Հայաստանը, իր աշխարհագրական դիրքից ելնելով, ստիպված է հարաբերություններ կառուցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի հետ, եթե ցանկանում է պահպանել կայուն պետականություն։
Նելլի Մինասյան
1inTV‑ն զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ղազախստանի միջև ստորագրված ռազմավարական նոր պայմանավորվածությունները՝ դիտարկելով դրանց ազդեցությունը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության վրա։ Թուրքագետ Նելլի Մինասյանը հիմնավորում է, որ չնայած պանթյուրքիստական գաղափարախոսության և «Մեծ Թուրանի» մասին շրջանառվող միֆերին, թյուրքալեզու պետություններն առաջնորդվում են սեփական ինքնիշխանության պահպանման և տնտեսական շահերի պրագմատիկ հաշվարկով։ Հաղորդման առանցքային թեմաներից է նաև հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը, որը դիտարկվում է ոչ թե որպես Ադրբեջանի թելադրանք, այլ որպես Թուրքիայի կողմից Արևմուտքի հետ սակարկվող աշխարհաքաղաքական գործիք։ Հերքում են այն թեզը, թե Արևմուտքի ակտիվացումը տարածաշրջանում նպատակ ունի զիջել դիրքերը Թուրքիային, պնդելով, որ Եվրոպան և ԱՄՆ‑ն ձգտում են հաստատել սեփական ներկայությունը՝ Անկարային դիտարկելով որպես ինքնուրույն և հաճախ վտանգավոր մրցակցի։
Նելլի Մինասյանը նշեց, որ վերջին շրջանում Թուրքիան և Ղազախստանը հարաբերությունները տեղափոխում են ավելի ռազմավարական մակարդակ։ Նրա խոսքով՝ նախագահների մակարդակով անցկացվող ռազմավարական խորհրդի նիստերը ցույց են տալիս, որ համագործակցությունը ոչ միայն խորանում է, այլև երկարաժամկետ բնույթ է ստանում։ Մինասյանը դիտարկեց, որ այս անգամ ևս ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնցից առանձնանում է երկու երկրների «հավերժ դաշնակից» լինելու մասին համաձայնությունը։Ղազախստանի կարևորությունը պայմանավորված է երկու հիմնական գործոնով՝ բնական ռեսուրսներով և աշխարհագրական դիրքով։ Նրա դիտարկմամբ՝ Ղազախստանը Թուրքիայի համար Կենտրոնական Ասիայի առանցքային պետություններից է, հատկապես Կասպից ծովի ավազանի և միջին միջանցքի համատեքստում։ Նելլի Մինասյանի խոսքով՝ Ղազախստանը նաև ակտիվ դեր է ունեցել թուրքախոս պետությունների համագործակցության ձևավորման գործընթացներում՝ որպես ռուսական ազդեցությանը այլընտրանքային հարթակ։

Մինասյանը նշեց, որ Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները հետխորհրդային տարածքում առանձնահատուկ են, քանի որ բացի ԵԱՏՄ‑ի նման ընդհանուր հարթակներից, Երևանն ու Աստանան ունեն նաև երկկողմ հետաքրքիր օրակարգ։ Նա ընդգծեց, որ օգոստոսի 8‑ի պայմանավորվածություններից հետո ամերիկյան հետաքրքրությունը տարածվել է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Կենտրոնական Ասիայի վրա, և այդ երկու տարածաշրջաններն այժմ փոխկապակցվում են հատկապես կոմունիկացիոն նախագծերի միջոցով։ Ղազախստանը մշտապես հետաքրքրված է եղել Հայաստանի տարածքն օգտագործել որպես տրանզիտային ուղի դեպի Թուրքիա և Եվրոպա։ Նրա կարծիքով՝ հենց այդ պատճառով հայ-ղազախական հարաբերություններն ապագայում կարող են ավելի զարգանալ։
Նելլի Մինասյանը նաև անդրադարձավ Թուրքիայի երկարաժամկետ ռազմավարությանը՝ նշելով, որ Անկարան ցանկանում է թուրքախոս պետությունների հետ հասնել այնպիսի ռազմաքաղաքական համագործակցության, ինչպիսին այսօր գոյություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սակայն նա ընդգծեց, որ դա երկարաժամկետ և բավական բարդ գործընթաց է։Թուրքագետը դիտարկեց, որ թուրքախոս պետությունների կազմակերպությունն առայժմ ավելի շատ տնտեսական և տարածաշրջանային համագործակցության հարթակ է, սակայն Թուրքիան փորձում է այն աստիճանաբար ինստիտուցիոնալացնել։ Նրա խոսքով՝ Անկարան հատկապես կարևորում է միջին միջանցքի զարգացումը, իսկ Իրանի շուրջ վերջին լարվածությունները Թուրքիայի համար առավել ակտուալ են դարձրել կոմունիկացիաների հարցը։
