Նման վարքագիծը նախկինում ևս բազմիցս դրսևորվել է։ Նրա գնահատմամբ՝ եթե Հայաստանում վաղը հաղթի որևէ արևմտամետ քաղաքական ուժ, ապա նույն քաղաքական ուժերը կարող են փոխել իրենց հռետորաբանությունը և հակառակ հայտարարություններ անել։
Ռոբերտ Ղևոնդյան
1inTV‑ն զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ԱԺ խորհրդարանական ընտրություններին ծավալված կուսակցական քարոզարշավները։ Ղևոնդյանն ընդգծել է կուսակցությունների հիմնական խոսույթում առկա գաղափարները, դրանց կիրառելիությունն ու չափանիշները։ Միաժամանակ ուշադրություն է դարձվում ընտրություններին հնարավոր միջամտություններից զերծ մնալու անհրաժեշտությանը։ Շեշտվում է ռուսական կողմի հետաքրքրվածությունը ընտրություններում և նրանց գործոնի ազդեցությունը։
Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ այս քարոզարշավը նախորդ ընտրական փուլերից տարբերվում է նրանով, որ պաշտոնական մեկնարկից շատ առաջ արդեն ընթանում էր «սողացող քարոզարշավ»։ Նրա խոսքով՝ հիմնական քաղաքական ուժերը դեռ նախորդ տարվանից ակտիվ քաղաքական գործընթացների մեջ էին, իսկ պաշտոնական մեկնարկից հետո պարզապես ավելացավ ինտենսիվությունը և գործընթացներին միացան այլ ուժեր ևս։
Ղևոնդյանի դիտարկմամբ՝ այս մի քանի օրերի ընթացքում քաղաքական իրադրաձությունները սկզբունքորեն չեն փոխվել։ Նա ասաց, որ իշխանական ուժը շարունակում է մեծ աջակցություն ստանալ, իսկ ռուսամետ գլխավոր ընդդիմադիր դաշտը կարողանում է մոբիլիզացնել իր ընտրազանգվածին այն տարածքներում, որտեղ ունի հենարաններ։ Քաղաքագետը հատկապես առանձնացրեց երեք ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր», Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» քաղաքական կազմակերպվածությունը, ռեսուրսները և քարոզարշավային հնարավորությունները՝ նշելով, որ դրանք ակնհայտորեն գերազանցում են մյուս քաղաքական ուժերին։ Միաժամանակ նա նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը համեմատաբար պասիվ է գործում։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին՝ Ռոբերտ Ղևոնդյանը կարծիք հայտնեց, որ դրանք զարմանալի չեն, քանի որ, ըստ նրա, Ծառուկյանը մշտապես ձգտել է կանգնել այն ուժի կողքին, որն իր պատկերացմամբ հաղթելու ամենամեծ շանսերն ունի։ Քաղաքագետը հիշեցրեց, որ նման վարքագիծը նախկինում ևս բազմիցս դրսևորվել է։ Նրա գնահատմամբ՝ եթե Հայաստանում վաղը հաղթի որևէ արևմտամետ քաղաքական ուժ, ապա նույն քաղաքական ուժերը կարող են փոխել իրենց հռետորաբանությունը և հակառակ հայտարարություններ անել։ Միաժամանակ Ղևոնդյանը նշեց, որ ինքը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը թշնամական հարաբերությունների մեջ մտնի Ռուսաստանի հետ։
Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ՝ այս պահին խորհրդարան անցնելու ամենաբարձր հավանականությունն ունեն չորս հիմնական ուժեր։ Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» և «Ուժեղ Հայաստանի» խորհրդարան անցնելու հավանականությունը գրեթե լիարժեք է, իսկ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի դեպքում իրավիճակը գնահատեց «50–50»։ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժի շանսերը, ըստ նրա, մի փոքր ավելի բարձր են։ Միևնույն ժամանակ քաղաքագետը չբացառեց, որ որոշ փոքր քաղաքական ուժեր կարող են անակնկալ մատուցել, թեև նման հնարավորությունը գնահատեց շատ ցածր՝ 10 տոկոսից էլ քիչ։
