Ովքե՞ր են այսօր Նիկոլ Փաշինյանի գաղափարական ընդդիմախոսները եւ քաղաքական հակառակորդները: Այն նույն մարդիկ եւ կուսակցությունները, որ քսան տարի Երեւանում լռեցրել, իսկ Ստեփանակերտում ուղղակի խեղդել են այլակարծության ցանկացած դրսեւորում:
Մուղնի
Ո՞վ է Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի դեմ բռնության փորձ կատարած երիտասարդը: Խոսքը նրա անձնական տվյալների մասին չէ, այլ՝ հանրային, ինչ-որ տեղ՝ նաեւ գաղափարա-քաղաքական սուբյեկտի, ի՞նչ նպատակ է նա հետապնդում: Առաջին հերթին նրա խնդիրը պետական-ազգային բացառիկ կարեւորության հարցի քննարկումից Հայաստանի քաղաքացուն օտարելն է, որպեսզի նա գործադիր իշխանության առաջին դեմքի եւ Ազգային ժողովի մեծամասնական խմբակցության ներկայացուցիչների հետ դեմ առ դեմ չհանդիպի, հարցադրումներ չանի, պատասխաններ չստանա:
Հայաստանը խորթության մի դարաշրջան է ապրել, որ տեւել է ավելի քան երկու տասնամյակ, երբ տեղի են ունեցել նախագահական չորս ընտրություն, սահմանադրական երկու հանրաքվե, խորհրդարանի մի քանի ընտրություններ, բայց քաղաքացու համար պարզ չի եղել, թե իշխանության եկող անձը, կուսակցությունը, կոալիցիան Հայաստանի համար կոնկրետ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի: Բոլորը քողարկել են հարցերի հարցը՝ ինչպե՞ս եւ ե՞րբ է լուծվելու ղարաբաղյան խնդիրը, ե՞րբ է Հայաստանը ապաշրջափակվելու եւ հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու: Ով համարձակվել է այդ մասին կես բերան խոսել, ենթարկվել է իշխանական եւ նրա սպասարկու կուսակցությունների բանադրանքին: Բանը հասել է նրան, որ Ստեփանակերտում առաջարկել են քրեական պատասխանատվության ենթարկել մարդուն, եթե նա կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ-փոխզիջումային կարգավորմանը:

Ովքե՞ր են այսօր Նիկոլ Փաշինյանի գաղափարական ընդդիմախոսները եւ քաղաքական հակառակորդները: Այն նույն մարդիկ եւ կուսակցությունները, որ քսան տարի Երեւանում լռեցրել, իսկ Ստեփանակերտում ուղղակի խեղդել են այլակարծության ցանկացած դրսեւորում: Նրանք գործում են նույն փորձված ձեռագրով՝ վախ սերմանել, վերագրումներ անել, սպառնալ, սադրանքներ հեղինակել, որպեսզի քաղաքացի-իշխանություն երկխոսությունը չկայանա:
Այդ դաշտում նրանք պայքարել չեն կարող, այդտեղ Փաշինյանի հակառակորդները պարտված են: Մնում է պղտորել մթնոլորտը: Ընդդիմադիր մամուլից արդեն «կանխատեսումներ են արվում, որ Փաշինյանը կարող է արտակարգ դրություն մտցնել եւ հետաձգել ընտրությունները»: Պետք է հակառակ իմաստով հասկանալ: Ընդդիմությունը պատրաստ է անընդմեջ սադրանքների եւ այդպիսով հանրային դիմակայություն սադրելու: Այս ընտրությունը նրա համար կենաց-մահու խնդիր է: Պարտվել՝ նշանակում է ընդմիշտ լքել քաղաքական դաշտը: Իսկ դա քաղաքականից ավելի առարկայական մեծ կորուստ է: Փակվում է «հայրենասիրություն» գործարար ծրագիրը:
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
