Վրաստանը կառուցում էր իր քաղաքականությունը հայ-ադրբեջանական հակամարտության շարունակականության հաշվարկով, սակայն այժմ, տեսնելով հնարավոր լուծումների հեռանկարը, ձգտում է ավելի ակտիվ ներգրավվել տարածաշրջանային նախաձեռնություններում։
Բորիս Նավասարդյան
1inTV‑ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկա դինամիկան և ապագա հեռանկարները։ Փորձագետը նշում է, որ 2025 թվականի երկրորդ կեսի արագ զարգացումներից հետո այժմ նկատվում է բանակցային դադար, ինչը պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական ընտրություններով և տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածությամբ: Զրույցի առանցքում են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը, մասնավորապես՝ Մեղրիի հատվածի նշանակությունը և դրա շուրջ միջազգային խաղացողների, օրինակ՝ ԱՄՆ‑ի, ունեցած դերակատարությունը։ Նավասարդյանը կանխատեսում է, որ 2026 թվականի երկրորդ կեսին սպասվում են նոր և հետաքրքիր զարգացումներ, քանի որ կողմերը գիտակցում են ուղիղ երկխոսության և փոխադարձ կախվածության հավասարակշռման անհրաժեշտությունը։ Վերլուծության նպատակն է ցույց տալ, որ չնայած խաղաղության պայմանագրի ստորագրման ֆորմալ խոչընդոտներին, խաղաղության գործընթացը դառնում է ավելի կայուն և անշրջելի գործոն Հարավային Կովկասի համար։
Բորիս Նավասարդյանը նշեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը, հատկապես 2025 թվականի կեսերից սկսած, կարելի է բնութագրել որպես «ցածր մեկնարկ»․գործընթացները զարգացել են անսպասելի արագությամբ և ստեղծել որոշ չափազանցված սպասումներ։ Նա դիտարկում է, որ այդ տեմպի պահպանությունը բնականաբար հնարավոր չէր, քանի որ նման արագ զարգացումներից հետո անհրաժեշտ է որոշակի դադար՝ իրավիճակը վերաիմաստավորելու և ռիսկերը գնահատելու համար։ Նավասարդյանը կարծում է, որ այս դանդաղեցումը պայմանավորված է մի քանի գործոններով։ Առաջին հերթին՝ Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներով, մասնավորապես խորհրդարանական ընտրություններով, որոնք, նրա խոսքով, ժամանակավորապես նվազեցնում են արտաքին քաղաքական ակտիվությունը։ Միաժամանակ, նա ընդգծում է, որ Բաքվում ևս մեծ ուշադրությամբ հետևում են այդ ընտրությունների արդյունքներին։
Քաղաքագետը նաև նշեց արտաքին գործոնների ազդեցությունը՝ հատկապես Իրանի շուրջ զարգացումները։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանային լարվածությունը և ռազմական գործողությունները ազդում են հաղորդակցային նախագծերի, այդ թվում՝ «TRIPP» (Մեղրիի ուղղությամբ հաղորդակցությունների) վրա՝ դրանք որոշ չափով մղելով երկրորդ պլան։ 2025‑ի երկրորդ կեսին արձանագրված արագ զարգացումներից հետո ներկայիս դադարն ունի նաև դրական կողմ․այն հնարավորություն է տալիս կողմերին ամփոփել ձեռքբերումները, գնահատել ռիսկերն ու նոր հնարավորությունները։ Նա համոզված է, որ 2026 թվականի երկրորդ կեսին կարելի է սպասել նոր ակտիվացման։
Խոսելով Իրանի շուրջ հնարավոր «ստատուս քվոյի» պահպանման սցենարի մասին՝ վերլուծաբանը նշեց, որ ժամանակակից պատերազմներում «հյուծվածության» գաղափարը հարաբերական է, քանի որ կողմերը կարողանում են վերականգնել իրենց ռեսուրսները։ Նրա դիտարկմամբ՝ ներկայիս հարաբերական դադարը պայմանավորված է ոչ թե հյուծմամբ, այլ նրանով, որ կողմերը չեն տեսնում իրենց նպատակների իրականացման հստակ ուղիներ։

