Խոսակցության ավարտին հնչել է նաև այն միտքը, թե Ռուսաստանն ունի ընկերներ Հայաստանում, որոնք կարող են զբաղվել քաղաքականությամբ, և հայկական կողմը պատասխանել է, որ Հայաստանի քաղաքացիություն ունենալու դեպքում կարող են մասնակցել քաղաքական գործընթացներին։ Ռուսական կողմը շարունակում է առաջնորդվել պատմական տրամաբանությամբ՝ հիշատակելով Թուրքմենչայի պայմանագիրը և տարածաշրջանում ձևավորված ազդեցության գոտիները։
Արսեն Խառատյան
1inTV‑ն զրուցել է կոնֆլիկտաբան, արևելագետ Արսեն Խառատյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծված նոր և աննախադեպ հրապարակային լարվածությունը, որն ի հայտ եկավ վարչապետ Փաշինյանի մոսկովյան այցից հետո, Կրեմլի կողմից կիրառվող շանտաժի լեզուն, որն արտահայտվում է տնտեսական լծակների, գազի գնի և պատմական անցյալի շահարկումների միջոցով։ Արսեն Խառատյանը, կարևորում է այն փաստը, որ երկկողմ հարաբերությունների իրական բարդությունները վերջապես դուրս են եկել փակ դռների հետևից, թույլ տալով հանրությանը տեսնել Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները։ Քննարկումը բացահայտում է, թե ինչպես է պաշտոնական Մոսկվան փորձում միջամտել Հայաստանի ներքին ընտրական գործընթացներին և պահպանել իր ազդեցության գոտին՝ օգտագործելով թե՛ անվտանգային սպառնալիքներ, թե՛ տեղական գործարարների վրա ճնշում գործադրելու տակտիկան։
Արսեն Խառատյանը նշեց, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը շաբաթվա ընթացքում դարձել է ոչ միայն հայկական, այլև ռուսալեզու և տարածաշրջանով հետաքրքրվող մամուլի հիմնական թեման, քանի որ տեղի է ունեցել աննախադեպ բան․ այն, ինչ սովորաբարքննարկվում է փակ դռների հետևում, այս անգամմասամբ հրապարակային է դարձել։Կոնֆլիկտաբանն ընդգծեց, որ նախկինում ինքն անձամբ տեսել է նման փակ խոսակցություններ, իսկ այժմ դրանց մի մասը բացվեց, ինչն օգտակար է, որովհետև հանրությունը կհասկանա, թե ինչի հետ գործ ունի Հայաստանը։ Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանի ներկայացուցիչը խոսակցության սկզբում կետ առ կետ ներկայացնում էր լծակները՝ գազից մինչև առևտրաշրջանառություն, սփյուռք, անվտանգություն և Ղարաբաղի թեմա։

Խառատյանը նշեց, որ Օվերչուկի հարցազրույցում նույն տրամաբանությունն էր՝ հիշեցումներ գազի, առևտրի ծավալների, սփյուռքի, ինչպես նաև այն մասին, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Նրա խոսքով՝ ակնհայտ էր նաև ժեստերի լեզվով լարվածությունը․հայկական կողմը չէր սպասում նման հրապարակային խոսակցության, բայց պատասխանները հնչեցին կետ առ կետ։ Արսեն Խառատյանը կարևորեց, որ անգամ բարդ իրավիճակում հայկական կողմը շփոթված չեղավ, և դա շատ դիտորդների համար անսպասելի էր, քանի որ նախկինում դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի ղեկավարը Մոսկվայում այդ տոնով կխոսի Ռուսաստանի հետ։Կոնկրետ պատասխաններ․ Հայաստանը ներկայումս շահագրգռված է ԵԱՏՄ-ում մնալով միաժամանակ դիտարկել նաև եվրոպական ուղղությունը, դիտարկում է էներգետիկ այլընտրանքներ, հիշեցվեց նաև, որ Ռուսաստանն ինքն է բարձր մակարդակով ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և ՀԱՊԿ մեխանիզմները չեն աշխատել Հայաստանի տարածքի նկատմամբ հարձակումների ժամանակ։ Նրա խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս, որ հարաբերությունների լարվածությունը առաջին անգամ հրապարակայնորեն է ցուցադրվում ամենաբարձր մակարդակում, ինչը կարևոր է հանրության համար հասկանալու, թե ինչպես են իրականում ընթանում այդ խոսակցությունները։
Խառատյանը նաև ընդգծեց, որ հանդիպումը վերաբերում էր հենց երկկողմ հարաբերություններին, ոչ թե բազմակողմ ձևաչափերին, և առանցքային թեմաներից մեկը երկաթուղին էր։ Նա նշեց, որ ռուսական կողմը հիշեցրել է օգոստոսից սկսած ներդրումների մասին առաջարկները, իսկ հայկական կողմը պատասխանել է, որ կամ պետք է կառուցվի, կամ ոչ։ Նրա խոսքով՝ Օվերչուկը նաև ակնարկեց, որ ռուսական բիզնեսի նկատմամբ ճնշումների դեպքում հնարավոր են հակադարձ քայլեր Ռուսաստանի տարածքում հայկական բիզնեսների նկատմամբ, ինչը ևս լծակ է։
