Գիտի, համոզված է, բայց «Ազատություն» ռադիոկայանի ընձեռած հնարավորությունը ծառայեցնում է բացառապես նախընտրական նպատակների, հանրության զգացմունքները շահագործում է, որպեսզի խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքը հավելյալ քվե ստանա:
Վահրամ Աթանեսյան
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանի բանավեճի տաղավարում հիշեցրել է հայ-թուրքական հարաբերությունների այն շրջանը, երբ «Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ միջազգային ճնշման արդյունքում Թուրքիայում հայոց ցեղասպանության նկատմամբ մոտեցում էր փոխվել»: Նա մասնավորապես ընդգծել է, որ « 2005թ.-ին Թուրքիայում հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է գումարվել, հրապարակվել են Կոստանդնուպոլսի դատավարության նյութերը»:

Հայ-թուրքական հարաբերություններում Կիրո Մանոյանի հիշեցրած ժամանակաշրջանը հայտնի է նրանով, որ հայոց ցեղասպանության իննսուներորդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ առաջարկել, որ ցեղասպանության հետ կապված հարցը քննարկելու նպատակով ստեղծվի պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով:

Նամակը Երեւանում ստացվել է 2005թ. ապրիլի 18 –ին: Ռոբերտ Քոչարյանի պատասխանը «Մեդիամաքս» գործակալությունը տարածել է ապրիլի 27-ին: Այսօր հարկ չկա մանրամասնել, թե Հայաստանի նախագահը ինչ եւ ինչպես է ասել Թուրքիայի վարչապետին: Էրդողանին Քոչարյանի պատասխանը կարելի է ներկայացնել այսպես. «Ցեղասպանությունը անհերքելի փաստ է, պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու առաջարկը Հայաստանի համար անընդունելի է»:
Կիրո Մանոյանը պատմական փաստը կեղծում է, երբ ասում է, որ այդ փուլում «Թուրքիայի նկատմամբ միջազգային ճնշում է եղել»: Ընդհակառակը, նույն տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը այսպիսի ձեւակերպում է արել. «Մենք Հայաստանի եւ Թուրքիայի խաղաղության, ազատության եւ բարգավաճման ապագային նայում ենք հույսով, որ թուրք-հայկական համատեղ հանձնաժողով ստեղծելու վարչապետ Էրդողանի վերջերս արած առաջարկը հնարավորություն կտա առաջ տանելու այդ գործընթացը»:

Սա ոչ այլ ինչ էր, քան ուղղակի ազդակ Ռոբերտ Քոչարյանին, որ հայ-թուրքական կարգավորումը պետք է մեկնարկի Էրդողանի առաջարկած հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծումից: Կիրո Մանոյանը, պետք է համոզված լինել, այս իրողություններին քաջածանոթ է եւ գերազանց գիտի, որ այդ հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման համար աշխարհի ոչ մի պետություն Անկարայի նկատմամբ որեւէ ճնշում չի գործադրել եւ չի գործադրելու՝ անկախ այն բանից, թե Հայաստանում քաղաքական որ ուժն է իշխանություն:
Գիտի, համոզված է, բայց «Ազատություն» ռադիոկայանի ընձեռած հնարավորությունը ծառայեցնում է բացառապես նախընտրական նպատակների, հանրության զգացմունքները շահագործում է, որպեսզի խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքը հավելյալ քվե ստանա:

Այլ հարցերում, գուցե, քաղաքական «խարդախությունը» տանելի լինի, բայց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ծառայեցնել սույն րոպեական նպատակների՝ ոչ միայն անընդունելի է, այլեւ իրեն հարգող կուսակցությանը եւ նրա առանցքային դեմքերին ուղղակի չի պատշաճում:
Վահրամ Աթանեսյան
Բանավեճը‘
