Հանրային հեռուստաընկերության եթերը պետք է լինի բանավեճի բարձր ստանդարտի օրինակ, ոչ թե աղմուկի ցուցադրություն։ Երբ պետական հարթակը վերածվում է գոռգոռոցի, դա ոչ միայն վատ հեռուստատեսություն է, այլ նաև քաղաքական մշակույթի անկման նշան։
Մեր Ուղին
Բանավեճը, իր սկզբունքային էությամբ, ոչ թե քարոզչական աղմուկ է, այլ մտածողության բախում։ Այն ստեղծված է ոչ թե բարձր խոսելու, այլ ավելի հստակ մտածելու համար։ Իրական բանավեճում գաղափարներն են մրցում, փաստարկներն են հակադրվում, իսկ հեռուստադիտողը դառնում է շահողը՝ ստանալով պարզ պատկեր, հասկանալով տարբեր դիրքորոշումների ուժեղ ու թույլ կողմերը։ Բանավեճը պետք է ծառայի հասարակ մարդու կողմնորոշմանը, ոչ թե նրա նյարդերի քայքայմանը։ Այն պետք է լինի կարգապահ, կառուցվածքային, ինտելեկտուալ միջավայր, որտեղ խոսքը արժեք ունի, ոչ թե ձայնի բարձրությունը։

Բայց այն, ինչ տեղի է ունենում Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հատկապես Պետրոս Ղազարյանի վարած բանավեճերում, դժվար է նույնիսկ բանավեճ անվանել։ Դա ավելի շատ հիշեցնում է արևելյան անկարգ շուկա, որտեղ ոչ թե գաղափարներ են փոխանակվում, այլ գոռգոռոցներ։ Բանախոսները մեկը մյուսին չեն լսում, ընդհատում են, բարձրաձայն վիճում, երբեմն թվում է՝ քիչ է մնում իրար վրա հարձակվեն։ Այդ ամբողջի մեջ կորում է ամենակարևորը՝ բովանդակությունը։ Հեռուստադիտողը ոչինչ չի հասկանում, միայն հոգնում է ու անջատում։
Ավելին՝ հաղորդավարը, որը պետք է լինի կարգապահության երաշխավորը, հաճախ ինքն է դառնում աղմուկի մասնակիցը։ Փոխանակ խստորեն սահմանափակի, պահանջի հերթապահ խոսք, պահպանի բանավեճի կանոնները, նա միջամտում է, բարձրացնում ձայնը, երբեմն նույնիսկ ավելի է սրում իրավիճակը։ Արդյունքում ձևավորվում է ոչ թե քաղաքական բանավեճ, այլ փողոցային վիճաբանություն։ Բանախոսներն էլ, կարծես, զգալով այդ միջավայրի անպատասխանատու բնույթը, սկսում են պահել իրենց նույն մակարդակով՝ առանց չափի, առանց կուլտուրայի, առանց կարգապահության։
Սա հատկապես անհասկանալի է նախընտրական շրջանում, երբ հանրությունը սպասում է հստակ հարցերի, դիրքորոշումների, ծրագրերի բախման։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ ով ինչ է առաջարկում, ով ինչ է մտածում, ով որքան հիմնավորված է խոսում։ Բայց դրա փոխարեն ստանում են աղմուկ, խառնաշփոթ և նյարդայնացնող վիճաբանություն, որը պարզապես զզվելի է դիտել։ Դիտողը ոչ միայն չի կողմնորոշվում, այլ պարզապես կորցնում է հետաքրքրությունը քաղաքական քննարկումների նկատմամբ։

Հատկանշական է, որ նույն թեմաներով, բայց այլ հարթակներում՝ օրինակ Բուն TV-ում, հակառակ պատկերն է։ Այնտեղ քննարկումները հաճախ չափազանց խաղաղ են, երբեմն նույնիսկ չափից ավելի՝ գրեթե առանց իրական բախման։ Մի դեպքում՝ շուկա, մյուս դեպքում՝ չափազանց մեղմ քննարկում։ Իսկ իրական բանավեճը պետք է լինի այդ երկուսի մի կոշտ, բայց կարգապահ, սուր, բայց վերահսկվող, հակադիր, բայց քաղաքակիրթ։
