Ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նրա անվստահության պատճառը, հայտնի չէ: Ստացվում է, որ Քոչարյանին ընտրապայքարից դուրս գալու հորդոր անելով՝ Հայաստանի որոշ քաղաքական ուժեր եւ անհատներ ուղղակի սպասարկում են Մոսկվայի շահերը:
Մուղնի
Վերջին օրերին ընդդիմադիր որոշ գործիչներ, որ, ի դեպ, անձամբ ընտրապայքարի դերակատար եւ մասնակից չեն, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին հորդորում են «կատարել պետականամետ քայլ, հայտարարել, որ ընտրություններին չի մասնակցի»: Նրանք համոզված են, որ այդ դեպքում «ընդդիմության կոնսոլիդացիան կապահովվի, եւ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանս չի ունենա»:
Այդ տեսակետի քարոզչիչները հիմք են ընդունում հանրային հարցման վերջին տվյալները, որ «Հայաստան» դաշինքի համար նշում են 5,5 տոկոսի վարկանիշ: Նույն հարցումներով Գագիկ Ծառուկյանին աջակցում է ընտրողների 7,9, Սամվել Կարապետյանին՝ 13,4 տոկոսը:
Քոչարյանին մրցապայքարից դուրս գալու հորդորի հեղինակները համոզված են, որ նրան «կհետեւեն նաեւ այլ ուժեր, որ նույնպես անցողիկ շեմը չեն հաղթահարում»:
Հարցման արդյունքներով անցողիկ շեմը չեն հաղթահարում «Միասնության թեւերը», ՀՀԿ‑ն, «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաեւ՝ Հայ ազգային կոնգրեսը, բայց նրանց հավաքական վարկանիշն ավելին չէ, քան ունի «Հայաստան» դաշինքը: Անկասկած է, որ Ռոբերտ Քոչարյանի անձնական վարկանիշը նույնպես անհամեմատ բարձր է, քան ունեն նշված եւ այլ ուժերի առաջնորդները:
Բայց սա չէ ամենաէականը, այլ՝ որ քաղաքական եւ հանրային գործիչների թվում է, թե ընտրապայքարից Ռոբերտ Քոչարյանի դուրս գալու դեպքում բոլոր ընդդիմադիր քվեները կտրվեն Սամվել Կարապետյանին, եւ «նա Նիկոլ Փաշինյանին կհաղթի»: Ինչի՞ վրա է այս հաշվարկը կառուցվում, անհայտ է: Խիստ ինտրիգային է, թե ինչու՞ նույն ուժերը եւ անհատները մրցապայքարից դուրս գալու հորդոր չեն անում Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին:
Նախրոդ ընտրություններով ընդդիմադիր ամենամեծ ընտրազանգվածը գեներացրել է Ռոբերտ Քոչարյանը: Անցած հինգ տարիներին Հայաստանում քաղաքական առումով սկզբունքորեն ոչինչ չի փոխվել, եւ Սամվել Կարապետյանը Մոսկվայից «դեսանտ է իջել» մի տիրույթում, որ մինչ այդ «պատկանել է» Ռոբերտ Քոչարյանին:

Ապրիլի մեկին Ռուսաստանի նախագահ Պուտինը բացահայտեց, որ Հայաստանում իր նախընտրած ընդդիմությունը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» շարժումն է: Ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նրա անվստահության պատճառը, հայտնի չէ: Ստացվում է, որ Քոչարյանին ընտրապայքարից դուրս գալու հորդոր անելով՝ Հայաստանի որոշ քաղաքական ուժեր եւ անհատներ ուղղակի սպասարկում են Մոսկվայի շահերը:
Հետաքրքիրն այստեղ այն է, որ խորհրդարանական ընտրություններում Գյումրու օրինակը կրկնելու ծրագիրը, որի մասին նաեւ Ռոբերտ Քոչարյանն էր ակնարկել, ինչպես պարզ հասկացվում է, ձախողված է: ՔՊ‑ի հակառակորդ ուժերը հետընտրական կոալիցիա կազմելու հնարավորություն չեն տեսնում: Բայց նախընտրական համախմբում նույնպես չի ստացվում: Այս դասավորությունը, ինչպես նաեւ հանրային կարծիքի հարցումները վկայում են, որ ՔՊ‑ի եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն աճում է:
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
