Նախկինում Ադրբեջանը նույնպես դիտարկվում էր որպես ճնշման գործիք Հայաստանի նկատմամբ, սակայն այժմ այդ գործոնը թուլացել է։ Ադրբեջանական մեդիայում Հայաստանը այլևս չի ներկայացվում որպես հիմնական թշնամի, ինչը վկայում է իրավիճակի փոփոխության մասին։
Արիֆ Յունուսով
1inTV‑ն զրուցել է ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման քաղաքական ենթատեքստը ու դրա ազդեցությունը Հարավային Կովկասի ապագայի վրա։ Ըստ Յունուսովի Հայաստանն այժմ հանդիսանում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնը, որտեղ գործող իշխանության հնարավոր հաղթանակը կարող է հանգեցնել տարածաշրջանում ռուսական ազդեցության վերջնական նվազմանը։ Յունուսովը շեշտում է, որ Մոսկվան փորձում է կիրառել տնտեսական և ռազմական ճնշման լծակներ՝ կանխելու համար Երևանի ուղղությունը դեպի արևմտյան կառույցներ։ Կոնֆլիկտաբանը եզրակացնում է, որ չնայած ներքին և արտաքին մարտահրավերներին, հայ հասարակության ընտրությունը կանխորոշելու է ամբողջ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության փոփոխությունը։
Արիֆ Յունուսովը նշեց, որ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքների և դրա մեդիա ներկայացման ձևի մեջ առանձնապես արտասովոր բան չկար․ սովորական այց էր, հարաբերություններըոչ լիովին նորմալ, բայց նաև ոչ սրված։ Սակայն, նրադիտարկմամբ, այս անգամ իրավիճակըտարբերվում է, քանի որ Հայաստանում ամեն ինչ տեղի է ունենում հունիսի 7‑ի ընտրությունների նախաշեմին։ Յունուսովը կարծում է, որ այս ընտրությունները սովորական չեն, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ապագային։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը դարձել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև սուր աշխարհաքաղաքական պայքարի «դրոշակակիր»ը, այն դերը, որը նախկինում ուներ Վրաստանը։

Կոնֆլիկտաբանը նշեց, որ Հայաստանը երկար ժամանակ դիտարկվել է որպես Ռուսաստանի հենակետ Հարավային Կովկասում, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը հետևողականորեն փորձում է հեռանալ Ռուսաստանից և աստիճանաբար շարժվել դեպի Արևմուտք՝ միաժամանակ հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսական, քաղաքական և ռազմական հնարավորությունները։ Յունուսովը հիշեցրեց, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմական բազա, ինչը կարևոր գործոն է։ Նա ընդգծեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, ինչը, նրա կարծիքով, չի կարող դուր գալ որոշ ուժերի։
Արիֆ Յունուսովը կարծում է, որ ընտրությունները որոշելու են՝ ինչպիսին կլինի Հայաստանը մոտ ապագայում, և հենց դա է անհանգստացնում Ռուսաստանին։ Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի հաղթանակը կնշանակի Ռուսաստանի դիրքերի թուլացում տարածաշրջանում, ինչն էլ բացատրում է Մոսկվայի վերաբերմունքը այցին։ Նա նշեց, որ Ադրբեջանում ևս այցը հենց այս կերպ է ընկալվել․ըստ նրա՝ շատերը կարծում են, որ Փաշինյանը դիվանագիտական ձևով «ժողովրդավարության դաս» է տվել Վլադիմիր Պուտինին, հատկապես ընտրություններին ռուսաստանցիների մասնակցության վերաբերյալ արձագանքում։
Յունուսովը նշեց, որ եթե խոսքը վերաբերում է PR-ին, ապա ավելի կարևոր է սպասվող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, քան Մոսկվայի հանդիպումը։ Նրա կարծիքով՝ հանդիպումը աշխատանքային էր, որտեղ կողմերը փորձել են ցույց տալ իրենց հնարավորությունները։ Նա նշեց, որ Ռուսաստանը տնտեսական ճնշման մասին ազդակներ է փոխանցել՝ հատկապես գազի գների և տնտեսական հարաբերությունների համատեքստում։
