Արտաքին դերակատարների կողմից ընտրությունների չափազանց աշխարհաքաղաքական ընկալումը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել թե՛ ժողովրդավարական ինստիտուտներին, թե՛ հենց այդ դերակատարների հեղինակությանը Հայաստանում։
Տիգրան Գրիգորյան
Civilnet‑ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ։ Զրույցը վերլուծում է Հայաստանի գալիք ընտրությունների աշխարհաքաղաքականացված բնույթը, որտեղ ներքին քաղաքական պայքարը սերտորեն շաղկապված է արտաքին ուժային կենտրոնների շահերի հետ։ Քննարկման առանցքում իշխող ուժի որդեգրած դիվերսիֆիկացիայի քաղաքականությունն է, որն ուղղված է Ռուսաստանից կախվածության նվազեցմանը, և ընդդիմության կողմնորոշումը դեպի Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնումը։ Գրիգորյանն ընդգծում է, որ արտաքին դերակատարները, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ‑ը և Եվրոպական միությունը, բացահայտորեն աջակցում են իրենց նախընտրելի թեկնածուներին՝ երբեմն աչք փակելով ժողովրդավարական նորմերի վրա հանուն ռազմավարական շահերի։ Չնայած քաղաքական ուժերի բևեռացվածությանը, հանրային կարծիքն ավելի ռացիոնալ է և հակված է հավասարակշռված արտաքին քաղաքականությանը։ Գրիգորյանըզգուշացնում է, որ ընտրությունների չափազանց աշխարհաքաղաքականացումը կարող է վնասել երկարաժամկետ ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին:
Տիգրան Գրիգորյանը անդրադառնալով ընտրությունների բնույթին՝ նշեց, որ խոսելով «աշխարհաքաղաքականացված ընտրությունների» մասին՝ նկատի ունի երկու հարթություն՝ ներքին և արտաքին։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հիմնական դերակատարները, որոնք իրական շանս ունեն անցնելու խորհրդարան, ունեն հստակ աշխարհաքաղաքական նախապատվություններ։
Քաղաքագետն ընդգծեց, որ իշխող ուժը վերջին տարիներին վարում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն՝ նպատակ ունենալով նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և խորացնել հարաբերությունները Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, ընդդիմադիր հիմնական ուժերը հանդես են գալիս ավելի պրոռուսական դիրքերից՝ շեշտելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտությունը և նրան դիտարկելով որպես անվտանգային երաշխավոր։

Գրիգորյանը նաև նշեց, որ արտաքին հարթությունում ևս պատկերը հստակ է․Ռուսաստանը, ըստ նրա, տարբեր գործիքներով փորձում է ազդել ներքաղաքական գործընթացների վրա և բացահայտ ցույց է տալիս իր նախապատվությունները։ Նա ընդգծեց, որ ռուսական կողմը ոչ միայն քննադատում է Հայաստանի իշխանություններին, այլ նաև ակնարկում է, թե որ ուժերն են իր համար ընդունելի քաղաքական դաշտում։ Նա դիտարկեց, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգներ‑ը ավելի զուսպ, բայց իրականում բավական հստակ աջակցություն են ցուցաբերում գործող իշխանությանը։ Նրա կարծիքով՝ դա արտահայտվում է թե՛ քաղաքական քայլերով, թե՛ միջազգային միջոցառումների կազմակերպմամբ և ընդհանուր քաղաքական ֆոնով։
Քաղաքագետը փորձեց բացատրել այդ նախապատվությունների պատճառները՝ նշելով, որ Ռուսաստանի դեպքում հիմնական գործոնը դժգոհությունն է Հայաստանի վարած քաղաքականությունից և նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը կորցրել է իր նախկին ազդեցությունը հայկական հանրային կարծիքի վրա։ Նա կարծում է, որ հենց այդ պատճառով Մոսկվան շահագրգռված է ունենալ իրեն մոտ քաղաքական ուժեր Հայաստանի խորհրդարանում։ Միևնույն ժամանակ արևմտյան դերակատարների համար առաջնային է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցումը։ Եթե կա իշխանություն, որը փորձում է հեռանալ ռուսական ազդեցությունից, ապա բնական է, որ այն ստանում է աջակցություն։ Սակայն նա նաև ընդգծեց, որ այստեղ գործում է պրագմատիկ հաշվարկ, քանի որ ընդդիմադիր դաշտի մի մասը դժվար է ամբողջությամբ ժողովրդավարական համարել։
Քաղաքագետը նաև անդրադարձավ տարածաշրջանային գործոններին՝ մասնավորապես Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ նշելով, որ այդ երկրի հարաբերությունների սառեցումը Եվրոպայի հետ մեծացնում է Հայաստանի դերը տարածաշրջանում։ Խոսելով ընդդիմության արտաքին քաղաքական առաջարկների մասին՝ նա կարծիք հայտնեց, որ դրանց մի մասը իրատեսական չէ։ Նրա գնահատմամբ՝ հատկապես Ռուսաստանի վրա հիմնված անվտանգության մոդելը այլևս չի համապատասխանում ներկա իրողություններին՝ հաշվի առնելով վերջին տարիների զարգացումները, այդ թվում՝ պատերազմներն ու անվտանգային ճգնաժամերը։
Քաղաքագետը նշեց նաև, որ որոշ ընդդիմադիր գործիչներ շարունակում են մտածել հին աշխարհաքաղաքական կատեգորիաներով, որոնք ձևավորվել են դեռ 2000-ականներին, և չեն արտացոլում ներկա միջազգային հարաբերությունների բարդությունը։Հասարակական տրամադրությունները զգալիորեն տարբերվում են քաղաքական խոսույթից։ Նրա խոսքով՝ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծ մասը կողմ է բալանսավորված արտաքին քաղաքականությանը՝ առանց հստակ պրոռուսական կամ պրոարևմտյան ուղղվածության։ Նա սա գնահատեց որպես ավելի ռացիոնալ մոտեցում, քան քաղաքական դաշտում հնչող ծայրահեղ դիրքորոշումները։
Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հաճախ օգտագործում են աշխարհաքաղաքական թեզերը ներքաղաքական նպատակներով՝ փորձելով մոբիլիզացնել ընտրողներին։ Որոշ չափով նորմալ է, երբ քաղաքական ուժերը ունեն արտաքին քաղաքական տարբեր պատկերացումներ, սակայն վտանգավոր է, երբ ընտրությունները ամբողջությամբ աշխարհաքաղաքականացվում են։Նրա կարծիքով՝ երբ ներքին քաղաքական գործընթացները ներկայացվում են որպես անվտանգության հարց, դա լուրջ խնդիրներ է ստեղծում ժողովրդավարության համար։ Նա ընդգծեց, որ նման պայմաններում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հակված են մանիպուլացնել հանրային վախերը՝ ներկայացնելով ընտրությունները որպես գոյաբանական ընտրություն։
Վերջում քաղաքագետը եզրակացրեց, որ արտաքին դերակատարների կողմից ընտրությունների չափազանց աշխարհաքաղաքական ընկալումը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել թե՛ ժողովրդավարական ինստիտուտներին, թե՛ հենց այդ դերակատարների հեղինակությանը Հայաստանում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
