Հայաստանում իրականում Ղարաբաղյան նոր շարժում չի սկսվի։ Ընդդիմության որոշ շրջանակներում այդ թեման ավելի շատ իմիտացիա է։ Դրա հիմնական պրագմատիկ նպատակն է ընտրությունների ժամանակ ձայներ հավաքելը, հատկապես Արցախից տեղահանվածների շրջանում։
Վահրամ Աթանեսյան
1inTV‑ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է պատերազմի և խաղաղության դիլեման՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ։ Վերլուծվում է Ղարաբաղյան Շարժման վերսկսման անիրատեսական լինելը ժամանակակից պայմաններում՝ շեշտելով, որ ընդդիմության կողմից այդ թեմայի շահարկումը սոսկ նախընտրական մանիպուլյացիա է և Արցախից բռնատեղահանվածների քվեները ստանալու փորձ։ Քննադատվում է Ռուսաստանի կողմից առաջարկվող «հումանիտար օգնությունը»՝ այն որակելով որպես քաղաքական հավաքագրման և ներքին գործերին միջամտելու գործիք, որը նպատակ ունի խաթարել Հայաստանի ինքնիշխանությունը։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ վարչապետի խոսքում առանձնապես նոր բան չկա․ նրա խոսքով՝Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ չէ, որ հրապարակայնորեն ներկայացնում է այդ տեսակետը, և հասարակությունն ու քաղաքական ուժերը վաղուց տեղյակ են այդ գաղափարախոսությանը։ Աթանեսյանի կարծիքով՝հարցը, ըստ էության, ընտրության հարց է․Հայաստանի քաղաքացին առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է որոշի՝ ում է վստահելու կառավարություն ձևավորելու և առաջիկա տարիներին երկրի գործադիր իշխանությունն իրականացնելու մանդատը։
Աթանեսյանը նաև ընդգծեց, որ Ղարաբաղյան Շարժման վերսկսման համար այսօր ոչ միայն անհրաժեշտություն չկա, այլև հանրային պահանջ չկա։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է հատկապես Հայաստանի քաղաքացուն։ Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ այլևս գոյություն չունի այն միջավայրը, որն առաջացրել էր Ղարաբաղյան Շարժումը 1988 թվականին։ Նա հիշեցրեց, որ շարժման գաղափարական նախադրյալները կարելի է տեսնել նաև 1965 թվականի երևանյան հանրահավաքում, երբ հնչել էր «մեր հողերը տվեք մեզ» կարգախոսը, սակայն այսօր այդպիսի միջավայր չկա։
Վահրամ Աթանեսյանը բացատրեց, որ 1988 թվականին շարժումը տեղի էր ունենում Խորհրդային Միության շրջանակներում և ուներ որոշակի իրավական հիմք։ Նրա խոսքով՝ ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան հոդվածը թույլ էր տալիս հանրապետությունների միջև սահմանների փոփոխություն, եթե կողմերը համաձայնություն տային։ Այդ հիմքով էր, որ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը դիմել էր Հայաստանի, Ադրբեջանի և ԽՍՀՄ գերագույն խորհուրդներին՝ խնդրելով քննարկել մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հարցը։ Սակայն, ըստ Աթանեսյանի, այսօր այդ իրավական միջավայրը գոյություն չունի, և անհասկանալի է, թե ինչ հիմքի վրա կարող է կառուցվել «նեո-ղարաբաղյան շարժումը»։
Քաղաքական վերլուծաբանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում իրականում Ղարաբաղյան նոր շարժում չի սկսվի։ Նրա կարծիքով՝ ընդդիմության որոշ շրջանակներում այդ թեման ավելի շատ իմիտացիա է։ Աթանեսյանի դիտարկմամբ՝ դրա հիմնական պրագմատիկ նպատակն է ընտրությունների ժամանակ ձայներ հավաքելը, հատկապես Արցախից տեղահանվածների շրջանում։ Նա նշեց, որ խոսքը կարող է լինել մոտավորապես 20–30 հազար ձայնի մասին, որի վրա ընդդիմությունը կարող է քաղաքական հաշվարկ կատարել։ Սակայն, ըստ նրա, նման մոտեցումը բարոյական չէ, քանի որ նույն մարդկանց երկրորդ կամ երրորդ անգամ օգտագործելը քաղաքական նպատակների համար անընդունելի է։

