Փաշինյանը «լավ առաջնորդ» չի խաղում եւ սոցիալ-կենցաղային հարցերում մարդկանց անհատական խոստումներ չի տալիս:
Վահրամ Աթանեսյան
Նիկոլ Փաշինյանը Երեւանի փողոցներում «արժանի» վերաբերմունքի է արժանացել: Այդ մասին գրել է «Հրապարակը» եւ վկայակոչել քաղաքացու, որ Փաշինյանին ասել է, թե չէր պատկերացնում, որ «օրը կփչանա նրա հետ հանդիպմամբ»: Բացառված չէ, որ այլ քաղաքացիներ նույնպես նրա հասցեին «հաճոյախոսություններ» արել են: Բայց կարեւորը դա չէ, այլ՝ որ Փաշինյանը կոտրել է ընդդիմության քարոզչությունը, թե «ուրախ ավտոբուսը Երեւանում չի շրջի», քանի որ մայրաքաղաքում նրա «հակառեյտինգը ամենից բարձրն է»:
Երկրորդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը նախօրեին ռուսաստանյան հեռուստաընկերություններից մեկին հարցազրույցում պատկերել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, երբ իշխանությունը «կհավաքի ամենամեծ թվով քվեներ, մոտավորապես երեսունհինգ տոկոս, իսկ մնացածը բաժին կհասնի ընդդիմությանը, եւ նա Գյումրիի օրինակով կձեւավորի իշխանություն»:
Մարզերում եւ հատկապես Երեւանում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ցրում են այդ նարատիվը: Ընդ որում, այն, ինչ ընդդիմությունը ներկայացնում է որպես նրա «ֆիասկո»,-իսկ խոսքը քննադատաբար տրամադրված քաղաքացիների այդ հանդիպումներին ելույթների մասին է,-իրականում ՔՊ կուսակցության հաջողությունն է: Դա վկայում է, որ Փաշինյանին եւ նրա թիմին աջակցություն ցուցաբերողները նույնքան անկեղծ են, որքան՝ նրա քննադատները:

Եւ քանի որ աջակցողների թիվն անհեմեմատ մեծ է, ուրեմն գոնե այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության առնվազն համակրանքը: Ոչինչ, իհարկե, կանխորոշված չէ: Շատ բան կախված է նրանից, թե Փաշինյանը եւ նրա թիմն ինչքանով կկարողանան պահել «նշաձողը» եւ ռեսուրսային ձեռքբերումներ ունենալ: Այս առումով հարկ է արձանագրել մի կարեւոր հանգամանք եւս. Փաշինյանը «լավ առաջնորդ» չի խաղում եւ սոցիալ-կենցաղային հարցերում մարդկանց անհատական խոստումներ չի տալիս:
Սա չափազանց կարեւոր է: Հայաստանում ընտրությունները ավանդաբար «հարց լուծելու» հնարավորություն են եղել: Եթե Փաշինյանին հաջողվի մինչեւ վերջ մնալ «ես անհատական օգնության միջոցներ չունեմ» դիրքորոշման, ապա հունիսի 7‑ի քվեարկությունը բացառապես քաղաքական լինելու հնարավորությունը զգալիորեն կմեծանա: Իսկ Հայաստանի ապագան մեծապես կախված է դրանից:
Վահրամ Աթանեսյան