Նավասարդյանը ընդգծեց, որ գլոբալ առևտրային քարտեզի փոփոխությունը միաժամանակ նվազեցնում է որոշ ուղղությունների կարևորությունը, բայց նաև մեծացնում է Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի դերը որպես հաղորդակցային հանգույց։ Նա կարծում է, որ եթե Մեղրիի ուղղությունը լիարժեք չիրականացվի, կարող են քննարկվել այլընտրանքային տարբերակներ՝ օրինակ Հայաստանի հիմնական տարածքով անցնող հաղորդակցությունները։
Քաղաքական վերլուծաբանը նաև անդրադարձավ Ադրբեջանի դիրքորոշմանը՝ նշելով, որ Բաքուն նախընտրում էր այնպիսի մոդել, որտեղ իր կախվածությունը Հայաստանից նվազագույն կլինի, իսկ Հայաստանի կախվածությունը՝ առավելագույն։ Սակայն, նրա խոսքով, հնարավոր է ձևավորվի ավելի հավասարակշռված փոխադարձ կախվածության համակարգ։
Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ Նավասարդյանը կարևոր տարբերակում արեց «խաղաղության պայմանագրի» և «խաղաղության գործընթացի» միջև։ Նա նշեց, որ նույնիսկ պայմանագրի բացակայության դեպքում համագործակցությունը կարող է զարգանալ, ինչպես դա եղել է պատմության մեջ, օրինակ՝ Խորհրդային Միության և Ճապոնիայի հարաբերություններում։ Նրա կարծիքով՝ կողմերը արդեն գիտակցում ենհամագործակցության օգտակարությունը։
Ադրբեջանը շարունակում է առաջադրել որոշ պայմաններ, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, սակայն նկատվում է որոշակի ճկունություն այդ հարցում։Խոսելով տարածաշրջանում խաղաղության «անշրջելիության» մասին՝ նա դիտարկում է, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում ոչինչ ամբողջությամբ անշրջելի չէ, սակայն առկա է կայուն առաջընթաց։ Նա օրինակ բերեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ կապված զարգացումները՝ ընդգծելով, որ տարածաշրջանում ձևավորվում է ավելի համագործակցային միջավայր։
Վերլուծաբանը մասնակիորեն չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե արտաքին դերակատարները նախկինում խանգարել են գործընթացին։ Նրա կարծիքով՝ խնդիրը եղել է ոչ թե արտաքին ուժերի մեջ, այլ կողմերի՝ Երևանի և Բաքվի պատրաստակամության բացակայության մեջ։ Նա ընդգծեց, որ այսօր այդ գիտակցությունը ձևավորվում է, ինչը դրական ազդակ է։ Միաժամանակ, Նավասարդյանը կարևոր համարեց նաև արտաքին դերակատարների մասնակցությունը՝ նշելով, որ նրանց ներգրավվածությունը կարող է օգտակար լինել, եթե այն տեղի է ունենում կողմերի նախաձեռնությամբ, այլ ոչ պարտադրանքով։
Անդրադառնալով Վրաստանին՝ Բորիս Նավասարդյանը նշեց, որ Թբիլիսիում նույնպես տեղի է ունենում մոտեցումների վերանայում։ Նրա խոսքով՝ նախկինում Վրաստանը կառուցում էր իր քաղաքականությունը հայ-ադրբեջանական հակամարտության շարունակականության հաշվարկով, սակայն այժմ, տեսնելով հնարավոր լուծումների հեռանկարը, ձգտում է ավելի ակտիվ ներգրավվել տարածաշրջանային նախաձեռնություններում։
Վերջում քաղաքական վերլուծաբանը եզրակացրեց, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունները խոստումնալից են, և հատկապես 2026 թվականի երկրորդ կեսին հնարավոր են կարևոր զարգացումներ՝ թե՛ հաղորդակցությունների, թե՛ քաղաքական համագործակցության ուղղությամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
