում են չնկատել ու չտեսնել, քանի որ, այդ դեպքում ստիպված են լինելու ընդունել իրենց բաժին մեղքը ու նաև դադարեցնել Արցախի անվան շահարկումները։ Որովհետև Արցախի կյանքում ոչ թե ու միայն պարզապես հայրենասիրական ու ռազմական երևույթներ էին ընթանում, այլ ներքաղաքական, հատուկ գործողությունների մակարդակի երկարատև ու դժվարըմբռնելի գործողություններ, տեղի էին ունենում կադրային պատերազմներ, տեղեկատվական ահաբեկումներ․․․Արցախում տեղի էր ունենում ազատագրական-հայրենասիրական մթնոլորտի քայքայում, այլասերում, այն փոխարինելով հանցավոր կենցաղավարությամբ, պարզունակությամբ, քաղաքական կուրությամբ, հանցագործ ինքնավստահությամբ, միտումնավոր ու միամիտ անգործությամբ։
Արցախի ազատագրումից մինչև լուծարում տևած տասնամյակները չափից ավելի խորն ու բազմաշերտ են մեկ գրառումով, կամ նույնիսկ մեկ շարքով լիովին բացատրելու համար։ Արցախի մասին դեռ շատ է խոսվելու և շատ են հանդիպելու նաև միակողմանի մոտեցումներ, մինչդեռ այս շարքը ընթերցողին ծանոթացնում է այն անողոք ճշմարտության հետ, որ կատարվեց ու քողարկվեց մեծ-մեծ բառերի, հայրենասիրության և այլնի տակ։
Մենք երբեք չենք հասկանա Արցախի հետ տեղի ունեցածը, եթե խուսափենք այնպիսի գրականությունից, ինչպիսին հանդիսանում է Աթանեսյանի «Արցախի ԿԳԲ-ացումը» հոդվածաշարը ։ Մինչդեռ մենք խիստ կարիք ունենք հասկանալու իրական պատմությունը, որպեսզի այլևս թույլ չտանք Արցախի անունը դառնա այլ ԿԳԲ-ական գործողությունների հիմք ու նման դանդաղ գործունեությամբ ևս մեկ ռումբ չտեղադրվի Երևանում՝ ապագայում պայթելու համար։ Մենք կարիք ունենք հասկանալու Արցախում տեղի ունեցածը՝ Արցախն ավելի ճիշտ գնահատելու համար, դրանով նաև Հայաստանի Հանրապետությունն ավելի լավ հասկանալու համար։ Այն հաստատապես հրատապություն է պահանջում։
Այս շարքը կարդալը քաջություն է պահանջում։ Այն բազմաթիվ ստերեոտիպային ու քարացած ճշմարտություններ մի կողմ է դնում, քանդում է պատային մտածելակերպը, զրկում է ավանդական պաշտպանվածության զգացումից և միայնակ է թողնում պատասխան պահանջող իրավիճակի առաջ։ Այս շարքը կարդալիս ընթերցողը կարող է վտանգի ու ամոթի զգացումներ ունենալ, բայց այն պետք է կարդալ։ Ու կարևոր չէ, թե հատկապես ինչ զգացումներ կունենա մարդը, որքանով այն կհավանի, կվախենա․ այն կարդալուց հետո Արցախի մասին պատկերացումները երբեք այլևս նախկինի նման չի լինի։
Մենք եզրափակում ենք Վահրամ Աթանեսյանի միայն այս շարքը, քանի որ վերջինս շարունակում է իր բեղուն գործունեությունը՝ հանդես գալով բազմաթիվ վերլուծություններով, ինչպես նաև հանդիսանալով Մեր Ուղին‑ի թղթակիցը՝ այդ կերպ նպաստելով նաև կայքի բովանդակության որակական բարձրացմանն ու վերլուծական մտքի կայացմանը։ Լիահույս ենք, որ Վահրամ Աթանեսյանը կշարունակի նոր նախագծերով պարզեցնել հայ քաղաքական-վերլուծական միտքը, իսկ ընթերցողներն ապագայում գուցե այս շարքի գրքային տարբերակը ունենալու հնարավորությունն ապրեն, քանի որ այս շարքը ոչ թե պարզապես ժամանակագրություն է, այլև վերլուծական սթափություն, իրականությանը նայելու խիզախ փորձ, Արցախի ողբերգական ճակատագիրը վավերական նշանակություն ունեցող մի սթափ հայացք։
Մեր Ուղին
Ամփոփում
«Արցախի ԿԳԲ-ացումը», ըստ նախնական մտահղացման, պետք է ունենար առավելագույնը քսան-քսանհինգ մաս: Բայց, ինչպես ասում են՝ մարդ ծրագրում է, Աստված՝ տնօրինում: Տվյալ դեպքում «տնօրինողը» ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետ Վիկտոր Կրիվոպուսկովի «Խռովարար Ղարաբաղ» գրքի «գաղտնագիրն» էր, որ հարկադրեց բոլորովին այլ հայացքով նայել Զորի Բալայանի միջնորդությամբ նրա եւ Ղարաբաղյան Շարժման ստեփանակերտցի գործիչներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Արկադի Ղուկասյանի դեռեւս 1990թ.-ին սկիզբ առած մտերմությանը: Իսկ հետաքրքրությունը ոչ միայն բնական եւ օրինաչափ, այլեւ խիստ անհրաժեշտ է, եթե նկատի ենք ունենում, որ Կրիվոպուսկովի ստեփանակերտյան երեք ընկերները հետագայում քաղաքական-պետական թռիչք են ապրել: Երկու տարի հետո Սերժ Սարգսյանը նշանակվել է արդեն անկախ Լեռնային Ղարաբաղի Ինանապաշտպանության կոմիտեի նախագահ, նույն տարվա օգոստոսին Ռոբերտ Քոչարյանը գլխավորել է Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ Արկադի Ղուկասյանը՝ նշանակվել արտաքին քաղաքական հարցերով նրա խորհրդական:

