Որքանո՞վ էր ՀՅԴ Բյուրոն տեղյակ բուն բանակցություններին, այս հարցը, թերեւս, ամենակարեւորն է: Բյուրոյի «Շրջաբերականի» տեքստը կառուցված է այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե Դաշնակցության ղեկավար անդամները Հայաստանի իշխանությունների հետ այդ հարցով բազմաթիվ քննարկումներ են ունեցել:
Վահրամ Աթանեսյան
Մաս 28
Արձանագրելով, որ Դաշնակցությունը «պատասխանատու է երկրի եւ ժողովրդի վաղվա օրվա համար», ՀՅԴ Բյուրոն հավելել է, որ «ամեն պարագայի մի գին կա, որ պարտավոր ենք վճարել թե որպես ազգ, թե պետություն եւ թե որպես կացություն»: Դաշնակցությունն, ըստ այդմ, ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան «նոր ձեւավորվող փաթեթի» հիման վրա խնդրի լուծման ճանապարհը մարտահրավեր է դիտում թե՛ համայն հայությանը, թե՛ Հայաստանի պետությանը, թե՛ այն կացությանը, որ գոյություն ուներ առաջին պատերազմից հետո՝ անժամկետ հրադադարի եւ ստատուս-քվոյի տեսքով:
Ի՞նչ գին պիտի վճարեր համայն հայությունը կամ ազգը, այդ մասին ՀՅԴ Բյուրոյի «Շրջաբերականում» մի քանի ոչ այնքան հստակ նշումներ շարադրվել են նախորդիվ: Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ քիուեսթյան կարգավորումը, «աչքառու առավելություն ունենալով» նախորդների նկատմամբ, այնուամենայնիվ չէր լուծում պատերազմի հետեւանքով հայկական հսկողությանն անցած բոլոր տարածքների նկատմամբ Հայաստանի իրավազորության պահպանման հարցը: Այդպիսով Դաշնակցությունը ստիպված էր ընդունել, որ ղարաբաղյան կարգավորումը միջազգայնորեն չի դիտարկվում իբր Հայ դատի բաղկացուցիչ եւ կարեւոր հանգրվան, որ պիտի հետագա վերագտնումների հարթակ եւ հիմք հանդիսանար:
Խոսելով ազգի կողմից «գին վճարելու անհրաժեշտությունից», ՀՅԴ Բյուրոն, ամենայն հավանականությամբ, ակնարկում էր, որ աշխարհասփյուռ հայությունը պետք է համակերպվի քաղաքական իրողությունների հետ:
Ի՞նչ գին էր վճարելու Հայաստանը՝ որպես պետություն: Առաջին հերթին, դա, անկասկած, նախկին ԼՂԻՄ‑ի շուրջ ադրբեջանական տարածքների Ադրբեջանին վերադարձն էր:
Որպես պետություն Հայաստանը անկախություն է հռչակել ՀԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին որոշման հիմքով: Քիուեսթյան «նոր ձեւավորվող» փաթեթը, կարծես, այդ իրողությունը ճանաչում էր, բայց ազատագրված տարածքների խնդիրը չափազանց զգայուն էր: Դաշնակցությունը, երեւի, իր բաժին պատասխանատվությունն էր ստանձնում՝ կանխելու ներքաղաքական որեւէ սրացում:
Դա բավական համարձակ պատասխանատվություն էր: Ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի պատգամախոս կուսակցությունը կոնկրետ իրավիճակում պարտավորվում էր բավարարվել Հայաստան-նախկին ԼՂԻՄ‑ի հայկական մասի միավորումով, որ ենթադրաբար պիտի իրականացվեր Լաչինի շրջանի մի հատված նույնպես հայական իրավազորությանը թողնելու միջոցով:
Որքանո՞վ էր ՀՅԴ Բյուրոն տեղյակ բուն բանակցություններին, այս հարցը, թերեւս, ամենակարեւորն է: Բյուրոյի «Շրջաբերականի» տեքստը կառուցված է այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե Դաշնակցության ղեկավար անդամները Հայաստանի իշխանությունների հետ այդ հարցով բազմաթիվ քննարկումներ են ունեցել: Դա, սակայն, երաշխիք չէ, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը կամ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, դիցուք, Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին իրազեկել են քիուեսթյան բանակցությունների նրբություններին:
Իսկ եթե հակառակն է եղել, ուրեմն պիտի արձանագրեք, որ Դաշնակցությունը չափազանց լավատես է գտնվել ղարաբաղյան հայանպաստ կարգավորման հարցում: Այդ լավատեսությունը «Շրջաբերականի» որոշ հատվածներում հասել է նույնիսկ ոգեւորության: Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
