Ընդդիմությունը ներշնչում է, որ եթե Փաշինյանը վերընտրվի, «Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը»։ Ընդդիմության նախընտրական քարոզչությունը ճիշտ հակառակն է հուշում․ փորձ է արվում իշխանազավթման ճանապարհով Հայաստանը մատնել նույն փորձությանը։
Վահրամ Աթանեսյան
Ռուսաստանցի մեդիափորձագետ Արամ Գաբրելյանովը ֆեյսբուքում գրել է․ «Ռուսաստանի խնդիրն այն է, որ մենք մարդուն նրա կենդանության օրոք արժանին չենք մատուցում» եւ բերել Վլադիմիր Պուտինի օրինակը, որ «միայնակ պայքարում է ամբողջ աշխարհի դեմ, պաշտպանում մարդկայնության սկզբունքները»։ «Ժամանակն է, որ մենք սովորենք մարդկանց գովել նրանց կենդանության օրոք եւ չամաչենք»։
Այս գրառումը տասը րոպեում տասնհինգ հավանում եւ մեկ «սրտիկ» է ստացել։ Եւ ի՞նչն է արտառոց․ արձագանքողներից ոչ մեկը ռուս չէ։ Ավելի ճիշտ՝ բոլորը հայեր են, նրանց թվում՝ Արցախից բռնատեղահանված մի քանի հոգի։ Նրանց ինքնությունը չեմ հրապարակայնացնում՝ հարգելով անձնական գաղտնիքի իրավունքը։

Արամ Գաբրելյանովը, գուցե, իրոք հավատում է Վլադիմիր Պուտինի ֆենոմենին։ Այս դեպքում վիճելն անիմաստ է, եթե նա համարում է, որ ուկրաինական քաղաքների բարբարոսական հրթիռակոծումը եւ ուկրաինացի խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը «մարդկայնության սկզբունքների պաշտպանություն է»,- բայց հայ մարդիկ, Արցախից բռնատեղահանվածները Պուտինին «աստվածացնելու» ի՞նչ մոտիվացիա ունեն։

Այդ քայլին նրանք դիմել են կանխատրամադրվածությա՞ն թելադրանքով, սովորույթի ուժո՞վ, թե՞ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «հաղթանակից» ինչ-որ ակնկալիքներ ունեն։ Ապրիլյան քառօրյա մարտերից հետո Ստեփանակերտում «ամեն ինչից լավատեղյակ» մարդկային մի զանգված համոզված էր, որ Պուտինը «մեր ձեռքով Ալիեւին ապտակելու եւ ԼՂ անկախությունը ճանաչելու է»։
Ստացվեց ճիշտ հակառակը․ Պուտինը Ալիեւի ձեռքով ապտակեց մեզ եւ նրա հետ լուծարեց ԼՂՀ‑ն, հարյուր հազար մարդ ռուսական «խաղաղապահ» զորախմբի պատասխանատվության գոտում ենթարկվեց բռնատեղահանության եւ հայրենազրկման։
Տեսնել այդ ամենը, վերապրել բռնագաղթը եւ հիանալ Պուտինով, սա արդեն բանականությունից դուրս է, բայց փաստը կա եւ դրա հետ հնարավոր չէ հաշվի չնստել։

«Ուժեղ Հայաստանի» համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել․ մի կողմում ՀՀ, մյուսում ՌԴ անձնագիրն է։ Եւ նա Հայաստանի քաղաքացիներին պարզ ասում է, որ ընտրությունը երկուսի միջեւ է։ Այդպես ԼՂ ռուսական զորախմբի մուտքի առաջին ամիսներին քարոզում էին Ստեփանակերտի բարձրաստիճան պաշտոնյաները՝ «շուտով բոլորս ՌԴ անձնագիր կունենանք, եւ մեր անվտանգությունը ընդմիշտ երաշխավորված կլինի»։
Հունիսի 7‑ը, իրոք, վճռորոշ ընտրության օր է։ Ընդդիմությունը ներշնչում է, որ եթե Փաշինյանը վերընտրվի, «Հայաստանին սպասվում է Արցախի ճակատագիրը»։ Ընդդիմության նախընտրական քարոզչությունը ճիշտ հակառակն է հուշում․ փորձ է արվում իշխանազավթման ճանապարհով Հայաստանը մատնել նույն փորձությանը։ Պուտինի անձի պաշտամունքը լավագույն վկայությունն է։
Վահրամ Աթանեսյան
