Անցյալ տարվա մայիսին Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի լիազորությունները սպառվել են, այդ պահից ի վեր Արցախի լեգիտիմ իշխանություն չկա, իսկ նորը ձեւավորելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:
Վահրամ Աթանեսյան
Արցախի «Ազգային ժողովի» ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ Փարիզում գումարվել է «Սփյուռքի ազգային զորաշարժ» խորհրդաժողով, որին մասնակցել է նաեւ Արցախի «նախագահի պաշտոնակատար» Աշոտ Դանիելյանը:
Նույն աղբյուրը տարածել է նաեւ վերջինիս ելույթի տեքստը, որի իմաստը նա ամփոփել է երեք ակնկալիքով.
-Արցախի հարցը պահել միջազգային օրակարգում՝ որպես համայն հայության հայրենիք վերադարձի եւ իրավունքների պաշտպանության հարց
-բոլոր հարթակներում բարձրացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը
-աջակցել Արցախի պետական կառույցներին՝ ճանաչելով եւ հարգելով նրանց լեգիտիմությունը՝ որպես Արցախի ժողովրդի կողմից ընտրված մարմիններ:

Թե Սփյուռքը ինչպե՞ս կարող է միջազգային օրակարգում պահել Արցախի կամ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, մնում է անորոշ, որովհետեւ միջազգային հարաբերություններում որեւէ խնդիր բարձրացնելու իրավասություն ունեն պետությունները, իսկ Սփյուռքը, ցավոք, նույնիսկ միասնական ներկայացուցչություն չունի:
Երեւում է, սակայն, որ Արցախի «նախագահի պաշտոնակատարին» ավելի շատ հուզում է Սփյուռքում իր լեգիտիմության հարցը: Տպավորություն է, որ Սփյուռքի կառույցները Արցախի «իշխանությունների» հետ համագործակցության հարցում կասկածամիտ են, ինչը միանգամայն օրինաչափ է: Չէ՞ որ խոսքը մարդկանց մասին է, որոնց իշխանության օրոք լուծարվել է Արցախի պետականությունը, տեղի ունեցել հայ բնակչության բռնագաղթ:
Աշոտ Դանիելյանը իրեն անվանում է «Արցախի ժողովրդի կողմից ընտրված»: Բայց վեց տարի առաջ Արցախի ժողովուրդը քվեարկել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքին, որի ցուցակով նա ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Մի քանի ամիս հետո սկսվել է պատերազմ, հետո տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, եւ ոչ ոք այսօր չի կարող վկայել, թե բռնատեղահանված բնակչության ո՞ր մասն է ճանաչում Արցախի «ընտրված մարմինների» օրինակարգությունը:

Անցյալ տարվա մայիսին Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի լիազորությունները սպառվել են, այդ պահից ի վեր Արցախի լեգիտիմ իշխանություն չկա, իսկ նորը ձեւավորելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: «Իշխանությունները» գոյություն չունեցող Գերագույն դատարանի Սահմանադրական ատյանի «վճռով» երկարաձգել են իրենց լիազորությունները՝ փաստացի բռնանալով հարյուր քսան հազար մարդու մարդու կամքի եւ իրավունքների վրա:
Եւ լուրջ հարց է, թե միջազգային ատյանները ինչպե՞ս կարող են հարգել եւ լսել մի «իշխանության» ներկայացուցիչների, որ սեփական ժողովրդին չեն հարգում:
Վահրամ Աթանեսյան
