Մենք մշտապես ասել ենք, որ մեր նահատակները զոհվել են, որպեսզի այսօր Հայաստանը գոյություն ունենա, ապրի ու զարգանա, ողջ նպատակը սա է: Ամեն օր իր խորհրդով պետք է առաջ գնալ:
Ալխաս Ղազարյան
Ընտրություններից մոտ մեկուկես ամիս առաջ իշխանությունը Հանրապետության հրապարակում մեծամասշտաբ միջոցառումներով նշում է Քաղաքացու օրը։ Տոնի ձևաչափի, դրա շուրջ հնչող քննադատությունների, ինչպես նաև կազմակերպվող «Խաղաղության ձայնը» փառատոնի վերաբերյալ «Մեդիալաբը» մի շարք հարցեր է ուղղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանին։

-Տիկի՛ն Ղազարյան, այսօր Հանրապետության հրապարակում նշվում է Քաղաքացու օրը․ ի՞նչ խորհուրդ ունի այս տոնը։ Միևնույն ժամանակ հնչում են կարծիքներ, որ Ցեղասպանության հիշատակի օրվան հաջորդող օրը այն մեծ շուքով նշելը տեղին չէ․ ինչպե՞ս կարձագանքեք այդ դիտարկումներին։
– Գիտեք, որ Քաղաքացու օրը շարժական տոն է ու նշվում է ամեն տարի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը, այս տարի էլ բացառություն չէր: Ի սկզբանե այս տոնի խորհուրդն ու նշանակությունը հետևյալն են եղել, որ քաղաքացին է տերը մեր երկրի ու քաղաքացին է որոշում, թե մեր երկիրն ինչպիսի զարգացման հեռանկար պետք է ունենա: Ինչ վերաբերում է քննադատություններին. բոլորս արդեն 111 տարի այցելում ենք Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհերի հիշատակին: Դա նաև մեզ ուժ է տալիս դասեր քաղելու, պայքարելու ու առաջ գնալու: Շատ հետաքրքիր է, որ հաջորդ օրը մենք ՀՀ քաղաքացիներով նշում ենք մեր օրն ու անպայման շեշտում, որ, այո՛, քաղաքացին է տերը մեր երկրի: Մենք մշտապես ասել ենք, որ մեր նահատակները զոհվել են, որպեսզի այսօր Հայաստանը գոյություն ունենա, ապրի ու զարգանա, ողջ նպատակը սա է: Ամեն օր իր խորհրդով պետք է առաջ գնալ:
-Հանրապետության հրապարակում այսօր տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոն, որը ֆինանսավորվում է «Ֆասթ բանկի» կողմից։ Ելույթ է ունենալու նաև Նիկոլ Փաշինյանը իր «Վարչաբենդով»։ «Անկախ դիտորդը» այստեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, հնչում են նաև քննադատություններ, որ սա նախընտրական իրողությունների տրամաբանության մեջ է տեղավորվում, ինչն ուղեկցվում է օրենքի խախտումներով: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս փաստը:
– Անկեղծ ասած, ես չեմ խորացել օրենսդրական նրբությունների մեջ, թե որքանով դա կարող է դիտարկվել որպես կոռուպցիոն ռիսկ պարունակող պրոցես, բայց ինչքանով տեղյակ եմ, նման խնդիր չի առաջանում: Կրկնում եմ, որ մանրամասնություններին չեմ տիրապետում, բայց չեմ էլ կարծում, թե խնդրահարույց որևէ բան կա:
– Տիկի՛ն Ղազարյան, ինչպիսի՞ն է մթնոլորտը Հանրապետության հրապարակում․ մարդաշա՞տ է, և արդյո՞ք նկատել եք նաև ընդդիմության ներկայացուցիչների ներկայություն։

– Բավականին ու ակտիվ, շատ բարձր տրամադրություն է տիրում, մարդիկ ուրախանում են, շփվում են, շատ լավ տրամադրություն է տիրում: Ընդդիմության ներկայացուցիչներից չեմ տեսել, բայց կարծում եմ, որ տոնը ընդդիմություն ու դիմություն չպետք է ճանաչի, որովհետև մենք նշում ենք ՀՀ քաղաքացու օրը:
– Այսինքն՝ ցանկալի կլիներ նաև ընդդիմադիրների՞ ներկայությունը:
– Բնականաբար, նրանք ևս պետք է նշեին Քաղաքացու օրը, ես այդպես եմ կարծում:
– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ չեն նշում:
– Չեմ կարող ասել, գուցե նրանով է պայմանավորված, որ Քաղաքացու օրը մենք սկսեցինք տոնել հեղափոխությունից հետո, ու դա բացառապես մեր տոնն են համարում, գուցե դրանով է պայմանավորված:
– Տիկի՛ն Ղազարյան, նկատելի է, որ ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչների մեծ մասը իրենց օգտհաշիվների գլխավոր նկարները փոխում է, ու բոլորինդ նույն ձևով է: Ինչո՞վ է պայմանավորված դա, միասնական որոշո՞ւմ է:
– Ինչպես նկատել եք, բոլորիս նկարները նույն են, այո՛, նկարվել ենք ՔՊ կուսակցության թեկնածուներով ու որոշեցինք հենց այս օրը հրապարակել դրանք՝ քաղաքացիների շնորհավորելու համար:
Աղբյուրը՝ https://medialab.am/315474/