Ադրբեջանցի քաղաքագետը մեկնաբանեց նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը՝ նշելով, որ նման հայտարարությունները չեն լինում ինքնուրույն, այլ արտացոլում են Կրեմլի դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Պուտինը դժգոհ է մնացել հանդիպումից, և նման հայտարարությունները ճնշման ու ազդակների մի մասն են՝ ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ Ռուսաստանի կողմնակից ուժերին Հայաստանում։ Յունուսովը կարծում է, որ ընտրություններին մոտենալուն զուգընթաց նման հայտարարությունները կշատանան։ Ռուսաստանի ճնշման գործիքները հիմնականում տնտեսական են՝ բիզնեսի, սփյուռքի և միգրանտների հարցերով։ Յունուսովը հիշեցրեց, որ Ռուսաստանը նման մեթոդներ կիրառել է նաև Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների նկատմամբ։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի դեպքում կա նաև ռազմական գործոնը՝ ռուսական ռազմաբազայի առկայության պատճառով։ Նա չի բացառեց նաև ներքին ապակայունացման փորձեր՝ պրոռուսական ուժերի միջոցով։
Արիֆ Յունուսովը նշեց, որ նախկինում Ադրբեջանը նույնպես դիտարկվում էր որպես ճնշման գործիք Հայաստանի նկատմամբ, սակայն այժմ այդ գործոնը թուլացել է։ Նրա խոսքով՝ ադրբեջանական մեդիայում Հայաստանը այլևս չի ներկայացվում որպես հիմնական թշնամի, ինչը վկայում է իրավիճակի փոփոխության մասին։ Նա կարծում է, որ Ռուսաստանը կարող է փորձել ապակայունացնել իրավիճակը Հայաստանի ներսում և հետո օգտագործել ՀԱՊԿ մեխանիզմները՝ ինչպես դա եղավ Ղազախստանում 2022 թվականի հունվարին։

Միաժամանակ, կոնֆլիկտաբանը գնահատեց, որ նման սցենարի հաջողության հավանականությունը մեծ չէ։ Նրա կարծիքով՝ հայկական հասարակության մեջ Ռուսաստանին աջակցությունը նվազել է, և նույնիսկ Փաշինյանի քննադատները չեն տեսնում այլընտրանքային ուղի։ Նա կարծում է, որ հնարավոր ճնշման դեպքում Փաշինյանը կարող է ստանալ նաև Արևմուտքի քաղաքական աջակցությունը, ինչի պատճառով պետական հեղաշրջման փորձը, եթե լինի, կարող է ձախողվել։ Յունուսովը անդրադարձավ նաև Ղարաբաղի թեմային՝ նշելով, որ դա միակ «քարտն» է, որով կարելի է պայքարել Փաշինյանի դեմ։ Նրա խոսքով՝ Հայաստանում կան Ղարաբաղից տեղահանվածներ, որոնք դժգոհ են իրավիճակից և կարող են դառնալ ընդդիմադիր ուժերի հիմք։ Նա նշեց, որ հակառակորդների մեծ մասը կապված է հենց Ղարաբաղյան օրակարգի հետ, այդ թվում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ադրբեջանցի քաղաքագետը կարծում է, որ իրավիճակը արդեն փոխվել է, և խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ ընտրություններից հետո։ Նրա գնահատմամբ՝ եթե պայմանագիրը չստորագրվի, ապագայում նոր իշխանությունները կարող են հրաժարվել նախնական համաձայնություններից։ Նա նաև նշեց, որ Բաքվի ուշացումը կարող է պայմանավորված լինել տարածաշրջանում ԱՄՆ‑ի և Ռուսաստանի միջև հավասարակշռություն պահպանելու փորձով։
Յունուսովը համոզված է, որ Ադրբեջանը ներկայումս ռազմական ճանապարհով հարց լուծելու ցանկություն չունի։ Նրա խոսքով՝ Ղարաբաղի թեման արդեն լուծված է, իսկ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը հասարակության մեջ լայն աջակցություն չունի և ավելի շատ քարոզչական բնույթ ունի։ Նա կարծում է, որ Ադրբեջանի ռազմավարությունը կլինի չեզոք դիրք պահել և սպասել զարգացումներին, թե ինչպես կավարտվեն գործընթացները Հայաստանում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
