Եթե պրոռուսական ուժերը նույնիսկ սահմանափակ աջակցությամբ կարողանան ակտիվացնել հետընտրական գործընթացները, ապա հնարավոր են տնտեսական կամ այլ ճնշումներ Հայաստանի նկատմամբ։
Հովսեփ Խուրշուդյան
Radar Armenia‑ն զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում Խուրշուդյանը վերլուծում է Հայաստանի ներքաղաքական լանդշաֆտը՝ կենտրոնանալով ռուսական ազդեցության և առաջիկա ընտրությունների վրա։ Հովսեփ Խուրշուդյանը զգուշացնում է, որ Մոսկվան փորձում է «գործուղված օլիգարխների» և նախկին քրեաօլիգարխիկ համակարգի մնացորդների միջոցով վերահսկողություն հաստատել երկրի վրա և խաթարել Հայաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը։ Հարցազրույցի հիմնական նպատակն է հորդորել քաղաքացիներին մերժել ընտրակաշառքներն ու հիբրիդային պատերազմի գործիքները՝ փոխարենը սատարելով արևմտամետ ժողովրդավարական ուժերի միավորմանը։ Ըստ վերլուծաբանի՝ սա միակ ուղին է կանխելու Հայաստանի վերածումը Ռուսաստանի կամակատար «վասալական պետության» և ապահովելու երկրի անվտանգային ապագան։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ առաջիկա ընտրությունների շուրջ քննարկումները միայն «ընտրվել–չընտրվելու» մասին չեն, այլ առավելապես այն մասին, թե արդյոք ժողովրդավարական ուժերը կկարողանան ստանալ բավարար մեծամասնություն՝ կոալիցիա կազմելու և երկրի քաղաքական ուղղությունը պահպանելու համար։ Նրա խոսքով՝ նման մեծամասնության բացակայությունը կարող է հնարավորություն տալ պրոռուսական ուժերին ակտիվանալ և հետընտրական գործընթացների միջոցով ապակայունացնել իրավիճակը՝ արտաքին միջամտության հիմքեր ստեղծելով։
Վերլուծաբանը դիտարկում է, որ Ռուսաստանում ընդունված օրենքները, որոնք հնարավորություն են տալիս զորք մտցնել այլ երկրներ, ուղերձ էին նաև Հայաստանին՝ զուգորդված վախի մթնոլորտ ստեղծելու փորձերով։ Խուրշուդյանը կարծում է, որ թեև Ռուսաստանը ներկայում չունի նոր լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու բավարար ռեսուրս, այնուամենայնիվ ունի ազդեցության այլ գործիքներ՝ քաղաքական և տեղեկատվական ճնշումներ գործադրելու համար։
Նա ընդգծեց, որ եթե պրոռուսական ուժերը նույնիսկսահմանափակ աջակցությամբ կարողանան ակտիվացնել հետընտրական գործընթացներ, ապա հնարավոր են տնտեսական կամ այլ ճնշումներ Հայաստանի նկատմամբ։ Այդ համատեքստում Հովսեփ Խուրշուդյանը կարևորում է, որ քաղաքացիները ընտրության ժամանակ չաջակցեն նման ուժերին՝ դրանք համարելով երկրի ինքնիշխանության համար վտանգավոր։
Խուրշուդյանը նաև շեշտեց ընտրակաշառքների և կազմակերպված ընտրակեղծիքների վտանգը՝ նշելով, որ տարբեր մեխանիզմներով փորձ է արվում ազդել ընտրողների վրա, այդ թվում՝ ֆինանսական խթաններով և կազմակերպված ցանցերով։ Նրա գնահատմամբ՝ նման գործելաոճը կարող է հանգեցնել պետականության թուլացման և կրկնել անցյալի բացասական փորձը։
Անդրադառնալով «վասալական պետություն» ձևակերպմանը՝ նա կարծում է, որ խոսքը վերաբերում է այնպիսի կառավարման մոդելին, որտեղ Հայաստանը կդառնա արտաքին ուժի շահերը սպասարկող հարթակ՝ կորցնելով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը։

Հիբրիդային պատերազմի վերաբերյալ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այն արդեն ընթացքի մեջ է՝ ապատեղեկատվության, կեղծ լուրերի և տեղեկատվական մանիպուլացիաների տեսքով։ Նրա խոսքով՝ հասարակությունը մշտապես բախվում է կեղծ օրակարգերի, որոնք նպատակ ունեն խեղաթյուրել իրականությունը և ազդել հանրային ընկալումների վրա։
Խոսելով ընդդիմության մասին՝ Խուրշուդյանը տարբերակում է «քաղաքական ընդդիմությունը» և, իր ձևակերպմամբ, նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին։ Նա կարծում է, որ իրական ընդդիմությունը պետք է լինի գաղափարական և ծրագրային, մինչդեռ մյուս խմբերը առաջնորդվում են այլ շահերով։ Ցանկացած քաղաքական ուժ ձգտում է իշխանության, սակայն կարևոր է, թե ինչ ծրագրով և ինչ արժեքներով։ Նրա գնահատմամբ՝ խորհրդարանում մի քանի ժողովրդավարական ուժերի ներկայությունը կարող է բերել կոալիցիոն կառավարման և որոշ քաղաքական ուղղությունների վերանայման։
Նա նաև անդրադարձավ ընդդիմության հնարավոր միավորմանը՝ նշելով, որ նման գործընթացը դեռևս քննարկման փուլում է։ Խուրշուդյանը կարևորում է, որ փոքր ուժերը միավորվեն՝ իրենց ձայները չկորցնելու և խորհրդարանում ներկայացվածություն ապահովելու համար։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի վերաբերյալ նա կարծիք հայտնեց, որ դրանք չեն ներկայացնում իրական քաղաքական ընդդիմություն։ Նրա խոսքով՝ դրանք նախկին համակարգի մնացուկներ են, որոնք պահպանել են ազդեցությունը նաև մեդիա դաշտում։
Խուրշուդյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող իշխանության վերադառնալ առանց արտաքին աջակցությամբ պայմանավորված ապակայունացման սցենարների։ Նա նաև նշեց, որ նման զարգացումների դեպքում պատասխանատվությունը կրելու է այն ընտրազանգվածը, որը կաջակցի այդ ուժերին։ Սերժ Սարգսյանի թիմի մասնակցության հարցում Հովսեփ Խուրշուդյանը ենթադրում է, որ նրանք կարող են չմասնակցել ընտրություններին՝ փոխարենը աջակցելով այլ քաղաքական նախագծերի։ Սամվել Կարապետյանի քաղաքական դերակատարության վերաբերյալ նա նշեց, որ նման գործիչները չեն կարող լիովին անկախ լինել՝ հաշվի առնելով նրանց տնտեսական և քաղաքական կապերը։ Նրա համոզմամբ՝ նման նախագծերը դիտարկվում են նաև որպես բիզնես նախաձեռնություններ՝ Հայաստանի ռեսուրսների վերահսկողության նպատակով։
Խուրշուդյանը եզրափակեց, որ ներկայիս փուլում Հայաստանը կանգնած է կարևոր ընտրության առաջ, և անհրաժեշտ է պահպանել պետական ինքնիշխանությունը՝ խուսափելով արտաքին ազդեցություններից և ներքին ապակայունացումից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
