CEPA համաձայնագրի շրջանակում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր։ Աջակցություն է տրամադրվում պետական կառավարման կարողությունների զարգացմանը, սոցիալական ծառայություններին, առողջապահությանը և մասնավոր հատվածին։ Իրականացվող ծրագրերը նպաստում են աշխատատեղերի ստեղծմանը և բիզնես միջավայրի զարգացմանը։
Վասիլիս Մարագոս
FactorTV‑ն զրուցել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ զարգացումներն և ապագա հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել բարձրաստիճան պաշտոնյաների այցերին, վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսության և Հայաստանի դիմակայունությանն ու տնտեսական բազմազանեցմանն ուղղված ֆինանսական աջակցության ծրագրերին։ Դեսպանն ընդգծում է ժողովրդավարական բարեփոխումների և ենթակառուցվածքային կապակցվածության կարևորությունը, միաժամանակ պարզաբանելով ԵՄ‑ի չեզոք դիրքորոշումը ներքաղաքական հարցերում և պատրաստակամությունը՝ աջակցելու ընտրական գործընթացների ամբողջականությանը։
Վասիլիս Մարագոսը նշեց, որ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարի այցը կարևոր նշանակություն ունի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար։ Նրա խոսքով՝ այցը տեղի է ունենում առաջիկա գագաթնաժողովից առաջ և ուղղված է տարբեր ոլորտներում երկխոսության խորացմանը՝ հատկապես դիմակայունության և տնտեսական աճի ծրագրերի շրջանակում։ Նա ընդգծեց, որ Եվրամիությունը ներդրումներ է իրականացնում Հայաստանի տնտեսական բազմազանեցման, սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանային խաղաղության ուղղությամբ։
Դեսպանը նշեց, որ կարևոր ուղղություններից է նաև վիզաների ազատականացման գործընթացը, որը, նրա գնահատմամբ, էական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար։ Նրա խոսքով՝ այս գործընթացը վերաբերում է ոչ միայն ազատ տեղաշարժին, այլ նաև զբոսաշրջությանը, բիզնեսին, կրթությանը և մարդկանց միջև կապերի խորացմանը։ Նա դիտարկեց, որ եթե բարեփոխումների ընթացքը պահպանվի, ապա առանց վիզայի ռեժիմը կարող է դառնալ իրատեսական։ Վասիլիս Մարագոսը ընդգծեց, որ գործընթացը պայմանավորված է հստակ հենանիշների կատարմամբ։ Նա նշեց, որ իրականացվող բարեփոխումները վերաբերում են իրավունքի գերակայությանը, սահմանների կառավարմանը, անձնական տվյալների պաշտպանությանը և կենսաչափական փաստաթղթերի ներդրմանը։ Նրա խոսքով՝ երբ այդ պայմանները լիարժեք բավարարվեն, հնարավոր կլինի անցնել առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
Դեսպանը նաև անդրադարձավ առաջիկա Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին՝ նշելով, որ այն կարևոր հարթակ կլինի համագործակցության խորացման համար։ Նրա կարծիքով՝ Հայաստանում նման միջոցառումների անցկացումը ցույց է տալիս երկրի նկատմամբ միջազգային հետաքրքրվածությունը և նպաստում է նրա դիրքի ամրապնդմանը միջազգային ասպարեզում։
Նա նշեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում պայմանավորված չէ ներքաղաքական գործընթացներով, այլ ավելի վաղ ընդունված որոշմամբ։ Նրա գնահատմամբ՝ դա արտացոլում է գործընկերության խորացումը և համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
Մարագոսը անդրադարձավ նաև ընտրական գործընթացներին աջակցությանը՝ նշելով, որ Եվրամիության աջակցությունը տեխնիկական բնույթ է կրում և նպատակ ունի ամրապնդել ինստիտուտների կարողությունները։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է հիբրիդային սպառնալիքների, կիբերհարձակումների և արտաքին միջամտության հնարավոր ռիսկերի կանխարգելմանը։ Նա ընդգծեց, որ սա միջամտություն չէ, այլ աջակցություն՝ ուղղված ազատ և արդար ընտրությունների ապահովմանը։
Դեսպանը նշեց, որ Եվրամիությունը համագործակցում է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ և չի ներգրավվում ներքին քաղաքական պայքարում։ Նրա կարծիքով՝ ժողովրդավարության հիմքում քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է, և կարևոր է, որ ընտրողները լինեն տեղեկացված և մասնակցեն քվեարկությանը։

Վասիլիս Մարագոսը նաև խոսեց մարդու իրավունքների և իրավական համակարգի մասին՝ նշելով, որ կան ոլորտներ, որտեղ բարելավման կարիք կա։ Նա առանձնացրեց հատկապես մինչդատական գործընթացների հետ կապված խնդիրները և ընդգծեց, որ այդ հարցերը քննարկվում են կառավարության հետ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը աջակցում է բարեփոխումներին՝ տեխնիկական և ինստիտուցիոնալ մակարդակներում։ Եվրամիությունը չի տալիս քաղաքական գնահատականներ կոնկրետ դեպքերի վերաբերյալ, սակայն կարևորում է իրավունքի գերակայության պահպանումը։ Նրա դիտարկմամբ՝ ոչ ոք օրենքից վեր չէ, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է մշտադիտարկել մարդու իրավունքների պաշտպանությունը և պետական ինստիտուտների գործելակերպը։
Դեսպանը նաև անդրադարձավ տնտեսական համագործակցությանը՝ նշելով, որ CEPA համաձայնագրի շրջանակում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր։ Նրա խոսքով՝ աջակցություն է տրամադրվում պետական կառավարման կարողությունների զարգացմանը, սոցիալական ծառայություններին, առողջապահությանը և մասնավոր հատվածին։ Նա ընդգծեց, որ իրականացվող ծրագրերը նպաստում են աշխատատեղերի ստեղծմանը և բիզնես միջավայրի զարգացմանը։
Մարագոսը նշեց, որ Եվրամիությունը աջակցում է նաև ենթակառուցվածքների և էներգետիկ ոլորտի զարգացմանը։ Նա դիտարկեց, որ տարածաշրջանային կապակցվածության ծրագրերը, ներառյալ էլեկտրահաղորդման ցանցերի զարգացումը, կարևոր նշանակություն ունեն Հայաստանի էներգետիկ ներուժի մեծացման և արտահանման հնարավորությունների ընդլայնման համար։
Վերջում նա ընդգծեց, որ Եվրամիության նպատակը Հայաստանի հետ գործընկերության խորացումն է և երկրի մոտեցումը եվրոպական չափանիշներին։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը միտված է Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը և ավելի ժողովրդավարական ու զարգացած պետության ձևավորմանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