Նա առանձնացրեց մի քանի ուժեր, որոնք կարող են փորձել հաղթահարել անցողիկ շեմը՝ արևմտամետ կուսակցություններից որոշներին, ինչպես նաև Արման Թաթոյանի քաղաքական ուժին՝ հաշվի առնելով վերջինիս ակտիվ քարոզչությունը։ Ղևոնդյանը նաև նշեց Հայկ Մարությանի քաղաքական ուժը՝ ասելով, որ նախկին դերասանի հանրային ճանաչելիությունը փորձ է արվում վերածել քաղաքական կապիտալի։
Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե պետք է ամեն ինչ անել ռուսամետ երեք ուժերին խորհրդարան չթողնելու համար, ամբողջությամբ չեն համընկնում իշխանության գործնական քաղաքականության հետ։ Նրա խոսքով՝ եթե իշխանությունը իսկապես ցանկանար թույլ չտալ այդ ուժերի մուտքը խորհրդարան, ապա որպես հիմնական թիրախ կընտրեր այլ քաղաքական ուժերի, ոչ թե հենց այդ երեքին։ Ղևոնդյանի համոզմամբ՝ իշխանության քաղաքական տեխնոլոգիաները ցույց են տալիս, որ հենց այդ ուժերին են դիտարկում որպես ապագա հիմնական ընդդիմություն։
Ռոբերտ Ղևոնդյանը նաև անդրադարձավ Ռուսաստանի կողմից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ Մոսկվան վաղուց փորձում է Հայաստանին կանգնեցնել ընտրության առաջ։ Սակայն, ըստ նրա, դա ընդհանուր ընտրական պատկերի վրա վճռորոշ ազդեցություն չի ունենալու, քանի որ ներկայիս քաղաքական դասավորությունը հենց Ռուսաստանի ազդեցության պայմաններում է ձևավորվել։ Քաղաքագետը նշեց, որ եթե Ռուսաստանը ազդեցություն չունենար Հայաստանի ներքին քաղաքական դաշտի վրա, հնարավոր է՝ բոլորովին այլ քաղաքական ուժեր ունենային առավելություններ։
Խոսելով եվրոպական աջակցության մասին՝ Ղևոնդյանը նշեց, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի աջակցությունը հիմնականում ազդում է արդեն գոյություն ունեցող կողմնակիցների շրջանակներում վստահության ամրապնդման վրա, սակայն չի փոխում հիմնական ընտրազանգվածների դիրքավորումները։ Նրա խոսքով՝ ռուսամետ ընտրողը Մակրոնի հայտարարությունից հետո չի անցնի Փաշինյանի կողմը, իսկ եվրոպամետ ընտրողը Պուտինի հայտարարություններից հետո չի ընտրի ռուսամետ ուժերին։

Քաղաքագետը բավական կոշտ արձագանքեց նաև ռուսական պաշտոնյաների հայտարարություններին՝ նշելով, որ Ռուսաստանը սխալ պատկերացումներ ունի Հայաստանի ներսում առկա տրամադրությունների վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ Մոսկվայում կարծում են, թե հայ հասարակության մեծ մասը շարունակում է սիրել Ռուսաստանին և պարզապես վախենում է իշխանություններից, մինչդեռ իրականում հասարակության լայն շերտերում առկա է խոր հիասթափություն և անվստահություն Ռուսաստանի նկատմամբ՝ պայմանավորված վերջին տարիների քաղաքականությամբ։
Անդրադառնալով ընտրակաշառքների և ձայնագրությունների թեմային՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ նման մեթոդներ կիրառող քաղաքական ուժերի համար բացահայտումները մեծ նշանակություն չունեն։ Նրա խոսքով՝ միջնորդները տվյալ ուժերի համար ընդամենը գործիք են, և նույնիսկ եթե տասը փորձից միայն մեկը հաջողվի, նրանք դա համարում են բավարար արդյունք։ Միաժամանակ նա ընդգծեց, որ իրավապահ համակարգի ներկայիս աշխատանքային տեմպերը հույս են տալիս, որ այդ հակաօրինական գործողությունները չեն կարողանա էական ազդեցություն ունենալ ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
