Այսօր ՀՅԴ-ն կրկնում է այդ նույն կործանարար սխալը։ ՀՅԴ-ն շարունակում էր 90 մլն-ոց Թուրքիայից հող պահանջել ու դա անել այն դեպքում, երբ անգամ հաղթանակով ձեռք բերված Արցախը չկարողացանք պահել։ ՀՅԴ-ն չի ցանկանում հրաժարվել հողմաղացների դեմ կռիվ անելու իր «դոն քիշոտյան» օրակարգից։ Բայց չես հասկանում․ շարունակում է, որովհետև հավատո՞ւմ է, թե՞ ուղղակի չի կարող ընդունել իր սխալը։
Մեր Ուղին
Քաղաքական ինքնախաբեության ու դեմագոգիայի թերևս ամենալավ ու ցայտուն պատկերը տալիս է այսօրվա ՀՅԴ պահվածքը, ծրագիրը և դրա հետևից ընթացող դաշնակցականը։ Նա ինքն իրեն համոզել և շարունակում է համոզել ամենից անիրական մտքերում ու ստիպում է, որ բոլորը տարվեն քաղցր, բայց անտանելի ստով, իսկ ով չհամաձայնվի՝ դավաճան է ու թուրքին ծախված։ ՀՅԴ ղեկավարության համար իր շարքերի աչքերը կապող այդ գեղեցիկ ծածկոցը «մեծ ու միացյալ Հայաստանի» պահանջն է։ Այդ գաղափարը այն քաղցր, բայց դանդաղ սպանող թույնն է, որով ՀՅԴ ղեկավարությունն այսօր թունավորում է իր շարքային անդամների գիտակցությունը և նրանց ստիպում մի կողմ դնել ունեցած պետությունն ու ապրել երազներով։ Ու նույնիսկ արդեն հասկանալի էլ չէ, թե ՀՅԴ ղեկավարությունն ինքն այդքան միամի՞տ է, որ շարունակում է անգամ այս պայմաններում գոռալ հողերի վերադարձի մասին, ֆանատիկի հավա՞տ ունի, որ չի դադարում հուսախաբ լինել բայց նորից հավատ գտնել, թե՞ ուղղակի իր շարքերին զբաղեցնելու այլևս ոչինչ չունի ու մնացել է անընդմեջ նույն լարի վրա նվագել։
Քաղաքական ինքնախաբեության այս ինքնակործան ընթացքի մասին ՀՅԴ-ում վաղուց էին գլխի ընկել։ Դրա մասին դառնորեն խոսել է նաև Առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը «Հայրենիք» ամսագիր, թիվ 1, 1921/1922, իր հոդվածներից մեկում, երբ՝ Վրացյանը այստեղ անդրադառնում է Փարիզի խաղաղության կոնֆերանսում հայկական պահանջներին և գրում է մոտավորապես հետևյալ իմաստով, որ․
Հայկական պատվիրակությունը Փարիզում հանդես եկավ այնպիսի պահանջներով, որոնք զգալիորեն գերազանցում էին Հայաստանի իրական հնարավորությունները։ Նրանց ծրագրերը կազմված էին առավելապես ցանկությունների և ազգային զգացմունքների վրա, այլ ոչ թե քաղաքական հաշվարկի և ուժերի հարաբերակցության գիտակցության վրա։
Նա նշում է, որ այդ մոտեցումը ձևավորվել էր մի միջավայրում, որտեղ հայկական հարցը դիտվում էր ավելի շատ իդեալականացված, քան իրական քաղաքականության շրջանակում։ Այդ պատճառով էլ պատվիրակների մտածողությունը կրում էր այնպիսի բնույթ, որը կարելի է բնութագրել որպես «փարիզյան»՝ կտրված հայրենի հողի իրական պայմաններից։
Վրացյանի դիտարկմամբ՝ հայկական կողմը պահանջում էր լայնածավալ տարածքներ և առավելագույն իրավունքներ՝ առանց հաշվի առնելու, թե արդյոք այդ պահանջները կարող են պաշտպանվել ռազմական, քաղաքական կամ դիվանագիտական միջոցներով։ Նա ընդգծում է, որ նման դիրքորոշումը ոչ միայն անիրատեսական էր, այլ նաև վնասակար, քանի որ ստեղծում էր ակնկալիքներ, որոնք հետագայում չէին կարող իրականանալ։
Նրա կարծիքով՝ հայկական քաղաքական միտքը այդ պահին չէր անցել անհրաժեշտ սթափության փուլը և դեռ գտնվում էր զգացմունքային ու իդեալիստական պատկերացումների ազդեցության տակ։ Արդյունքում՝ արտաքին աշխարհին ներկայացվող ծրագիրը չէր համապատասխանում իրական ուժերին և միջազգային իրավիճակին։