Կոնֆլիկտաբանը անդրադարձավ նաև Ռուսաստանի հայ համայնքի թեմային՝ նշելով, որ խոսվում է միլիոնավոր հայերի մասին, սակայն պետք է տարբերակել Ռուսաստանի քաղաքացիներին և Հայաստանի քաղաքացիներին։ Նրա դիտարկմամբ՝ նման հայտարարությունները նոր չեն, և նախկինում էլ նման տրամաբանությամբ են ներկայացվել։ Խառատյանը հավելեց, որ խոսակցության ավարտին հնչել է նաև այն միտքը, թե Ռուսաստանն ունի ընկերներ Հայաստանում, որոնք կարող են զբաղվել քաղաքականությամբ, և հայկական կողմը պատասխանել է, որ Հայաստանի քաղաքացիություն ունենալու դեպքում կարող են մասնակցել քաղաքական գործընթացներին։Ռուսական կողմը շարունակում է առաջնորդվել պատմական տրամաբանությամբ՝ հիշատակելով Թուրքմենչայի պայմանագիրը և տարածաշրջանում ձևավորված ազդեցության գոտիները։ Նրա կարծիքով՝ գերտերությունները հաճախ չեն կարողանում հաշվի նստել նոր իրողությունների հետ և շարունակում են հին տրամաբանությամբ մոտենալ հարցերին, ինչի արդյունքում ավելի շատ կորուստներ են ունենում։ Նա նաև նշեց, որ մոտենում է 2028 թվականը, և Ռուսաստանը կարող էր փորձել այդ տարեթիվը կապել Թուրքմենչայի 200-ամյակի հետ, սակայն տարածաշրջանը արագ փոխվում է, և Հայաստանը ներկայում ինքնուրույն է պայմանագրեր կնքում։
Խառատյանը դիտարկեց նաև, որ այս ամբողջ հրապարակային խոսակցությունը կարող էր նպատակ ունենալ թուլացնել Հայաստանի իշխանությունների դիրքերը ներսում, սակայն դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում էլ պետք է հաշվի առնեն, որ Հայաստանի հասարակությունում ռուսամետ տրամադրությունները աճող չեն, և կտրուկ քայլերը կարող են հակառակ էֆեկտ տալ։ Նա ընդգծեց, որ ընտրությունները արդեն աշխարհաքաղաքականացվել են, և նույնիսկ Պեսկովի հայտարարությունը դրա ապացույցն է, երբ վերջինս նշեց, որ Ռուսաստանը իրավունք ունի հետևել Հայաստանի ընտրություններին։
Ակնհայտ է՝ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը պահել իր ազդեցության գոտում, ինչը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև նախկին խորհրդային տարածքին։ Նա համեմատեց իրավիճակը Մոլդովայի հետ՝ նշելով, որ մեթոդները նման են, թեև տարածաշրջանային պայմանները տարբեր են։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ ընտրական գործընթացները լինեն մաքուր, քանի որ հնարավոր են փորձեր կասկածի տակ դնել դրանց լեգիտիմությունը։
Արսեն Խառատյանը նաև նշեց, որ շրջանառվում են տեղեկություններ մինչև 1 միլիարդ դոլարի հնարավոր ազդեցության մասին, որը կարող է ուղղվել ընտրական գործընթացներին, և այդ գումարները կարող են լինել Ռուսաստանում գործող խոշոր հայկական բիզնեսներից։ Նա անդրադարձավ նաև էներգետիկ թեմային՝ նշելով, որ Իրանի հետ գազատարը կարող է բավարար լինել Հայաստանի ներքին կարիքների համար, թեև այն ևս վերահսկվում է «Գազպրոմի» կողմից, և եթե հարաբերությունները փոխվում են, պետք է դիտարկել բոլոր տարբերակները։
Խառատյանը նշեց, որ Ռուսաստանը հաճախ ներկայացնում է առևտրաշրջանառության մեծ թվեր՝ 6 կամ 12 միլիարդ դոլար, սակայն պետք է հասկանալ, թե այդ ծավալներից ով է շահել։ Նրա խոսքով՝ այլևս չի աշխատում «մենք ձեզ պահում ենք» տրամաբանությունը, և Հայաստանը պետք է օգտագործի իր հնարավորությունները։ Նա ընդգծեց նաև, որ Ղարաբաղի թեման այլևս որպես լծակ նույն ձևով չի գործում, և եթե խոսակցությունը բաց է, պետք է հիշեցնել նաև ռուս խաղաղապահների վարքագիծը։
Խառատյանը եզրափակեց, որ նախկինում փակ դռների հետևում ընթացող խոսակցությունը դարձել է հրապարակային, և դա վերացրել է մի շարք պրոպագանդիստական առասպելներ։ Նրա դիտարկմամբ՝ այժմ դիվանագիտական քողարկումը նվազել է, և կողմերը ուղիղ են խոսում միմյանց հետ։ Նա կարծում է, որ հարաբերությունների որակը փոխվել է, և Հայաստանը պետք է պատրաստվի հնարավոր քայլերին՝ փորձելով զարգացնել համագործակցությունը այլ գործընկերների հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
