Հայաստանում, ամենայն հավանականությամբ, Դաշնակցությունը վաթսուն-յոթանասուն հազար քվե կունենար, եթե ներկայանար բացառապես ազգային գաղափարի քարոզչությամբ։
Մուղնի
Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով «Հայաստան» դաշինքը հաղթահարում է օրենքով սահմանված շեմը, բայց կզբաղեցնի երրորդ «պատվավոր» հորիզոնականը՝ առջեւում թողնելով «Ուժեղ Հայաստանին»։ Դե իսկ «Քաղաքացիական պայմանագրի» համեմատ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ միասնական վարկանիշը պարզապես աղետ է տասը տարի Հայաստանում իշխած գործչի եւ ավելի քան հարյուր երեսունհինգ տարվա կենսագրություն ունեցող ազգային կուսակցության համար։

«Հայաստան» դաշինքը, իհարկե, կարող է համարել, որ չափազանց սուր մրցակցության պայմաններում հաջողվել է ստանալ ընտրողների շուրջ տասնմեկ տոկոսի քվեն։ Բայց քվեարկության օրով Ռոբերտ Քոչարյանը վստահաբար պնդել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը «չհեռանա, շատ վատ է լինելու»։ Իսկ Փաշինյանը ոչ միայն չի հեռանում, այլեւ նախորդ ընտրությունների համեմատ ավելի մեծ թվով ձայներ է ստացել եւ միանձնյա կառավարություն կձեւավորի։
Որոշ դիտորդներ արձանագրել են, որ «Հայաստան» դաշինքը Երեւանում «մեծ աջակցություն է ստացել»։ Եթե իրոք այդպես է, ապա դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նախկին իշխող համակարգի եւ գործարար շրջանակների ու Արցախից բռնատեղահանվածների աջակցությամբ։ Իսկ դա քաղաքական ռեսուրս չէ։
Եթե նշված դիտարկման հեղինակները անաչառ լինեին, ապա պիտի արձանագրեին նախկինում կայուն դաշնակցական ընտրազանգված ունեցող համայնքներում «Հայաստան» դաշինքի «անսպասելի» պարտությունը։ Դա նշանակում է, որ Քոչարյան-ՀՅԴ դաշինքը գաղափարա-արժեհամակարգային առումով նախորդ ընտրությունների համեմատ լուրջ կորուստներ է ունեցել։

Ըստ երեւույթին, ՀՅԴ‑ն սխալվել է, երբ ընտրություններին որպես առանձին կուսակցություն մասնակցելու փոխարեն երկրորդ նախագահի հետ դաշինք է կազմել։ Հայաստանում, ամենայն հավանականությամբ, Դաշնակցությունը վաթսուն-յոթանասուն հազար քվե կունենար, եթե ներկայանար բացառապես ազգային գաղափարի քարոզչությամբ։
Հարց է, թե ինչու՞ այդպես չեղավ։
Խնդիր է, թե ո՞րն է լինելու ՀՅԴ ապագան։ Արդյոք կուսակցությունը նոր Ընդհանուր ժողով կգումարի՞, պարտության իրական պատճառները կքննարկի՞, նոր ուղեգիծ կհռչակի՞։ Դաշնակցությունը, որպես ազգային կուսակցություն, ավելին է, քան ներկայացնում են նրա այս փուլի առաջնորդները։ Եւ այդքանով էլ ՀՅԴ‑ն Հայաստանի «իմունիտետը» պիտի լինի եթե ոչ վաղը, ապա տեսանելի ապագայում։

Դաշնակցությունը պետք է երկրորդ նախագահից «ապահարզան պահանջի» կամ նրան «ապահարզան տա»։ Նրանց դաշինքը ոչ միայն իրենց, Հայաստանի համար ոչ արդյունավետ է։
Մուղնի
