Հարցը ոչ միայն անդամակցել-չանդամակցելու մասին է, այլ այն, թե Հայաստանը սուվերեն որոշում ընդունելու իրավունք ունի, թե ոչ։ Ռուսաստանը Եվրամիությանը դիտարկում է որպես ապագա ռազմական բլոկ և Հայաստանի եվրոպական ուղեգիծը ընկալում է այդ համատեքստում։
Վահրամ Աթանեսյան
1inTV‑ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում Փաշինյան-Պուտին հանդիպման շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակը և դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի ապագայի վրա։ Առանցքում Ռուսաստանի կողմից հնչող էկզիստենցիալ սպառնալիքներն են, որոնք կապված են Հայաստանի հնարավոր եվրոպամետ կողմնորոշման և սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։ Զրուցակիցները շեշտում են, որ Մոսկվան փորձում է պահպանել իր տնտեսական և ռազմական լծակները՝ դիտարկելով Արևմուտքի հետ մերձեցումը որպես թշնամական քայլ։ Աթանեսյանը ներկայացնում է Հայաստանի առջև ծառացած բարդ ընտրությունը՝ սեփական սուվերենությունը պաշտպանելու և տարածաշրջանային անվտանգային նոր միջավայրին հարմարվելու միջև։
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը նշեց, որ չի կարծում, թե Ռուսաստանի փոխվարչապետը տեղյակ չէ Եվրամիության անդամակցության ընթացակարգերին։ Նրա խոսքով՝ կան երկրներ, օրինակ Թուրքիան, որոնք տասնամյակներ շարունակ թեկնածու են, սակայն անդամ չեն դարձել, ուստի Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու դեպքում օդային հաղորդակցությունը դադարեցնելու մասին հայտարարությունները տարօրինակ են, քանի որ նկարագրվում է մի իրավիճակ, որը կարող է լինել նույնիսկ 20 տարի հետո։ Աթանեսյանը դիտարկեց, որ այդպիսի հայտարարություններով Ռուսաստանը փաստացի ազդարարում է, թե Եվրամիությանը դիտարկում է որպես թշնամական կառույց, և այդ կառույցի հետ հարաբերություններ հաստատող ցանկացած պետություն ընկալում է որպես պոտենցիալ հակառակորդ։ Նա կարծում է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի ավելի քան երկու ժամ տևած բանակցությունները շատ ավելի սկզբունքային և լուրջ են եղել, քան ներկայացվում է հրապարակային մակարդակում։ Աթանեսյանի գնահատմամբ՝ Կրեմլում հաշվարկել են, որ նման հայտարարությունները կարող են դիվիդենտներ բերել Հայաստանում ռուսամետ ուժերին, սակայն իրականում դրանք կարող են հակառակ ազդեցությունն ունենալ և հանրությանը այլ ուղղությամբ կողմնորոշել։
Վահրամ Աթանեսյանը ընդգծեց, որ Եվրամիության անդամակցությունը երկարատև բյուրոկրատական գործընթաց է և չի կարող տեղի ունենալ կարճ ժամանակում։ Նա նշեց, որ այն մտայնությունը, թե ընտրություններից հետո մի քանի ամիս անց Հայաստանը կարող է անդամ դառնալ, սխալ է։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը ինքն էլ բարդ փուլ է ապրում, ներքին տարաձայնություններ ունի, և ընդլայնման հարցում արագ որոշումներ սպասել չի կարելի։ Աթանեսյանը դիտարկեց, որ Ռուսաստանում լավ գիտակցում են՝ Հայաստանը տեսանելի ապագայում Եվրամիության անդամ չի դառնալու, սակայն այդ թեման մշտապես շեշտվում է՝ Հայաստանի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը ցույց տալու համար։

Հարցը ոչ միայն անդամակցել-չանդամակցելու մասին է, այլ այն, թե Հայաստանը սուվերեն որոշում ընդունելու իրավունք ունի, թե ոչ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Եվրամիությանը դիտարկում է որպես ապագա ռազմական բլոկ և Հայաստանի եվրոպական ուղեգիծը ընկալում է այդ համատեքստում։ Աթանեսյանը նշեց, որ սա նշանակում է՝ Ռուսաստանի ներկայիս իշխանությունը իր ապագան պատկերացնում է Եվրամիության հետ դիմակայության մեջ, և դա ամենասկզբունքային հանգամանքն է։
Աթանեսյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի համար խնդրահարույց է լինել Ռուսաստանի ռազմական դաշնակից մի տարածաշրջանում, որտեղ հարևան երկրները Ռուսաստանին դիտարկում են որպես հակառակորդ։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի և Վրաստանի սահմանադրական փաստաթղթերում Ռուսաստանը ներկայացվում է որպես օկուպանտ կամ հակառակորդ, և այս պայմաններում Հայաստանի մասնակցությունը ռուսական ռազմական բլոկին կարող է խորացնել տարածաշրջանային հակասությունները։ Նրա կարծիքով՝ Հայաստանը ստիպված է ընտրել անվտանգության այնպիսի միջավայր, որը չի հակասի անմիջական հարևանների ռազմավարական շահերին։
Վահրամ Աթանեսյանը հավելեց, որ հաճախ ներկայացվում է, թե Իրանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, սակայն իրականում այդ հարաբերությունները պայմանավորված են կոնկրետ իրավիճակներով և երկարաժամկետ ռազմավարական դաշինք չեն։ Նա նշեց, որ նման անորոշ պայմաններում Հայաստանը չի կարող իր անվտանգությունը կառուցել բացառապես Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի վրա։
Աթանեսյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի հայտարարությունները նաև ներքաղաքական ազդեցություն ունենալու նպատակ ունեն։ Նա ընդգծեց, որ եթե բարեկամ պետությունը իրավունք ունի հետաքրքրվել Հայաստանի ընտրություններով, ապա Հայաստանը նույնպես կարող է հետաքրքրվել Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայերի ներկայացվածությամբ։ Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանի հիմնական շահագրգռվածությունն այն է, որ Հայաստանը մնա իր ռազմական դաշնակիցը, ինչը, ըստ նրա, կարող է էքզիստենցիալ սպառնալիք լինել Հայաստանի համար։
Վահրամ Աթանեսյանը եզրափակեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի այնպիսի ուղեգիծ ընտրելը, որը կկանխի հարևանների հետ ռազմական բախման նույնիսկ տեսական հնարավորությունը։ Նրա խոսքով՝ հակառակ ընտրությունը կարող է հանգեցնել էսկալացիայի և նույնիսկ պատերազմի, իսկ Հայաստանը չպետք է ներքաշվի ուժային կենտրոնների դիմակայության մեջ։ Նա նաև նշեց, որ երբ Ռուսաստանը Եվրամիությունը դիտարկում է որպես մշտական հակառակորդ, դա նշանակում է կոնֆրոնտացիոն միջավայր, որին Հայաստանը չպետք է ներգրավվի։
Աթանեսյանը անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի թեմային՝ նշելով, որ Ադրբեջանի արձագանքը փաստացի հիշեցում էր 2022 թվականի փետրվարի 22‑ի հռչակագրի մասին, որով Ռուսաստանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պարտավորվել չմիջամտել ներքին գործերին։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը հիմք է հանդիսանում Ադրբեջանի դիրքորոշման համար, և այդ համատեքստում Ռուսաստանի հայտարարությունները պետք է դիտարկել հենց այդ պարտավորությունների շրջանակում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
