2026 թվականի աշնանից Հայաստանում ամբողջությամբ գործարկվելու է կենսաչափական նոր համակարգը, և քաղաքացիները կկարողանան ստանալ նոր սերնդի նույնականացման քարտեր ու անձնագրային ծառայություններ։
Արփինե Սարգսյան
Լուրեր‑ը զրուցել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացն ու երկրի ներքին անվտանգային բարեփոխումները։ Նախարարը շեշտում է, որ Հայաստանը ներկայումս միակ պետությունն է, որի հետ ԵՄ‑ն վարում է նման ակտիվ երկխոսություն, և կանխատեսում է, որ կենսաչափական նոր ենթակառուցվածքների ներդրմամբ գործընթացը կարող է հաջողությամբ հանգուցալուծվել առաջիկա երկու-երեք տարում։ Զրույցի ընթացքում հերքվում են հանցավորության աճի վերաբերյալ մեդիա մանիպուլյացիաները՝ փաստելով հանցագործությունների ընդհանուր թվի նվազում և սպանության դեպքերի լիարժեք բացահայտում։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանընշեց, որ Եվրամիության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարի այցը կարևոր փուլ էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար։ Նրա խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ այդ պաշտոնում գտնվող հանձնակատարը այցելում է Հայաստան, և հանդիպումները հնարավորություն են տվել հստակեցնել վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի առաջիկա քայլերն ու ակնկալիքները։ Սարգսյանը ընդգծեց, որ ներկայումս Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրոպական միությունը ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով, ինչը, ըստ նախարարի, ոչ միայն կարևոր գնահատական է, այլև մեծ պատասխանատվություն։ Նրա դիտարկմամբ՝ գործընթացը լիովին իրատեսական է, քանի որ արդեն իսկ իրականացվել են մի շարք համակարգային բարեփոխումներ։
Ներքին գործերի նախարարը նշեց, որ գործընթացը թափանցիկ է պահվում հասարակության համար․գործողությունների ծրագիրը հրապարակվել է նախարարության կայքում՝ թե բնօրինակով, թե հայերեն թարգմանությամբ, որպեսզի քաղաքացիները տեսնեն, թե ինչ քայլեր են նախատեսված և ինչ փուլում է գտնվում Հայաստանը։ Արփինե Սարգսյանը հավելեց, որ մայիսին սպասվում է Եվրոպական միության առաջին գնահատողական զեկույցը, որտեղ, իր խոսքով, հավանաբար կարձանագրվի առաջընթացը։ Նախարար Սարգսյանը կարևորեց մի շարք ուղղություններով կատարված աշխատանքը։ Նրա խոսքով՝ արդեն հստակեցվել են միգրացիայի և քաղաքացիության ծառայության հայեցակարգային մոտեցումները, մշակվում են սահմանների համալիր կառավարման նոր մեխանիզմներ, իրականացվում են անձնական տվյալների պաշտպանության ոլորտի փոփոխություններ։ Միևնույն ժամանակ, նախարարության մանդատի շրջանակում ներդրվում է նոր կենսաչափական ենթակառուցվածք։
Արփինե Սարգսյանը հայտնեց, որ 2026 թվականի աշնանից Հայաստանում ամբողջությամբ գործարկվելու է կենսաչափական նոր համակարգը, և քաղաքացիները կկարողանան ստանալ նոր սերնդի նույնականացման քարտեր ու անձնագրային ծառայություններ։ Նրա խոսքով՝ սա շոշափելի արդյունք է, որը քաղաքացիները անմիջապես կզգան։ Ներքին գործերի նախարարը ընդգծեց, որ վիզաների ազատականացումը միայն ճանապարհորդության մասին չէ․ այն ներառում էնաև հանրային անվտանգության, սահմաններիկառավարման, մարդու իրավունքներիպաշտպանության և կազմակերպվածհանցավորության դեմ պայքարի ոլորտները։ Նրա համոզմամբ՝ Եվրոպական միությունը պետք է վստահ լինի, որ ազատ տեղաշարժի դեպքում անվտանգության ռիսկերը նվազագույն են։
Սարգսյանը հատուկ կարևորեց սահմանների համալիր կառավարման բարեփոխումները։ Նրա խոսքով՝ նոր համակարգը թույլ կտա ճանաչել Հայաստան մուտք գործող յուրաքանչյուր անձի և արդյունավետ կառավարել հնարավոր ռիսկերը։ Նա նշեց, որ այս նպատակով վերափոխվում են նաև սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգերը և բնակչության պետական ռեգիստրը։ Հանրային անվտանգության մասին խոսելիս Արփինե Սարգսյանը անդրադարձավ հանցավորության թեմային և ասաց, որ հաճախ մեդիայում ստեղծվում է իրականությանը չհամապատասխանող պատկեր։ Նրա խոսքով՝ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2025 թվականին հանցավորությունը նվազել է մոտ 3,2 տոկոսով, այդ թվում՝ նվազել են մարդու դեմ ուղղված որոշ հանցագործություններ։

