Մարդ-կուսակցությունների հետ ՀՅԴ համագործակցությունը վկայում է, որ երբեմնի հեղինակավոր կուսակցությունը նույնպես մաշվել եւ գրեթե նույն վարկանիշն ունի, ինչ, ասենք, Վազգեն Մանուկյանի ԱԺՄ‑ն:
Մուղնի
Փարիզում օրերս ավարտված «Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի» կազմակերպիչը ՀՅԴ‑ն էր, իսկ բուն նպատակը՝ նախընտրական:
Դաշնակցությունը Հայաստանում հասել է վարկանիշային աննախադեպ անկման եւ սպառել բոլոր քարոզչահնարքները, ուստի փորձում է սփյուռքյան համայնքների միջոցով գոնե որոշ չափով վերականգնել վաղեմի հեղինակությունը:
Բայց ինչպե՞ս:
Վերցնենք մասնավոր օրինակ: Փարիզում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը համայնքի եւ եկեղեցական կառույցների հետ շփումներում, ինչպես վկայում են տարածված տեսանյութերը եւ լուսանկարները, ներկայացել է Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի եւ Հրանտ Բագրատյանի հետ:
Դաշնակցությունը 1996թ. նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանի աջակիցը եւ ամենաուժեղ հենարանն է եղել: Վազգեն Մանուկյանը հայ ժողովրդի «համաշխարհային ազգ լինելու» տեսության քարոզիչ է, այդ եւ ազգային գաղափարախոսության այլ հարցերում ՀՅԴ հետ ընդհանրություններ ունի: Իսկ ի՞նչն է ՀՅԴ-ին այսօր կապում Խոսրով Հարությունյանի եւ Հրանտ Բագրատյանի հետ:
Հայաստանի այդ երկու նախկին վարչապետների դեմ մենք սկզբունքային ոչինչ չունենք, նրանց պետական գործունեության գնահատականը կտա պատմությունը: Խոսքը նրանց եւ Դաշնակցության քաղաքական անհամատեղելիության, եթե ոչ հակոտնայնության մասին է: ՀՅԴ բարձրաստիճան գործիչներից մեկի եւ նրանց համագործակցությունը ի՞նչ հիմքի վրա է կառուցված:
Իշխան Սաղաթելյանին եթե այդ մասին հարց ուղղվի, անպատճառ կհետեւի պատասխան. «Նիկոլին օր առաջ հեռացնելու համար պատրաստ եմ համագործակցել անգամ սատանայի հետ»: Ընդունենք, որ «նպատակն արդարացնում է միջոցը», բայց ո՞րն է Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի եւ Հրանտ Բագրատյանի «միջոցը», կա՞: Անկասկած՝ ոչ: Այլապես նրանք Նիկոլ Փաշինյանի դեմ մրցապայքարի կմտնեին իրենց սեփական դեմքով:

Մարդ-կուսակցությունների հետ ՀՅԴ համագործակցությունը վկայում է, որ երբեմնի հեղինակավոր կուսակցությունը նույնպես մաշվել եւ գրեթե նույն վարկանիշն ունի, ինչ, ասենք, Վազգեն Մանուկյանի ԱԺՄ‑ն: Հակառակ դեպքում Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի «թեւի տակ չէր ծվարի»: Եւ չէր ստացվի այնպես, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում Աննա Գրիգորյանը երրորդ, Արծվիկ Մինասյանը՝ երեսուներորդ, իսկ Իշխան Սաղաթելյանը՝ երկրորդ տեղում է: Երեւի նրան ոչինչ, առաջին հերթին ՀՅԴ հեղինակությունը, չի հուզում: Միայն թե ինքը Ռոբերտ Քոչարյանի կրկնակը լինի:
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
