Հանրային քննադատություններին հակակշիռ ոչ մի փաստարկ Լեւոն Զուրաբյանը իր ելույթներում եւ հարցազրույցներում չի բերում, ինքն էլ խոստավանում է, որ միայն ընտրություններում «հաղթելու ակնկալիք» ունի, ուստի հարց է, թե ո՞րն է ընտրապայքարին մասնակցելու ՀԱԿ‑ի իրական շարժառիթը:
Մուղնի
«Մենք գնում ենք ընտրությունների՝ մեր գաղափարների հաղթանակների ակնկալիքով՝ որպես Հայաստանին ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժ»:
Մեջբերումը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի խոսքից է: Ի՞նչն է այստեղ աչքի ընկնում: ՀԱԿ‑ը համապետական, երկրի համար գոյութենական նշանակության ընտրությունների է գնում ընդամենը իր գաղափարների հաղթանակի ակնկալիքով: Այսինքն, հաղթելու, կառավարություն ձեւավորելու վստահություն չունի:
Լեւոն Զուրաբյանը նույն տեղում վստահեցնում է, որ ՀԱԿ‑ը Հայաստանին «ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժն է»: Հայաստանի քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը խաղաղություն է ցանկանում: Եթե ՀԱԿ‑ը խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժը լիներ, ապա բազմահազարնոց հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր կկազմակերպեր եւ իր ձեռքը կվերցներ նախընտրական միջավայրի կառավարման բոլոր լծակները:
Նման նախաձեռնություն, ինչպես տեսնում ենք, ՀԱԿ‑ը չի ցուցաբերում: Ինչու՞: Խորհրդարանական անցած ընտրություններին ՀԱԿ‑ը մասնակցել է Ստեփան Դեմիրճյանի հետ դաշինքով եւ ստացել քսանհինգ հազար քվե: Անցած հինգ տարիներին ՀԱԿ‑ի վարկանիշը չի աճել: Նա մնացել է նույնիսկ ընդդիմության կողմից նույն մերժվածը: Իսկ դա հիմնավոր պատճառներ ունի:

Չնայած գործադրած ջանքերին, Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է անցանկալի լինել թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի, առավել եւս՝ Դաշնակցության եւ մյուս ազգայնական ուժերի համար:
Գալով ՀԱԿ‑ի հանդեպ հանրային վերաբերմունքին, ապա այն նույնպես չի փոխվել: Արդարացի՞ է դա, թե՞ ոչ, այլ հարց է, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը նույնականացվում է պետական ունեցվածքի փոշիացման, ցրտի եւ մթի, ուժային մարմինների ամենաթողության եւ կոռուպցիոն համակարգի ստեղծման հետ:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո ավելացել է նաեւ մեղադրանքը, թե ինչու՞ առաջին պատերազմի ռազմական հաջողությունները դիվանագիտական ճակատում ամրագրելու փոխարեն «ճողոպրել է» եւ իշխանությունը հանձնել Ռոբերտ Քոչարյանին:
Հանրային քննադատություններին հակակշիռ ոչ մի փաստարկ Լեւոն Զուրաբյանը իր ելույթներում եւ հարցազրույցներում չի բերում, ինքն էլ խոստավանում է, որ միայն ընտրություններում «հաղթելու ակնկալիք» ունի, ուստի հարց է, թե ո՞րն է ընտրապայքարին մասնակցելու ՀԱԿ‑ի իրական շարժառիթը: Կարելի է միայն մի եզրակացության գալ: Բնույթով եւ կազմակերպվածությամբ ՀԱԿ‑ը պահպանողական կուսակցություն է, նրա անդամների եւ համակիրների մեծ մասը մտավորականության տարբեր խավերից է:
Ընտրություններին ՀԱԿ‑ի չմասնակցելու դեպքում նրա անդամների եւ համակիրների մեծամասնությունը ոչ Քոչարյանի, ոչ Դաշնակցության օգտին կքվեարկի, ոչ էլ՝ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի: Նրանց մի մասը քվեարկության չի գնա, մյուսները կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին:

Որպեսզի այդպես չլինի, Նիկոլ Փաշինյանը մի քանի հազար կամ տասը հազար հավելյալ քվե չստանա, Լեւոն Զուրաբյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել: Իսկ թե ՀԱԿ-ին դա ի՞նչ կարժենա, նրան հետաքրքիր չէ:
Մուղնի
Վերնոշյալ գրառումը Մեր Ուղինի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