Հանրային հեռուստաընկերության եթերը պետք է լինի բանավեճի բարձր ստանդարտի օրինակ, ոչ թե աղմուկի ցուցադրություն։ Երբ պետական հարթակը վերածվում է գոռգոռոցի, դա ոչ միայն վատ հեռուստատեսություն է, այլ նաև քաղաքական մշակույթի անկման նշան։ Ի վերջո մարդիկ հարկեր նրա համար չեն մուծում, որ նման էժանագին շոու ստանան։ Եթե Հանրայինը չի կարողանում բանավեճ կազմակերպել, դա արդեն իսկ խայտառակություն է։ Իսկ հասարակությունը նման «բանավեճերից» ոչինչ չի ստանում՝ բացի հոգնածությունից ու հիասթափությունից։
Ու այստեղ առաջանում է բնական հարց․ ի՞նչ է մտածում այս ամենի մասին Հանրային հեռուստաընկերությունը։ Արդյո՞ք նրանք գոհ են այս որակից։ Արդյո՞ք սա է այն քաղաքական մշակույթը, որը պետք է ձևավորվի պետական եթերում։ Թվում է՝ ոչ ոք նույնիսկ չի փորձում տեսնել իրավիճակը կողքից։ Պետրոս Ղազարյանը հաճախ մոռանում է, որ ինքը մոդերատոր է, ոչ թե բանավիճող երրորդ կողմ։ Մոդերատորի դերը լռեցնելն է, կարգի հրավիրելը, կանոն սահմանելը, ոչ թե ներգրավվելը վեճի մեջ, բարձրաձայն արձագանքելը, կողմերից մեկի վրա գոռալը, սադրելը, միջամտելը կամ ընդհանուր աղմուկը խորացնելը։ Երբ մոդերատորն ինքն է դառնում վիճող, բանավեճը պարզապես փլվում է՝ վերածվելով անկառավարելի աղմուկի։
Եվ ամենաանսովորն այն է, որ նույն քաղաքական դաշտից հետո հնչում են կոչեր՝ «հասկանալով ընտրեք», «տեսեք ծրագրերը», «գնահատեք դիրքորոշումները»։ Բայց ինչպե՞ս պետք է քաղաքացին հասկանա, եթե նրան ցույց են տալիս ոչ թե դիրքորոշումների բախում, այլ գոռգոռոցների մրցույթ։ Ասես Հին Սպարտայի ժողով լինի, որ ով բարձր գոռա՝ ինքն է հաղթողը։ Իրենք իրենց կողքից տեսե՞լ են։ Մի կողմից՝ Ազգային ժողովում անընդհատ վեճեր, փոխադարձ վիրավորանքներ, երբեմն՝ բացահայտ հայհոյանքի մակարդակ, մյուս կողմից՝ հանրայինի եթերում նույն մթնոլորտի հեռուստատեսային տարբերակը։ Արդյունքում ձևավորվում է մի ամբողջ քաղաքական միջավայր, որտեղ փաստարկը փոխարինվում է ձայնով, իսկ քաղաքականությունը՝ փողոցային կռվի տրամաբանությամբ։
Այս պայմաններում «գիտակցված ընտրության» կոչերն ուղղակի հակասական են հնչում։ Երբ քաղաքական դիսկուրսը վերածվում է աղմուկի, քաղաքացին ոչ թե կողմնորոշվում է, այլ պարզապես հեռանում է։ Եվ դա ամենավտանգավոր հետևանքն է․մարդիկ ոչ թե ընտրում են, այլ պարզապես դադարում են լսել։ Ու այլևս չեն ուզում գնալ ընտրության, որովհետև նրանց, ում պիտի ընտրեն, հիստերիկ գոռգոռոցներից բացի ուրիշ ոչինչ չեն առաջարկում։ Ու այն պարագայում, երբ Հանրապետությունը լուրջ գաղափարական ընտրության առաջ է կանգնած․ նա պիտի հասկանա, թե ի՞նչ է ընտրում՝ վերադարձ ռուսական աշխա՞րհ, թե՞ դեպի Եվրոպա։ Ու այս վիճակում մարդիկ իրոք զզվում են ու փոխում ալիքը, կամ անջատում պարզապես։ Որովհետև Հանրայինը բանավեճ չի առաջարկում, այլ ընդամենը աղմուկ, որում անլսելի է դառնում ցանկացած առողջ միտք և որում հալվում է հեռուստադիտողի հույսը՝ որևէ բան հասկանալու և կողմնորոշվելու համար։
Եթե ընտրություններում մարդկանց մասնակցությունը նորից քիչ լինի, ապա մեղավորներից մեկը հենց Հանրային Հեռուստատեսությունն է լինելու, որ նորմալ ու կիրթ իրազեկման փոխարեն՝ ընդամենը գոռգոռոցով ու աղմուկով է լցնում իր իր հասարակության ականջները։
Մեր Ուղին