Վիկտոր Կրիվոպուսկովի հետ մտերմությունից երեք տարի անց Սերժ Սարգսյանը Ստեփանակերտից մի քանի ամսով «գործուղվել է» Մոսկվա, իսկ այնտեղից՝ Երեւան եւ ստանձնել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը: Չորս տարի հետո ԼՂՀ նախագահի պաշտոնից հրաժարվելով՝ Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ, իսկ 1998թ.-ին՝ ընտրվել Հայաստանի նախագահ:

Ստեփանակերտում ԼՂՀ նախագահի պաշտոնը Ռոբերտ Քոչարյանի հրաժարականից հետո զբաղեցրել է Արկադի Ղուկասյանը: Անկախ Հայաստանի ավելի քան քառորդդարյա պատմության ամենառանցքային դեմքերից երկուսը՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առնվազն իմացությամբ, բնականաբար, Երեւանում եւ Ստեփանակերտում ձեւավորել են «գաղափարակիցների թիմեր», որ պետական կառավարման համակարգում զբաղեցրել են ազդեցիկ դիրքեր:
Այդ «ազատագրական պայքարի առաջամարտիկները» նշանակվել են ոչ միայն ուժային կառույցների, այլեւ կրթության, գիտության, մշակույթի ոլորտի ղեկավարներ, տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների եւ ռադիո-հեռուստաընկերությունների ղեկավարներ, նույնիսկ՝ ստեղծագործական միությունների եւ դրանց մասնաճյուղերի նախագահներ, բուհերի ռեկտորներ:
Արդյունքում Արցախում ստեղծվել է այսպես ասած՝ «ցանցային ազդեցության համակարգ», որ վերահսկել է նույնիսկ հանրային բանավոր խոսույթը: Եթե Հայաստանում ընդդիմադիր-այլընտրանքային միտքը որոշ առումներով կարողացել է ինքնությունը պահպանել, ապա Լեռնային Ղարաբաղում այն ի սպառ բացակայել է, ինչը դրսեւորվել է նաեւ քաղաքական եւ պետական կյանքում: Քառասունչորսօրյա պատերազմի պարտության եւ հետագա ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառներից մեկն էլ դա է:

Անշուշտ, վստահելի աղբյուրների իսպառ բացակայության պայմաններում դժվար էր ի մի բերել այն, ինչ պահպանել է հիշողությունը, բայց երկու առումով, կարծում եմ, մեղանչումներ չունեմ. վկայակոչված ոչ մի փաստ մտացածին չէ, որեւէ գործչի անձնական վերագրում չեմ արել: Խանգարել է այն, որ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում են: Հուսամ, որ նրանք կհայրենադարձվեն եւ «սպիտակ տողերը» լրացնելու բարոյական իրավունք կունենամ:
Վահրամ Աթանեսյան
ՄԱՍ 107 Եվ ՎԵՐՋ
