Պուտինը չի փոխվել, տարածաշրջանում Ռուսաստանի շահերը մնացել են նույնը՝ միայն թե հայ-ադրբեջանական սահմանին կամ դրան մերձ տարածքներում «երաշխավորի» ռազմական ներկայությունը ապահովվի:
Վահրամ Աթանեսյան
Ընդդիմության պնդումը, որ Հայաստան-Ադրբեջան «խաղաղությունը երաշխավորի կարիք ունի», ոչ այլ ինչ է, քան հայ-ադրբեջանական կարգավորմանը Ռուսաստանին ներգրավելու նպատակադրվածության պարզորոշ ձեւակերպում: Այս քարոզչությունը վկայում է, որ այն գեներացնող ուժերը եւ անհատները, մեղմ ասած, Ադրբեջանը չեն ճանաչում: Նախ, այդ երկրի «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտում միանշանակորեն ընդգծված է, որ Ադրբեջանը «երկու անգամ՝ 1828 եւ 1920թ.-ին օկուպացվել է ցարական եւ բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից»:
Երկրորդ, Ադրբեջանի սահմանադրությամբ երկրի տարածքում օտարերկրյա ռազմական ներկայությունը արգելված է: Երրորդ, Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված պայմանագրով կողմերը պարտավորվում են մեկը մյուսի հետ սահմանին օտար ռազմական ուժեր չտեղակայել: Իսկ մտածել, թե Ռուսաստանը հայ-ադրբեջանական խաղաղությունը «երաշխավորելու է, բայց Հայաստան-Ադրբեջան սահմանին իր զինված ուժերը տեղաբաշխելու նպատակ չի հետապնդելու», պարզապես միամտություն է:
Ընդդիմության ներկայացուցիչներից մեկը վստահեցնում է, որ Ռուսաստանի միջնորդությունը անհրաժեշտ է, քանի որ «միայն նրա ունեցած քարտեզներով է հնարավոր իրականացնել ճիշտ եւ արդարացի սահմանազատում-սահմանագծում»: Մոսկվան այս թեզը պնդում է 2021թվականից ի վեր, բայց Ադրբեջանը մշտապես մերժել է հայ-ադրբեջանական սահմանի որոշարկման հարցում Ռուսաստանի «խորհրդատվական օգնությունը»:

Խնդիրը խաղաղության եւ հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված պայմանագրով իրավական կարգավորում ստացել է: Կողմերը փոխադարձաբար ճանաչել են, որ Խորհրդային Միության փլուզման հետեւանքով այդ պահի դրությամբ գոյություն ունեցած սահմանները ստացել են միջազգային ճանաչում: Պարզ ասած, Հայաստանը տարածքի եւ սահամանների իմաստով նախկին ՀԽՍՀ‑ն է, Ադրբեջանը՝ Ադր. ԽՍՀ‑ն: Այնպես որ, քաղաքական կամքի առկայության դեպքում ԽՍՀՄ ԳՇ քարտեզների օգնությանը դիմելու կարիք չի լինի:
Հայաստանը եւ
Ադրբեջանը ժամանակին ընդունել են «Վարչատարածքային բաժանման մասին» ազգային օրենքներ, որ կից ունենա սահմանանշման հավելվածներ:
Ի վերջո, չպետք է մոռանալ Ռուսաստանի նախագահ Պուտինի այն հայտարարությունը, որ հայ-ադրբեջանական սահմանագծման համար «մի կիլոմետր՝ այս կողմ, հինգ կիլոմետր՝ այն կողմ, էական չէ, կարեւորը՝ որ սահմանազատումը տեղի ունենա»:
Պուտինը չի փոխվել, տարածաշրջանում Ռուսաստանի շահերը մնացել են նույնը՝ միայն թե հայ-ադրբեջանական սահմանին կամ դրան մերձ տարածքներում «երաշխավորի» ռազմական ներկայությունը ապահովվի:
Բայց խնդիրն ավելի խորքային է, քան կարող է մատուցվել: Բանն այն է, որ «երաշխավորի» դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լիարժեք խաղաղություն պարզապես չի կարող լինել: Դա կլինի «կոնֆլիկտի սառեցում», սահմանը կմնա «վերահսկելի ռազմականացված գոտի»՝ դրանից բխող բոլոր, առաջին հերթին՝ կոմունիկացիոն վերահսկելիության, հետեւանքներով: Կասկածել հակառակ կողմի քաղաքական կամքին, ինքնին նշանակում է պատրաստ չլինել նրա հետ փոխադարձ վստահության:
Հայաստանյան ընդդիմությունը ներշնչում է, որ «Ալիեւը կանգ չի առնելու»:
Ալիեւը կարող է «կանգ չառնել» նաեւ «երաշխավորի» ներկայության դեպքում: Ալիեւը պայմանագիր է նախաստորագրել: Դա միջազգային պարտավորություն է, որ պետք է վերջնական իրավական հաստատում ստանա, Ադրբեջանի իրավա-պայմանագրային պարտավորությունների անքակտելի մաս դառնա: Իհարկե, միջազգային կոնյունկտուրան հարափոփոխ է, ոչ մի պայմանագիր երաշխիք չէ, որ պարտավորվող կողմը մինչեւ վերջ հավատարիմ է մնալու իր ստորագրությանը: Բայց ավելի վտանգավոր է նախաստորագրած պայմանագիրը «վերաբանակցելու» միտումը: Դա հենց Ալիեւի «կանգ չառնելու» հնարավորությունն է, որ նա կարող է համաձայնեցնել հենց «երաշխավորի» հետ:
Վահրամ Աթանեսյան
