Երկաթուղու հարցը կմնա նաև հետընտրական օրակարգում, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում զիջել իր վերահսկողությունը կամ կոնցեսիոն իրավունքները։
Սամվել Մելիքսեթյան
1inTV֊ն զրուցել է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը և Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի հնարավոր փոփոխությունները նախընտրական փուլում: Անդրադարձ կա բարձրաստիճան պաշտոնյաների միջև տեղի ունեցած աշխատանքային միջադեպերին, Մոսկվայից հնչող մեղադրանքներին և էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում առկա ռուսական ազդեցության լծակներին: Նշվում է, որ Ռուսաստանը կիրառում է տեղեկատվական ճնշում և շանտաժ, որպեսզի կանխի Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ։
Սամվել Մելիքսեթյանը նշեց, որ ռուսական հայտարարությունները պետք է դիտարկել մի քանի գործոնի համատեքստում։ Նրա խոսքով՝ սա տեղեկատվական արշավի շարունակությունն է, որը հատկապես ակտիվացավ ապրիլի 1‑ի Փաշինյան–Պուտին հանդիպումից հետո, երբ առաջին անգամ հնչեցվեց այն պահանջը, թե Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի Եվրամիության և Եվրասիական միության միջև։ Մելիքսեթյանի դիտարկմամբ՝ այժմ նույն թեզը զարգացվում է արդեն նոր պահանջով՝ Հայաստանում հանրաքվե անցկացնելու գաղափարով։
Սամվել Մելիքսեթյանը հիշեցրեց նաև Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունները, որտեղ անդրադարձ կար Հայաստանի էներգետիկ համակարգին և երկաթուղիներին։ Քաղաքագետը կարծում է, որ ռուսական կողմը շարունակում է կենտրոնանալ հատկապես ատոմակայանի և երկաթուղու թեմաների վրա, իսկ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ու Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը ռուսական կողմի համար քաղաքական զգայուն թեմաներ են։ Նրա խոսքով՝ Մոսկվայի արձագանքներում կան նաև պրոտոկոլային տարրեր, սակայն ընդհանուր ֆոնում նկատելի է նախընտրական ազդեցության փորձ։
Մելիքսեթյանը նշեց, որ Ռուսաստանը փորձում է տեղեկատվական ճնշում գործադրել ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև հասարակության վրա՝ ձևավորելով այն պատկերացումը, թե ընտրությունները դառնում են Ռուսաստանի և Եվրամիության միջև ընտրություն։ Նա կարծում է, որ ռուսական ուղերձների նպատակն է ստեղծել վախ, թե անցանկալի զարգացումների դեպքում հայ-ռուսական հարաբերությունները կարող են վատթարանալ։
Քաղաքագետի կարծիքով՝ ներկայումս ավելի շատ գործ ունենք շանտաժային դրսևորումների հետ, քանի որ եթե Ռուսաստանը իրականում անցնի սպառնալիքների իրագործմանը, վնասներ կունենան երկու կողմերն էլ։ Սամվել Մելիքսեթյանը շեշտեց, որ նման սցենարում Ռուսաստանը կարող է վերջնականապես կորցնել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ հատկապես Վրաստանի և Մոլդովայի օրինակների ֆոնին։ Նա նաև նկատեց, որ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում նման զարգացումը քաղաքական և իմիջային առումով ձեռնտու չէ Մոսկվային։
Քաղաքագետը անդրադարձավ նաև հայաստանյան այն քաղաքական ուժերին, որոնք հայտարարում են, թե գազը կթանկանա կամ տնտեսական պատերազմ կսկսվի, եթե ներկայիս իշխանությունը շարունակի պաշտոնավարել։ Մելիքսեթյանի խոսքով՝ այդ ուժերի խոսույթը հաճախ համահունչ է ռուսական պաշտոնական հայտարարություններին, ինչն առնվազն հարցեր է առաջացնում։ Նա կարծում է, որ այդ մոտեցումները անտեսում են հայ-ռուսական հարաբերություններում առկա խորքային խնդիրները։
Սամվել Մելիքսեթյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք հենց Հայաստանը խոսում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում այդպիսի մոտեցումն առավել արդիական է, հատկապես երբ Ռուսաստանը գնալով մեկուսանում է, իսկ նրա տնտեսական և քաղաքական կայունության շուրջ առաջանում են լուրջ հարցեր։
Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Ռուսաստանը երբեք չի կարող լինել Հայաստանի անվտանգության լիարժեք երաշխավորը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Նրա կարծիքով՝ հենց ամենաբարդ պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները «բարելավելու» կոչերը ավելի շատ քարոզչական բնույթ ունեն։
Անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Մելիքսեթյանը նշեց, որ այն դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի միջազգային իմիջի վրա և ակնհայտորեն անհանգստացնում է թե՛ ռուսական կողմին, թե՛ այն քաղաքական ուժերին, որոնք հասկանում են, որ այդ գործընթացները նպաստում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքերի ամրապնդմանը։

Երկաթուղու թեմային անդրադառնալով՝ Սամվել Մելիքսեթյանը նշեց, որ ռուսական կողմը, հավանաբար, ժամանակ է ձգում մինչև ընտրությունների ավարտը՝ ակնկալելով ավելի շահավետ քաղաքական պայմաններ։ Նրա խոսքով՝ այս դանդաղեցումը նկատելի էր դեռ տարվա սկզբից, երբ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո ռուսական կողմը խուսափողական պատասխաններ էր տալիս։
Քաղաքագետը վստահ է, որ երկաթուղու հարցը կմնա նաև հետընտրական օրակարգում, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում զիջել իր վերահսկողությունը կամ կոնցեսիոն իրավունքները։ Նրա գնահատմամբ՝ այս թեման շարունակելու է մնալ հայ-ռուսական հարաբերությունների կոնֆլիկտային ուղղություններից մեկը։
Ատոմակայանի թեմայով Մելիքսեթյանը նշեց, որ ռուսական կողմը փորձում է ներկայացնել իր առաջարկը որպես անփոխարինելի, մինչդեռ իրականում տարբեր տեխնոլոգիական լուծումների միջև էական տարբերություններ չկան։ Նա բացատրեց, որ խոսքը հիմնականում 1100 մեգավատ հզորությամբ կայանի մասին է, որը Հայաստանի ներկայիս էներգետիկ համակարգի համար չափազանց մեծ է։
Սամվել Մելիքսեթյանի խոսքով՝ Հայաստանը արդեն այսօր որոշ ժամանակահատվածներում ունենում է էլեկտրաէներգիայի գերարտադրություն, իսկ երկրի մեկուսացված էներգահամակարգը թույլ չի տալիս այդ ավելցուկը արդյունավետ արտահանել։ Նա ընդգծեց, որ եթե չկարգավորվեն հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ապա նման հզորության ատոմակայանը կարող է ավելի շատ խնդիրներ ստեղծել, քան լուծումներ տալ։
Քաղաքագետը նաև նկատեց, որ ռուսական պաշտոնյաները հաճախ չափազանցված թվեր են օգտագործում քարոզչական նպատակներով։ Որպես օրինակ նա բերեց Սերգեյ Շոյգուի հայտարարությունը հայկական երկաթուղիներում աշխատողների թվի վերաբերյալ, որը, ըստ Մելիքսեթյանի, չէր համապատասխանում իրականությանը։
Սամվել Մելիքսեթյանը շեշտեց, որ Ռուսաստանը հաճախ օգտագործում է իր ստեղծած կախվածությունները քաղաքական ճնշման գործիք դարձնելու համար։ Նա օրինակ բերեց գազի թեման՝ նշելով, որ թեև ռուսական կողմը խոսում է էժան գազի մասին, Հայաստանի սպառողների համար գինը մոտ է եվրոպական երկրների մակարդակին։
Քաղաքագետը նաև անդրադարձավ Ռուսաստանի ներքին իրավիճակին՝ նշելով պատերազմի հետևանքները, տնտեսական խնդիրները, տեղեկատվական սահմանափակումները և քարոզչական համակարգի ուժեղացումը։ Նրա կարծիքով՝ այս պայմաններում ռուսական պաշտոնական տեղեկատվությանը պետք է մոտենալ մեծ զգուշությամբ։
Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս Սամվել Մելիքսեթյանը պարզաբանեց, որ Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի միջև արձանագրված խոսակցության թեման, ամենայն հավանականությամբ, վերաբերում էր թուրքական ապրանքների՝ Հայաստան արտահանման իրավական ձևակերպումներին։ Նրա խոսքով՝ մինչ այժմ թուրքական ապրանքները Հայաստան էին մտնում հիմնականում Վրաստանի միջոցով և չէին ձևակերպվում որպես ուղիղ արտահանում Հայաստան։
Մելիքսեթյանը նշեց, որ այս պահին այլ էական զարգացումներ հայ-թուրքական հարաբերություններում չի ակնկալում, քանի որ Ադրբեջանը շարունակում է դեմ լինել արագ առաջընթացին։ Նրա գնահատմամբ՝ Թուրքիան, հավանաբար, մինչև Հայաստանի ընտրությունները հավատարիմ կմնա Բաքվին տված իր խոստումներին։
Քաղաքագետը հավելեց, որ ներկայումս առավելապես սիմվոլիկ քայլեր են նկատվում, օրինակ՝ Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ պայմանավորվածությունները։ Նա կարծում է, որ ավելի էական տեղաշարժեր հնարավոր են միայն ընտրություններից հետո։
Հարցազրույցն ամբողջությամբ‘
