Դա ներառում է ոչ միայն սպառազինության մատակարարում, այլ նաև այդ սպառազինության սպասարկում, ուսուցում և մասնագիտական պատրաստվածություն։ Առանձնահատուկ կարևորություն ունի ռազմական կրթության ուղղությամբ համագործակցությունը, քանի որ Ֆրանսիան արևմտյան ռազմական կրթական համակարգի առաջատար երկրներից է, և այդ համագործակցությունը կարող է հայկական բանակը մոտեցնել արևմտյան չափանիշներին։
Գիորգի Թումասյան
Մեր Խոսքը՝
Միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը յութուբի իր էջում անդրադարձ է կատարել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին՝ փորձելով վերլուծել, թե այդ այցը ինչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։
Հայաստանի անվտանգության համակարգը վերջին տարիներին անցնում է խորքային վերափոխումների փուլ, որտեղ արտաքին քաղաքական կողմնորոշումները աստիճանաբար վերածվում են պաշտպանական կառուցվածքային փոփոխությունների։ Եթե երկար ժամանակ անվտանգության հիմնական հենասյունը դիտվում էր մեկ կենտրոնի հետ հարաբերությունների տրամաբանության մեջ, ապա այժմ ակնհայտ է դառնում բազմավեկտոր, հատկապես եվրոպական ուղղությամբ, գործընկերությունների ձևավորման փորձը։ Այս գործընթացը չի սահմանափակվում միայն սպառազինության ձեռքբերմամբ կամ առանձին քաղաքական հայտարարություններով․այն ներառում է ռազմական կրթությանփոփոխություն, կառավարման մշակույթի վերափոխում, տեխնոլոգիական արդիականացում, հետախուզական համագործակցության ընդլայնում և բանակի կազմակերպման փիլիսոփայության փոփոխություն։
Այս համատեքստում հայ-ֆրանսիական համագործակցությունը սկսում է ստանալ ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ռազմավարական ուղղության նշանակություն։ Ֆրանսիան աստիճանաբար դիտարկվում է որպես այն գործընկեր, որի միջոցով Հայաստանը փորձում է մտնել եվրոպական անվտանգության և ռազմական տեխնոլոգիաների դաշտ։ Սա ունի ինչպես գործնական, այնպես էլ խորհրդանշական նշանակություն․ այն ցույց է տալիս ոչ միայն նոր սպառազինությունների կամ տեխնոլոգիաների որոնում, այլ նաև անվտանգության մտածողության փոփոխություն՝ դեպի արևմտյան չափանիշներ, կառավարման մեխանիզմներ և համագործակցության ձևաչափեր։ Միևնույն ժամանակ այս գործընթացը տեղի է ունենում ներքաղաքական կարևոր փուլում, երբ անվտանգային թեմաները սկսում են համադրվել քաղաքական օրակարգի հետ։ Պարգևատրումները, պաշտոնական արարողությունները, զորահանդեսները և հանրային հաղորդագրությունները ստանում են ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական և հաղորդակցային նշանակություն։ Դրանք կարող են դիտարկվել որպես վստահության ազդակներ արտաքին գործընկերներին, բայց նաև որպես ներքին լսարանին ուղղված ուղերձներ՝ բանակի վերափոխման, նոր ուղղության ընտրության և անվտանգության նոր հայեցակարգի մասին։
Այս ամբողջ գործընթացը ձևավորում է մի բազմաշերտ պատկեր, որտեղ միաժամանակ առկա են խորհրդանշական քայլեր, քաղաքական հաշվարկներ և իրական ռազմական վերափոխումներ։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրության են արժանի պաշտպանության նախարարի պարգևատրումը և դրա անվտանգային իմաստը, հայ–ֆրանսիական հարաբերությունների յուրահատկությունը, ՀՀ բանակի եվրոպականացման գործընթացի ուժգնացումը, նախընտրական ժամանակահատվածում անցկացվող զորահանդեսի ենթատեքստը, ինչպես նաև այս ամենից բխող լրացուցիչ քաղաքական և ռազմավարական դիտարկումները։
Մեր Ուղին
Գիորգի Թումասյանի անդրադարձը՝
Թումասյանը նախ և առաջ նշեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցը կարևոր փուլ է հայ–ֆրանսիական պաշտպանական համագործակցության խորացման համար։ Նրա խոսքով՝ այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են ոչ միայն արդեն գոյություն ունեցող համագործակցության խորացմանը, այլ նաև նոր ոլորտների ընդգրկմանը։

Քաղաքական վերլուծաբանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հարցերով խորհրդատու և հատուկ ռազմական շտաբի պետ Վենսան Ժիրոյի հետ։ Նրա դիտարկմամբ՝ Ֆրանսիայում նախագահական ինստիտուտը կարևոր դեր ունի պաշտպանության քաղաքականության մեջ, և այդ մակարդակի շփումները վկայում են համագործակցության լրջության մասին։
Նա նաև նշեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Ոտրենի հետ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցած կառավարական փոփոխություններից հետո այս հանդիպումը կարևոր էր, քանի որ նախկին նախարար Սեբաստյան Լեկորնյուն այժմ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ Վերլուծաբանը հիշեցրեց, որ նախկինում Լեկորնուի և Պապիկյանի միջև ձևավորվել էին բավական ջերմ հարաբերություններ, և այժմ նոր նախարարի հետ համագործակցության շարունակությունը ևս դրական ազդակ է։