Այսօր որևէ դաշնակցականի մտքով կանցնի՞ Սիմոն Վրացյանին ծախված շուն կոչել զուտ այն պատճառով, որ իր հանրապետության կործանումն ապրած բազմափորձ կուսակցական գործիչը սրտի կսկիծով արձանագրում է հայկական կուսակցական կյանքի քաղաքական անհեռանկարի ողբերգականությունը։ Ընդ որում Սիմոն Վրացյանը դառնորեն է խոստովանում, որ իրենք չեն հասկանցել, չեն տեսել, չեն կամեցել ընդունել ճշմարտությունը, մերժել են իրականությունը հանուներազի ու ի վերջո զրկվել ամեն ինչից։
Այսօր ՀՅԴ-ն կրկնում է այդ նույն կործանարար սխալը։ ՀՅԴ-ն շարունակում էր 90 մլն-ոց Թուրքիայից հող պահանջել ու դա անել այն դեպքում, երբ անգամ հաղթանակով ձեռք բերված Արցախը չկարողացանք պահել։ ՀՅԴ-ն չի ցանկանում հրաժարվել հողմաղացների դեմ կռիվ անելու իր «դոն քիշոտյան» օրակարգից։ Բայց չես հասկանում․շարունակում է, որովհետև հավատո՞ւմ է, թե՞ ուղղակի չի կարող ընդունել իր սխալը։ Մի՞թե ՀՅԴ-ի համար այդքան սպանիչ է սխալն ընդունելը։ Իսկ ինչպե՞ս էին Վրացյանը, Քաջազնունին, Ջամալյանը և մյուսները ընդունում։ Նրանք ինչ է մեծ Հայաստան չէին ուզո՞ւմ, թե՞ լա՞վ հայրենասերներ չէին։ Գուցե վատ գաղափարականնե՞ր էին։ Վատ կուսակցականներ, վատ դաշնակցականներ։
Այդ ո՞ր հայը չի ուզում Արցախն ու անգամ Մեծ Հայքը։ Այդ ո՞ր հայը չի ցանկանում ուժեղ ու փառահեղ Հայաստան, որտեղ ինքն այնքան ուժեղ կլինի, որ ոչ ոք չի կարող իրեն որևէ բան պարտադրել։ Բայց ի՞նչ գնով։ Իրական Հանրապետությունը քանդել հանուն ավելի մեծ քարտեզ ունենալո՞ւ։ Հանուն մշտական ողբի՞։ Հանուն անվնաս թրքատյացությա՞ն։ Հանուն իմիտացիայի, որ ցույց տան, թե իրենք դեռ նպատակ ու անելի՞ք ունեն։ Ինչ է ՀՅԴ-ն չի հասկանո՞ւմ, որ Թուրքիայի համար այսօր ո՛չ Հայաստանը, ոչ էլ առավելապես ՀՅԴ-ն ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Թուրքիան այսօր ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունի, 90 մլն բնակչություն։ Թուրքիան ողջ Աֆրիկայի տնտեսական ռազմավարական գործընկերն է։ ՀՅԴ-ում դրա մասին գիտե՞ն, թե՞ նրանք բավարարում են միայն հայհոյանքով ու հոխորտանքով ու իրենց էլ թվում է, թե «Ստամբուլն արյան ծով» դարձնելու մասին երգերին ինչ որ մեկը լուրջ է վերաբերում։ Ու դեռ դա էլ բավարար չէ, ՀՅԴ ղեկավարները 136-ամյա կուսակցությունը դարձրել են Պուտինյան Ռուսաստանի ջատագով Քոչարյանի ծառան։ Դարձել են սատար մի մարդու, ով շատ հանգիստ քննարկում է անկախությունից հրաժարվելու միտքը։ Եվ ՀՅԴ-ն աջակցում է նման մի մարդու։ Հին դաշնակցականներն ամենավատ երազում անգամ չէին կարող տեսնել նման մղձավանջ, որ անկախության մարտիկ, ըմբոստ ու հեղափոխական կուսակցությունը կդառնա ռուսամետ մեկի քաղաքական գործիքը, իր օրվա առաջնորդությունը կհանձնի նրան ու կդառնա նրա նախընտրական շտաբի աշխատողը։
Դեռևս 1918-19թթ․ արևմտահայերը չէին ընդունում Հայաստանի Հանրապետությունը։ Այն համարում էին կիսաարհեստական, թուրքից ողորմություն ստացած Արարատյան Հանրապետություն ու համարում էին, որ իրական Հայաստանը՝ Արևմտյան Հայաստանն է ու միայն Արևմտյանը։ Եվ այդպես էլ մնացին ու Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին միայն 1919թ․։ Հասկանո՞ւմ եք հայերը Հայաստանը ճանաչում են ավելի ուշ, քան Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան։ Հայերը ավելի ուշ են բարեհաճում ճանաչել արյամբ նվաճված անկախությունը, ինչ է, թե այն լիովին իրենց ճաշակով չէ։ Ու հետո զրկվեցին նաև դրանից, որովհետև շարունակում էին ապրել դատարկությամբ ու երազներով։
Այնպես ինչպես առաջ։ Այնպես, ինչպես այսօր։ Անընդհատ նոր կորուստը լրացնելով նոր երազանքով, ամեն կորստի դիմաց նոր երգ ու հայհոյանք հորինելով, նոր քարտեզ տպելով։ Սա է այսօրվա ազգայնականության խարխլված էությունը՝ ՀՅԴ ծրագրի ու ղեկավարության առաջնորդությամբ։
Մեր Ուղին
