Տարիներ շարունակ Հայաստանը ինքն է ձևավորել այնպիսի կերպար, որի հետ արտաքին ուժերը սովորել են խոսել վերևից։ Բաքուն վարել է ավելի ինքնուրույն քաղաքականություն և նույնիսկ որոշ դեպքերում հակադրվել Թուրքիայի կամ Ռուսաստանի որոշ դիրքորոշումների, մինչդեռ Հայաստանը մշտապես համաձայնողի կերպար է ստեղծել։
Ռուբեն Բաբայան
1inTV‑ն զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի նախընտրական իրավիճակը՝ այն բնորոշելով ոչ թե պարզապես քաղաքական մրցապայքար, այլ վճռորոշ քաղաքակրթական ընտրություն։ Բաբայանը պնդում է, որ ռուսամետ ուժերը իրականում հույսը չեն դնում ընտրողների քվեների վրա, այլ նախապատրաստվում են հետընտրական զարգացումների և հնարավոր ցնցումների՝ օգտագործելով Մոսկվայի աջակցությունն ու պատերազմի սպառնալիքը։ Ըստ Բաբայանի, Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը «փրկչի» դերում հանդես գալու միջոցով, ինչը կարող է հանգեցնել երկրի ինքնիշխանության կորստին և կլանմանը տարբեր միութենական մոդելների մեջ։ Բաբայանի հիմնական ուղերձն այն է, որ հայ հասարակությունը պետք է գիտակցաբար ընտրի ժողովրդավարական արժեքներն ու ազատ ապրելակերպը՝ պատրաստ լինելով տեր կանգնել սեփական ընտրությանը հետընտրական հնարավոր ճնշումների ժամանակ։
Ռուբեն Բաբայանը նշեց, որ ներկայիս ընտրությունները տարբերվում են նախորդներից ոչ թե քաղաքական ուժերի կամ առաջնորդների քանակով, այլ քաղաքակրթական ընտրության հարցով։ Նրա դիտարկմամբ՝ այս անգամ հիմնական հարցը վերաբերում է Հայաստանի ապագա ուղղությանը, և հենց այդ պատճառով էլ, ըստ նրա, առավել ակտիվացել է Պուտինյան Ռուսաստանը, որը նախկին ընտրությունների ժամանակ նման ընդգծված ներգրավվածություն չէր ցուցաբերում։
Բաբայանը կարծում է, որ տարիներ շարունակ Հայաստանը ինքն է ձևավորել այնպիսի կերպար, որի հետ արտաքին ուժերը սովորել են խոսել վերևից։ Նա օրինակ բերեց Ադրբեջանի վարքագիծը՝ նշելով, որ Բաքուն, իր խոսքով, տարիների ընթացքում վարել է ավելի ինքնուրույն քաղաքականություն և նույնիսկ որոշ դեպքերում հակադրվել Թուրքիայի կամ Ռուսաստանի որոշ դիրքորոշումների, մինչդեռ Հայաստանը մշտապես համաձայնողի կերպար է ստեղծել։ Ռուսական ազդեցության կողմնակից քաղաքական ուժերը մեծ ակնկալիքներ չունեն հենց ընտրությունների արդյունքներից և ավելի շատ կենտրոնացած են հետընտրական գործընթացների վրա։ Նրա խոսքով՝ արդեն շրջանառվում են թեզեր ընտրակեղծիքների, արտաքին միջամտության և Եվրոպայի ակտիվ ներգրավվածության մասին, ինչը, ըստ նրա, նախապատրաստական ֆոն է հնարավոր հետընտրական զարգացումների համար։
Ռուբեն Բաբայանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու համար սովորաբար օգտվում է «փրկչի» դերից, իսկ այդ դերը հնարավոր է միայն ճգնաժամի կամ պատերազմի պայմաններում։ Նրա դիտարկմամբ՝ եթե ստեղծվի անկայունություն, ապա կարող է առաջ քաշվել Հայաստանի «փրկության» գաղափարը՝ նույնիսկ Ռուսաստանի կազմի մեջ որևէ կարգավիճակով ինտեգրվելու տարբերակով։Բաբայանը նաև ընդգծեց, որ Թուրքիան, իր համոզմամբ, շահագրգռված չէ Հայաստանի ամբողջական ռուսական վերահսկողությամբ, քանի որ Անկարան չի ցանկանում Ռուսաստանի հետ անմիջական սահման ունենալ։ Նա նշեց, որ Թուրքիայի համար ավելի ընդունելի է տարածաշրջանում անկախ պետությունների գոյությունը՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։