Անդրադառնալով վարչապետի ձևակերպմանը՝ Վահրամ Աթանեսյանը ասաց, որ «խաղաղության կուսակցության» և «պատերազմի կուսակցության» մասին սահմանազատումը քաղաքական առումով բավական ճշգրիտ է։ Նրա կարծիքով՝ Հայաստանի քաղաքացին ընտրության առաջ է՝ խաղաղ ապագայի և անկայուն ներկայի միջև։ Աթանեսյանը նշեց, որ ընտրողը պետք է գիտակցի իր քվեի արժեքը և հասկանա, որ որոշ ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկելով՝ կարող է ընտրել ևս մի քանի տարվա անկայունություն։ Քաղաքական վերլուծաբանը նաև քննադատեց այն մոտեցումները, որոնք խաղաղությունը ներկայացնում են որպես անարժանապատիվ տարբերակ։ Նրա խոսքով՝ պատերազմական մշտական սպառնալիքի պայմաններում ապրելն ավելի անարժանապատիվ է, երբ մարդիկ ստիպված են մտածել իրենց երեխաներին երկրից դուրս ուղարկելու մասին։
Աթանեսյանը անդրադարձավ նաև Հայաստանի Սահմանադրության նախաբանի խնդրին՝ նշելով, որ այնտեղ առկա է հղում 1990 թվականի Անկախության հռչակագրին։ Նրա կարծիքով՝ այդ հանգամանքը իրավական առումով կարող է դիտարկվել որպես տարածքային հավակնություն Ադրբեջանի նկատմամբ, քանի որ հռչակագրի մեկնաբանությամբ Արցախը ներկայացվում է որպես Հայաստան։ Վերլուծաբանը նշեց, որ նման իրավիճակում Ադրբեջանը դժվար թե ցանկանա ստորագրել խաղաղության պայմանագիր։
Վահրամ Աթանեսյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը սկզբում սեփական նախաձեռնությամբ չի գնացել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, և պետք է հասկանալ, թե ինչ գործոններ են նրան ստիպել անել այդ քայլը։ Միաժամանակ նա նկատեց, որ Հայաստանում որոշ քաղաքական շրջանակներ սխալ են ներկայացնում իրավիճակը՝ պնդելով, թե Ադրբեջանը պայմանագիրը չի ստորագրում, քանի որ ցանկանում է ավելի շատ բան ստանալ Հայաստանից։
Քաղաքական վերլուծաբանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի նախագիծը, ըստ էության, արդեն նախաստորագրված է, և այն այլևս չի ենթարկվում փոփոխության։ Նրա խոսքով՝ այն կամ պետք է ստորագրվի և վավերացվի, կամ կուղարկվի արխիվ, ինչը կնշանակի վերադարձ դիմակայության ռեժիմին։
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ Հայաստանը պետք է հաշվի առնի նաև Մերձավոր Արևելքում հնարավոր զարգացումները։ Նրա խոսքով՝ եթե տարածաշրջանում ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի և Հայաստանը չունենա խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ կամ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, երկրի դիրքը կարող է շատ ավելի բարդ լինել։
Աթանեսյանը նաև խոսեց Ռուսաստանի քաղաքականության մասին՝ նշելով, որ Մոսկվան հաճախ փորձում է տարածաշրջանային հակամարտությունները օգտագործել սեփական ազդեցությունը պահպանելու համար։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը երկար տարիներ կառուցել է հարաբերությունները այն սկզբունքով, որ իր ասածը պետք է ընդունվի որպես ճշմարտություն, իսկ ցանկացած առարկություն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ։
Վահրամ Աթանեսյանը ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինի սեփական անվտանգության ապահովումը՝ առանց հարևանների հաշվին։ Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգությունը, բարեկեցությունը և զարգացումը չպետք է կառուցվեն հարևան պետություններին վնասելու հաշվին։
Ամփոփելով՝ Վահրամ Աթանեսյանը ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական ձևավորման մեջ մեծ դեր է ունեցել խորհրդային և հետխորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը։ Նա նշեց, որ տարբեր փուլերում այդ հակամարտությունը օգտագործվել է տարածաշրջանում ազդեցություն պահպանելու նպատակով։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է շատ զգուշորեն գնահատի իրավիճակը և ձգտի այնպիսի լուծումների, որոնք կապահովեն երկրի կայունությունն ու ինքնիշխանությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
