Թրամփի ուղերձն, իհարկե «ավետարանական պատվիրան» չէ, բայց միայն այն, որ նա վերահաստատում է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցությունը ամրապնդելու եւ այդպիսով Հարավային Կովկասում երկարատեւ կայունությանը Հայաստանի սուբյեկտային մասնակցության հնարավորություն ստեղծելու պատրաստակամությունը։
Վահրամ Աթանեսյան
Հայաստանի պետականության եւ նրա ապագայի մասին ի՞նչ պատկերացում ունեն Ռուսաստանը եւ ԱՄՆ‑ը։ Հարցի ոչ ամբողջական պատասխանը, երեւի, կարելի է գոնե ընդհանուր պատկերով հասկանալ, եթե համեմատենք Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսօրա ուղերձները։
Նախ, ցեղասպանության զոհերի մասին Պուտինը օգտագործել է «հարյուր հազարավոր», իսկ Թրամփը՝ «անթիվ» բնորոշումը։ Ըստ Ռուսաստանի նախագահի, ցեղասպանությունը «կրոնական թշնամանքի հրահրման, ազգայնականության եւ այլատյացության» հետեւանք էր, եւ միջազգային հանրությունը «պետք է միավորի ջանքերը, որ նման բարբարոսությունը երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվի»։ Պուտինը «բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում եւ ամենայն բարիք» է մաղթել։

ԱՄՆ նախագահը ընդգծել է «այն խոր ուժը եւ վճռականությունը, որ ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունը եւ կերտելով ավելի լավ ապագա, որ սահմանված է տեւական բարգավաճմամբ, անվտանգությամբ եւ խաղաղությամբ»։ Թրամփը հավաստիացրել է, որ ԱՄՆ‑ը «կանգնած է հայերի կողքին»։
Ընդ որում, ըստ նրա՝ «Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին կշարունակեն աշխատանքը՝ ուղղված առավել անվտանգ եւ բարգավաճ աշխարհի կառուցմանը եւ ամփոփել, որ իր «վարչակազմը ամրապնդում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար զգալի հնարավորություն ստեղծելով եւ խթանելով երկարատեւ կայունությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում»։

Թրամփի ուղերձն, իհարկե «ավետարանական պատվիրան» չէ, բայց միայն այն, որ նա վերահաստատում է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցությունը ամրապնդելու եւ այդպիսով Հարավային Կովկասում երկարատեւ կայունությանը Հայաստանի սուբյեկտային մասնակցության հնարավորություն ստեղծելու պատրաստակամությունը, արդեն իսկ կարեւոր նշանակություն ունի։ ՌԴ նախագահի ուղերձում Հայաստանի հետ գործընկերության եւ այն ամրապնդելու Մոսկվայի նպատակադրվածության մասին ակնարկ իսկ չկա։

Վահրամ Աթանեսյան
