Արթուր Մկրտչյանի հիշատակի օրով Արցախի ներկայացուցիչները Եռաբլուր չայցելեցին, Ազգային ժողովի կամ նրա խմբակցությունների անունից որեւէ խոսք չհնչեց: Լուռ մնացին ՀՅԴ Բյուրոն, Արցախի ԿԿ‑ն: Ինչու՞:
Վահրամ Աթանեսյան
Ապրիլի 14‑ը առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է: Երեսունչորս տարի առաջ նա Ստեփանակերտի իր բնակարանում զոհվել է: Ըստ պաշտոնական վարկածի՝ «զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով»,- բայց գրեթե ոչ ոք չի հավատում, որ Հադրութի ինքնապաշտպանական ջոկատի խրամատներից պետության ղեկավար ընտրված մարդը «Մակարով» ատրճանակի «պատահական կրակոցի» զոհ է դարձել:

Ստեփանակերտում այս օրը հուշահամալիր էին այցելում Ազգային ժողովի փոխնախագահը, պատգամավորներ, ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուները, Արթուր Մկրտչյանի հարազատները, մտերիմները եւ ընկերները: Ո՞վ էր սահմանել այդ արարողակարգը, հայտնի չէ: Փաստ է, որ նրա շիրմին ԼՂՀ նախագահներից միայն Արայիկ Հարությունյանն է այցելել: Քառասունչորսօրյա պատերազմից, երեւի, մեկ ամիս առաջ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արթուր Մկրտյանն արժանացել է Արցախի հերոսի կոչման:
Արթուր Մկրտչյանի հիշատակի օրով Արցախի ներկայացուցիչները Եռաբլուր չայցելեցին, Ազգային ժողովի կամ նրա խմբակցությունների անունից որեւէ խոսք չհնչեց: Լուռ մնացին ՀՅԴ Բյուրոն, Արցախի ԿԿ‑ն: Ինչու՞:
Արթուր Մկրտչյանի մահով ընդհատվել է ԼՂՀ պետականության կայացման օրինական ընթացքը, Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը մնացել է թափուր եւ այդպես էլ չի համալրվել: Այդ պաշտոնում Ռոբերտ Քոչարյանին ընտրելու երկրորդ անհաջող փորձից երկու ամիս հետո կազմավորվել է Պաշտպանության պետական կոմիտե, եւ իշխանությունը փաստացի անցել է «նեղ շրջապատին»:
Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքներով այդ փոխակերպումը ընկալվել է որպես լիովին արդարացված, բայց մի՞թե նույնը չէր լինի, եթե ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը ճանաչեր ընտրված իշխանության օրինականությունը եւ ենթարկվեր նրան: Այս հարցը, ցավոք, պատասխան չունի:
Արթուր Մկրտչյանը «յուրայինների մեջ օտար էր», նրա հիշատակը՝ նույնպես:

Ստեփանակերտի քաղաքական ներկայացուցիչներն օրերս Փարիզում մասնակցել են «Սփյուռքի զորաշարժ» խորհրդաժողովին եւ բարձրացրել իրենց լեգիտիմությունը ճանաչելու եւ հարգելու հարցը: Թե ի՞նչ լեգիտիմություն ունեն նրանք բռնատեղահանված հարյուր քսան հազար մարդկանց շրջապատում, ոչ ոք չգիտի: Բայց եթե նրանք իրենց համարում են «Արցախի ժողովրդի կողմից ընտրված», ապա պարտավոր էին հարգել առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակը:
Պատմության եւ պետական-քաղաքական գործիչների հանդեպ ընտրովի վերաբերմունքը չի կարող վերագտնումի ուղենիշ լինել:

Վահրամ Աթանեսյան
