Այդքանից հետո միանշանակ պնդել, որ Դաշնակցությունը կարող է «արտոնել», որպեսզի քիուեսթյան «նոր ձեւավորվող փաթեթն» իրականացվի, նշանակում է կուսակցության մարմիններին ծանուցել, որ Բյուրոն կարգավորման այդ տարբերակին արդեն իսկ համաձայնություն է տվել։
Վահրամ Աթանեսյան
Մաս 27
«Մենք ի վիճակի ենք թե՛ թույլատրելու, եւ թե՛ խանգարելու հարցի կարգավորման այս (քիուեսթյան) տարբերակը, սակայն պահի թելադրանքն է՝ լինել աչալուրջ, քանզի բոլոր պարագաներում մենք պատասխանատու ենք երկրի եւ ժողովրդի վաղվա համար»,- 2001 թվականի ապրիլի 16‑ի դրությամբ, երբ կուսակցության մարմիններին էր ներկայացնում իր Շրջաբերականը, իրավիճակն այսպես է ներկայացրել ՀՅԴ Բյուրոն:
«Երկրի եւ ժողովրդի վաղվա համար պատասխանատվությունը» եւ «պահի թելադրանքն է՝ լինել աչալուրջ» ձեւակերպումները տվյալ դեպքում կարելի է համարել «ուղեկցող»: Դաշնակցության Բյուրոյի հիմնական ասելիքը չափազանց հստակ եւ, դրանով հանդերձ, խիստ պատասխանատու է. «Մենք ի վիճակի ենք թե թույլատրելու եւ թե խանգարելու հարցի կարգավորման այս տարբերակը»:
Մինչ այդ Շրջաբերականի հեղինակները մի քանի անգամ «թեական» հարցադրումներ են արել, թե արժե՞ աջակցություն հայտնել ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան «նոր ձեւավորվող փաթեթին», երբեմն տատամսկել են, թե արդյոք աջակցությունը չի՞ բերի Դաշնակցության վարկանիշային կորուստների, որոշ դեպքերում ակնարկել են, թե չեն կարող գործող իշխանություններին ընդդիմանալ այնպես, ինչպես վարվում էին Տեր-Պետրոսյանի դեմ քարոզչություն եւ բողոքի զանգվածային ցույցեր կազմակերպելիս:
Այդքանից հետո միանշանակ պնդել, որ Դաշնակցությունը կարող է «արտոնել», որպեսզի քիուեսթյան «նոր ձեւավորվող փաթեթն» իրականացվի, նշանակում է կուսակցության մարմիններին ծանուցել, որ Բյուրոն կարգավորման այդ տարբերակին արդեն իսկ համաձայնություն է տվել եւ Հայաստանի իշխանություններին լիովին վստահեցրել, որ նույնիսկ հակաքարոզչություն չի իրականացնելու:
Բայց ու՞մ անունից է ՀՅԴ‑ն Բյուրոն «արտոնել», որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորվի քիուեսթյան «նոր ձեւավորվող փաթեթի» հիման վրա: Կուսակցական շարքերը տեղյա՞կ էին քիուեսթյան բանակցություններին, Դաշնակցության կոմիտեությունները խնդիրը քննարկե՞լ էին: Որքանով հայտնի է, քիուեսթյան «փաթեթը» Դաշնակցության մարմինների կողմից քննության է առնվել Բյուրոյի խնդրո առարկա Շրջաբերականի տարածումից հետո:

Տվյալ դեպքում ակնառու է մի հանգամանք. ՀՅԴ Բյուրոն, կարծես, կուսակցության մարմիններին իրազեկում է սկզբունքորեն նոր իրավիճակի մասին, որտեղ կարեւորը Դաշնակցության դիրքորոշումն է: Դաշնակցությունը կարող է «արտոնել», այսինքն՝ թույլ տալ, որ իշխանությունները քիուեսթյան «նոր ձեւավորվող փաթեթի» հիման վրա գնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Ո՞րն է այս չափազանց հավակնոտ կեցվածքի աղբյուրը:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