Ռեժիսորը խիստ քննադատեց քաղաքական քարոզչության որակը՝ ասելով, որ հաճախ այնարվում է ոչ թե հանրության, այլ «պատվիրատուի» համար։ Նրա խոսքով՝ որոշ քաղաքական գործիչների հռետորաբանությունը նույնիսկ ստիպում է մտածել, թե անհրաժեշտ է կազմել «քաղաքական բառարան», որտեղ կտեղադրվեն պարզունակ ու կենցաղային արտահայտությունները, որոնք դարձել են քաղաքական խոսքի մաս։
Բաբայանը շեշտեց, որ «եթե ոչ Ռուսաստան, ապա Թուրքիա» ձևակերպումը նոր չէ և տարիներ շարունակ օգտագործվել է հասարակությանը վախեցնելու համար։ Նրա համոզմամբ՝ իրականում շատ կուսակցություններ ասելիք չունեն, եթե դուրս բերվեն «Ռուսաստան» և «Թուրքիա» բառերը։ Նա նշեց, որ եվրոպական ընտրությունը միայն աշխարհաքաղաքական կողմնորոշում չէ, այլ կառավարման մշակույթ, մարդու իրավունքներ, անկախ դատարաններ, մամուլի ազատություն, բնապահպանություն և կյանքի որակ։ Ռուսաստանը այսօր այլևս չի կարող մարդկանց գրավել տնտեսությամբ, գիտությամբ կամ սոցիալական մոդելով և հիմնականում փորձում է ազդեցություն ունենալ վախի միջոցով։ Նա հիշեցրեց, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի օրինակն օգտագործեց Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ‑ի միջև ընտրության թեման քննարկելիս, ինչը Բաբայանի կարծիքով ակնարկ էր սպառնալիքի մասին։
Բաբայանը նաև անդրադարձավ Ռուսաստանի ներքին իրավիճակին՝ նշելով, որ իշխանությունը սեփական ժողովրդին չի հարգում, և այդ պատճառով դժվար է ակնկալել, որ կհարգի այլ ժողովուրդների։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում հասարակությունը զրկված է որոշումներ կայացնելու հնարավորությունից, և այդ պատճառով էլ Մոսկվայի համար անհասկանալի է ժողովրդավարական ընտրության գաղափարը։

Ռեժիսորը կարևորեց նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցը՝ նշելով, որ քաղաքականության մեջ պետք է առաջնորդվել ոչ թե սիրո կամ ատելության զգացմունքներով, այլ սթափ հաշվարկով։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը երկար տարիներ ապրել է հատկապես հյուսիսային հարևանի վերաբերյալ պատրանքներով։Քաղաքակրթական ընտրությունը պետք է կատարի ոչ թե իշխանությունը կամ ընդդիմությունը, այլ ժողովուրդը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու որոշումը ժամանակին հասարակական լուրջ դիմադրություն չհանդիպեց, ինչի հետևանքները, ըստ նրա, հետո տեսանելի դարձան։ Բաբայանը շեշտեց, որ կարևոր է ոչ միայն ընտրություն կատարելը, այլ նաև այդ ընտրությանը տեր կանգնելը։
Ամփոփելով՝ ռեժիսորը նշեց, որ մեծ հավանականությամբ նախապատրաստվում են հետընտրական լարված զարգացումներ, և հասարակությունը պետք է կարողանա դիմակայել դրանց։ Նրա կարծիքով՝ խնդիրը միայն ընտրություններում հաղթելը չէ, այլ այն, թե հասարակությունն ինչպիսի պետություն և ինչպիսի քաղաքակրթական միջավայր է ցանկանում կառուցել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