Նախարար Սարգսյանը նաև նշեց, որ սպանությունների վերաբերյալ քննարկումները հաճախ ներկայացվում են չափազանցված ձևով։ Նրա տվյալներով՝ 2025 թվականին արձանագրվել է 50 սպանության դեպք, մինչդեռ 2024-ին այդ թիվը եղել է 45։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ յուրաքանչյուր սպանություն ողբերգություն է պետության համար, և իրավապահ համակարգը փորձում է կանխարգելել նման դեպքերը։
Արփինե Սարգսյանը կարևորեց նաև օպերատիվ աշխատանքի դերը։ Նա ասաց, որ 2025 թվականին իրավապահ մարմինները կանխել են 12 սպանության նախապատրաստություն, մինչդեռ նախորդ տարիներին այդպիսի դեպքերը եղել են ընդամենը մեկ կամ երկու։ Նախարարի խոսքով՝ սա թույլ է տվել փրկել մարդկանց կյանքեր։ Ներքին գործերի նախարարը նշեց, որ սպանությունների մեծ մասը պլանավորված հանցագործություններ չեն, այլ առաջանում են կենցաղային կամ հուզական կոնֆլիկտներից։ Նրա գնահատմամբ՝ հայհոյանքից կամ վեճից սկսվող բախումները հաճախ վերածվում են բռնության, ինչը կապված է նաև հասարակության մեջ տարիներով ձևավորված բռնության մշակույթի հետ։
Սարգսյանը կարծում է, որ այդ երևույթը կապված է նաև քրեական ենթամշակույթի երկարատև ազդեցության հետ։ Նրա խոսքով՝ հասարակության մի հատվածում դեռ պահպանվում է այն պատկերացումը, որ խնդիրները պետք է լուծվեն ոչ թե օրենքի, այլ «հեղինակությունների» միջոցով, և այդ մտածողության փոփոխությունը ժամանակ է պահանջում։ Նախարար Սարգսյանը անդրադարձավ նաև ապօրինի զենքի շրջանառության խնդրին։ Նա նշեց, որ պատերազմից և տեղահանությունից հետո նման ռիսկերը բնորոշ են շատ երկրների համար։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները շարունակաբար փորձում են շրջանառությունից դուրս բերել ապօրինի զենքերը և քաղաքացիներին կոչ են անում դրանք կամավոր հանձնել պետությանը։
Անցած տարվա ընթացքում իրավապահները 42 տոկոսով ավելի շատ զենք են առգրավել, քան նախորդ տարի, սակայն ըստ օպերատիվ տվյալների՝ ապօրինի զենքի իրական ծավալը դեռ ավելի մեծ է, և աշխատանքը շարունակվելու է։
Նախարար Սարգսյանը նաև անդրադարձավ կրակոցների մասին տարածվող լուրերին՝ նշելով, որ հաճախ դրանք ներկայացվում են աղմկահարույց ձևով։ Նրա խոսքով՝ որոշ դեպքերում խոսքը ոչ թե հրազենի, այլ օրինակ օդաճնշիչ ատրճանակների կամ խուլիգանության դեպքերի մասին է, որոնք ներկայացվում են որպես ծանր հանցագործություններ։ Ներքին գործերի նախարարն ընդգծեց, որ ընդհանուր օպերատիվ իրավիճակը Հայաստանում վերահսկելի է։ Նա նշեց, որ կան թե՛ հաջողություններ, թե՛ խնդիրներ, սակայն իրավապահ համակարգը հետևողականորեն աշխատում է դրանց լուծման ուղղությամբ։
Արփինե Սարգսյանը նաև անդրադարձավ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։ Նրա խոսքով՝ նախարարությունը փոխել է ռազմավարությունը և կենտրոնացել է ոչ թե մանր դեպքերի, այլ մեծ խմբաքանակների ներմուծման և արտադրության շղթաների բացահայտման վրա։ Նա հայտնեց, որ անցած տարվա ընթացքում առգրավվել է շուրջ 768 կիլոգրամ թմրամիջոց, ինչը մոտ 80 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Նախարար Սարգսյանը նշեց նաև անչափահասների հետ տարվող կանխարգելիչ աշխատանքի կարևորությունը։ Նրա համոզմամբ՝ այստեղ մեծ դեր ունեն ոչ միայն իրավապահ մարմինները, այլև դպրոցները, ուսուցիչները, համայնքները և ընտանիքները։
Ամփոփելով՝ Արփինե Սարգսյանը ասաց, որ հանցավորության նվազումը հնարավոր կլինի դարձնել կայուն միտում միայն այն դեպքում, երբ իրավապահ համակարգի աշխատանքը զուգակցվի ինստիտուցիոնալ բարեփոխումներով և հասարակության մտածողության փոփոխությամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