Թումասյանի դիտարկմամբ՝ բանակցությունների ընթացքում շեշտվել է ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը։ Նա բացատրեց, որ դա ներառում է ոչ միայն սպառազինության մատակարարում, այլ նաև այդ սպառազինության սպասարկում, ուսուցում և մասնագիտական պատրաստվածություն։ Փորձագետի կարծիքով՝ առանձնահատուկ կարևորություն ունի ռազմական կրթության ուղղությամբ համագործակցությունը, քանի որ Ֆրանսիան արևմտյան ռազմական կրթական համակարգի առաջատար երկրներից է, և այդ համագործակցությունը կարող է հայկական բանակը մոտեցնել արևմտյան չափանիշներին։
Նա նաև նշեց, որ համագործակցության մեջ ընդգրկվելու է հատուկ ստորաբաժանումների պատրաստությունը։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանուր պատրաստությանը, այլ հատուկ ջոկատայինների մասնագիտական ուսուցմանը և փորձի փոխանակմանը, ինչը կարող է բարձրացնել բանակի արդյունավետությունը։
Փորձագետը կարևորեց նաև խորհրդատվական համագործակցության բաղադրիչը։ Նա նշեց, որ կողմերը պատրաստվում են ակտիվացնել քննարկումները տարբեր սպառնալիքների և անվտանգության ռիսկերի վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ Ֆրանսիայի հետ համագործակցությունը կարող է Հայաստանին հնարավորություն տալ օգտվել նաև արևմտյան հետախուզական տեղեկատվությունից, քանի որ Ֆրանսիան ունի զարգացած արբանյակային և հետախուզական համակարգեր և համագործակցում է մի շարք արևմտյան պետությունների հետ տեղեկատվության փոխանակման ոլորտում։
Ժամանակակից պատերազմներում հետախուզությունն ու տեխնոլոգիաները վճռորոշ նշանակություն ունեն։ Նրա խոսքով՝ առանց արդիական հետախուզական տվյալների արդյունավետ ռազմական գործողություններ վարելը գրեթե անհնար է, և այդ առումով Հայաստանը պետք է զարգացնի սեփական տեխնոլոգիական հնարավորությունները։ Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումները կարևոր են նոր պայմանագրերի և տեխնոլոգիական համագործակցության հնարավորություններ ստեղծելու համար։
Թումասյանը հիշեցրեց, որ Հայաստանը արդեն պայմանագրեր ունի Ֆրանսիայի հետ մի շարք սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ, այդ թվում՝ ռադարների, հակաօդային պաշտպանության համակարգերի, բարձր տեխնոլոգիական սարքավորումների և Bastion զրահամեքենաների մատակարարման վերաբերյալ։Միաժամանակ վերլուծաբանը նշեց, որ մատակարարումների հարցում գոյություն ունի լոգիստիկ խնդիր՝ կապված Վրաստանի տարածքով տեղափոխումների հետ։ Նրա խոսքով՝ ծանր տեխնիկայի մատակարարումը կախված է տարածաշրջանային քաղաքական իրավիճակից, և այդ հանգամանքը սահմանափակում է որոշ հնարավորություններ։

Նա առանձնահատուկ անդրադարձավ նաև ֆրանսիական բարձր տեխնոլոգիական ընկերությանը՝ Safran։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունը արտադրում է ջերմատեսիլ համակարգեր, ինֆրակարմիր սենսորներ, գիշերային տեսողության սարքեր, ինչպես նաև արբանյակային օպտիկական համակարգեր։
Փորձագետը նշեց, որ նման տեխնոլոգիաները կարող են մեծ դեր խաղալ Հայաստանի սահմանային անվտանգության և ռազմական հետախուզության զարգացման մեջ։ Նրա խոսքով՝ հատկապես կարևոր է արբանյակային տեխնոլոգիաների զարգացումը, քանի որ սեփական հետախուզական տվյալներ ունենալը ինքնիշխանության կարևոր բաղադրիչ է։Ընկերությունը արտադրում է նաև մարտավարական անօդաչու սարքեր, զինվորների կապի համակարգեր, ինչպես նաև սպառազինության ուղղորդման և կառավարման տեխնոլոգիաներ։ Նրա գնահատմամբ՝ այդ համակարգերը կարող են էապես բարձրացնել հայկական բանակի տեխնոլոգիական հնարավորությունները։
Միևնույն ժամանակ վերլուծաբանը նշեց, որ այս համագործակցության լիարժեք զարգացման համար անհրաժեշտ է նաև քաղաքական որոշումներ ընդունել։ Նրա կարծիքով՝ Հայաստանը դեռ չունի Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության պաշտոնական փաստաթուղթ, ինչը սահմանափակում է համագործակցության որոշ հնարավորություններ։
Թումասյանն ընդգծեց, որ անվտանգության ոլորտում Հայաստանի ապագա հնարավորությունները մեծապես կախված են արտաքին քաղաքական ուղղությունից և միջազգային վստահությունից։ Նրա կարծիքով՝ եթե այդ համագործակցությունը շարունակվի և խորանա, Հայաստանը կարող է հասանելիություն ստանալ առավել ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներին, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ համակարգերին։
Վերջում փորձագետը նշեց, որ հայ–ֆրանսիական համագործակցության խորացումը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգության համակարգի վրա և ստեղծել նոր հնարավորություններ ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ ռազմավարական մակարդակներում։
Թումասյանի տեսանյութն ամբողջապես՝