Նելլի Մինասյանը նշեց, որ «Մեծ Թուրան» գաղափարի շուրջ շատ են խոսում, սակայն մինչ այժմ որևէ հստակ սահմանում գոյություն չունի։ Նա ասաց, որ տարբեր քաղաքական ու պատմական շրջանակներ տարբեր կերպ են պատկերացնում այդ գաղափարը։ Թուրքագետի խոսքով՝ հետխորհրդային թուրքախոս պետությունները չափազանց զգայուն են իրենց ինքնիշխանության հարցում և որևէ մեկը պատրաստ չէ հրաժարվել անկախությունից կամ ենթարկվել Թուրքիային։Թուրքիան տնտեսական առումով չունի այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ կտան ամբողջությամբ վերահսկել Կենտրոնական Ասիան, հատկապես Ռուսաստանի, Չինաստանի, Եվրամիության, ԱՄՆ‑ի, Ճապոնիայի և Հնդկաստանի մրցակցության պայմաններում։ Նրա խոսքով՝ այդ պատճառով Անկարան հիմնական շեշտը դնում է մշակութային, կրթական և լեզվական համագործակցության վրա։
Թուրքագետը որպես օրինակ բերեց ընդհանուր այբուբենի թեման՝ նշելով, որ նույնիսկ այդ հարցում կենտրոնասիական երկրները չեն ցանկանում ամբողջությամբ ընդունել թուրքական տարբերակը և փորձում են պահպանել սեփական լեզվական առանձնահատկությունները։ Թուրքական ինտեգրացիոն գործընթացներն ավելի հավանական է զարգանան որպես տարածաշրջանային համագործակցություն՝ հատկապես Կենտրոնական Ասիայի ներսում, այլ ոչ թե վերածվեն միասնական «Մեծ Թուրանի» քաղաքական նախագծի։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ թուրքագետը հայտարարեց, որ Թուրքիան Ադրբեջանի գործոնը հաճախ օգտագործում է որպես պատրվակ։ Նրա կարծիքով՝ եթե Անկարայի ռազմավարական շահերը պահանջեն հայ-թուրքական սահմանի բացում, Թուրքիան չի առաջնորդվի Բաքվի դիրքորոշմամբ։
Մինասյանը հիշեցրեց, որ 1993 թվականին սահմանը փակելիս Թուրքիան օգտագործել է Ադրբեջանի գործոնը, սակայն իրական որոշումները միշտ բխել են սեփական աշխարհաքաղաքական հաշվարկներից։ Նա նշեց, որ այսօր էլ հայ-թուրքական սահմանը Թուրքիայի համար առևտրի և բանակցային գործիք է հատկապես Արևմուտքի հետ հարաբերություններում։ Թուրքագետը նաև հիշեցրեց ֆուտբոլային դիվանագիտության շրջանը, երբ Ադրբեջանը բացահայտ դեմ էր հայ-թուրքական գործընթացին, սակայն Թուրքիան, այնուամենայնիվ, առաջ էր տանում այդ քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ սա ապացուցում է, որ Անկարան ինքնուրույն է որոշումներ կայացնում։
Նելի Մինասյանը շեշտեց, որ Ադրբեջանը Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականության կարևոր հենասյունն է, և այդ պատճառով երկու երկրների շահերը Հայաստանի հարցում հաճախ համընկնում են։ Սակայն, նրա կարծիքով, դա չի նշանակում, թե Բաքուն վերահսկում է Թուրքիայի որոշումները։Թուրքագետը համոզմունք հայտնեց, որ եթե ԱՄՆ‑ն Թուրքիային առաջարկի այնպիսի ռազմավարական գործարք, որի շրջանակում հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու լինի Անկարային, Էրդողանը չի առաջնորդվի Ալիևի կարծիքով։
Պատմական համատեքստին անդրադառնալով՝ Նելլի Մինասյանը նշեց, որ թե՛ թուրքական, թե՛ ռուսական ընդարձակումը պատմականորեն պայմանավորված էին օբյեկտիվ աշխարհաքաղաքական գործընթացներով։ Նրա խոսքով՝ ռուս-թուրքական պատերազմների հիմնական առանցքը հաճախ եղել են Բալկանները, իսկ Կովկասը շատ դեպքերում դարձել է ավելի լայն պայմանավորվածությունների մաս։ Թուրքագետը կարծում է, որ Հայաստանը, իր աշխարհագրական դիրքից ելնելով, ստիպված է հարաբերություններ կառուցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի հետ, եթե ցանկանում է պահպանել կայուն պետականություն։

Նելլի Մինասյանը նաև հերքեց այն թեզը, թե Արևմուտքի ակտիվացումը տարածաշրջանում կարող է հանգեցնել Թուրքիայի գերիշխանության հաստատմանը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը շահագրգռված է սեփական ազդեցության ամրապնդմամբ, ոչ թե Թուրքիայի դիրքերի ուժեղացմամբ։ Թուրքագետը հիշեցրեց նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆեն դեռ Լայենի հայտարարությունը, որտեղ Թուրքիան ներկայացվել էր որպես Եվրոպայի համար հնարավոր վտանգներից մեկը՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին։ Նրա դիտարկմամբ՝ դա ևս վկայում է, որ Արևմուտքը Թուրքիային չի դիտարկում որպես տարածաշրջանային անվերապահ հենարան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
