Հայաստանում առավել կոշտ, ազգայնական հռետորաբանությունը հաճախ կապված է ռուսամետ ուժերի հետ։ Այդ դաշտը հիմնականում զբաղեցված է այդ ուժերի կողմից, որոնք ունեն ֆինանսական և քաղաքական ռեսուրսներ, ինչպես նաև արտաքին աջակցություն, ինչի արդյունքում այլ՝ «ազնիվ ազգայնական» ուժերը դուրս են մղվում քաղաքական գործընթացներից։
Միքայել Զոլյան
FactorTV‑ն զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են Հայաստանի ներքաղաքական դինամիկայի և ինքնիշխանության պահպանման մարտահրավերները։ Զոլյանը հակադրում է իրատեսական խաղաղության ձգտումը այն քաղաքական տրամաբանությանը, որը հույսը դնում է արտաքին «փրկիչների» վրա՝ զգուշացնելով, որ սեփական շահերը օտար տերություններին պատվիրակելը վերածում է պետությունը աշխարհաքաղաքական գործիքի։ Ըստ Զոլյանի, Ռուսաստանի ռազմավարական նպատակը ոչ թե անմիջական իշխանափոխությունն է, այլ խորհրդարանում ռուսամետ լեգիտիմ հարթակի ստեղծումը՝ Հայաստանի արևմտամետ ընթացքը կասեցնելու և երկրի ներքին կայունությունը խարխլելու համար։ Կարևորվում է սուբյեկտայնության վերականգնման կարևորությունը և սեփական ռեսուրսների վրա հիմնված ուղղակի դիվանագիտության անհրաժեշտությունը։
Միքայել Զոլյանը նշում է, որ նախընտրական բանավեճում կիրառվող քաղտեխնոլոգիաները ինքնին դատարկ չեն․ նրա դիտարկմամբ՝ դրանք աշխատում են միայն այն դեպքում, երբ հիմքում որոշակի իրական հակադրություն կա։ Զոլյանն ասում է, որ քաղաքական պայքարը իրականում ընթանում է երկու տարբեր տրամաբանությունների միջև․ մեկը՝ իրատեսական, որը ենթադրում է սահմանափակ ռեսուրսների հաշվառում և հարևանների հետ հնարավոր պայմանավորվածությունների որոնում, մյուսը՝առավելագույնական, որը կառուցվում է արտաքին «փրկչի» կամ մեծ ուժի վրա հույս դնելու գաղափարի շուրջ։ Նրա կարծիքով՝ այդ երկրորդ մոտեցումը վտանգավոր է, որովհետև հիմնվում է ոչ թե սեփական կարողությունների, այլ արտաքին ուժերի միջամտության սպասման վրա։ Քաղաքագետը ընդգծում է, որ աշխարհաքաղաքական զարգացումները կարող են լինել անկանխատեսելի, սակայն դրանց վրա ռազմավարություն կառուցելը սխալ է։ Զոլյանը դիտարկում է, որ նման սպասումները հաճախ վերածվում են քաղաքական մանիպուլյացիայի գործիքի։
Միքայել Զոլյանի գնահատմամբ՝ այս մտածողության հիմքում թաքնված է կայսերական ազդեցության տրամաբանություն, որը տարբեր պատմական փուլերում հանդես է եկել տարբեր ձևերով, սակայն նույն նպատակով՝ սահմանափակել փոքր պետությունների ինքնիշխանությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը նույնիսկ այդ համակարգում չի դիտարկվում որպես լիարժեք վարչական միավոր, այլ որպես գործիք, որը կարող է օգտագործվել կամ փոխանակվել ըստ անհրաժեշտության։
Նման մոտեցումը երկարաժամկետ առումով բերում է պետականության թուլացման, ժողովրդագրական խնդիրների խորացման և անկախության կորստի վտանգի։ Նա կարծում է, որ նույնիսկ եթե անմիջական պատերազմական վտանգ չլինի, այդ տրամաբանությունը հանգեցնում է նույն արդյունքին։

Քաղաքագետը նաև անդրադառնում է այն երևույթին, որ Հայաստանում առավել կոշտ, ազգայնական հռետորաբանությունը հաճախ կապված է ռուսամետ ուժերի հետ։ Նրա դիտարկմամբ՝ այդ դաշտը հիմնականում զբաղեցված է այդ ուժերի կողմից, որոնք ունեն ֆինանսական և քաղաքական ռեսուրսներ, ինչպես նաև արտաքին աջակցություն, ինչի արդյունքում այլ՝ «ազնիվ ազգայնական» ուժերը դուրս են մղվում քաղաքական գործընթացներից։
Զոլյանը կարծում է, որ բացահայտ ռուսամետ դիրքորոշումը Հայաստանում այլևս լայն աջակցություն չի վայելում, ուստի այն հաճախ քողարկվում է անվտանգության սպառնալիքների մասին խոսույթով։ Նրա խոսքով՝ հասարակության պատմական տրավմաները՝ ցեղասպանությունից մինչև վերջին պատերազմներ, օգտագործվում են վախի մթնոլորտ ստեղծելու և արտաքին կախվածությունը արդարացնելու համար։ Այդ նարատիվը կառուցվում է պարզ և բևեռացված պատկերների վրա՝ «կամ մենք, կամ նրանք» տրամաբանությամբ, ինչը հեշտ ընկալելի է, սակայն չի արտացոլում իրականության բարդությունը։ Զոլյանը նշում է, որ նման ընկալումը խոչընդոտում է տարածաշրջանային հարաբերությունների ավելի խորքային ըմբռնմանը և փոխադարձ խնդիրների իրական պատճառների բացահայտմանը։
Միքայել Զոլյանը նաև պատմական օրինակներով ցույց է տալիս, որ հայկական քաղաքական միտքը հաճախ ընտրել է միջնորդների միջոցով խնդիրները լուծելու ճանապարհը՝ ուղղակի երկխոսության փոխարեն։ Նրա կարծիքով՝ դա հանգեցրել է սուբյեկտայնության կորստի և արտաքին ուժերի գործիք դառնալու իրավիճակի։ Իրական անկախությունը ենթադրում է սեփական սահմանների վերահսկում և ինքնուրույն որոշումների կայացում։ Նա նշում է, որ երբ պետությունը այդ գործառույթները փոխանցում է այլ երկրին, այն փաստացի կորցնում է իր լիարժեք ինքնիշխանությունը։
Անդրադառնալով Ռուսաստանի քաղաքականությանը՝ քաղաքագետը կարծում է, որ Կրեմլը հաճախ սխալ պատկերացում ունի Հայաստանի ներքին տրամադրությունների մասին՝ հենվելով սահմանափակ աղբյուրների վրա։ Նրա գնահատմամբ՝ այդ սխալ ընկալումները բերում են նաև սխալ քաղաքական քայլերի։ Ռուսաստանի հիմնական նպատակը կարող է լինել ոչ թե անմիջապես իշխանափոխությունը, այլ խորհրդարանում ազդեցիկ ներկայություն ապահովելը և Հայաստանի քաղաքական դաշտում ազդեցության լծակների պահպանումը։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա ազդել երկրի արտաքին քաղաքական ուղղության վրա և անհրաժեշտության դեպքում կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը։
Վերջում Միքայել Զոլյանը եզրակացնում է, որ նույնիսկ եթե առավելագույն սցենարները քիչ հավանական են, նվազագույն ծրագրերը՝ ազդեցության պահպանումը և քաղաքական գործընթացների վրա ճնշումը, լիովին իրատեսական են, և Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ մարտահրավերներին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
