Հակամարտությունը չափազանց խոր արմատներ ունի երկու ժողովուրդների պատմական, հոգեբանական և արժեքային պատկերացումներում, ուստի խաղաղության ճանապարհը լինելու է նույնքան բարդ և երկար, որքան հակամարտության փուլը։
Արմեն Պետրոսյան
1inTV‑ն զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Եվրոպական միության հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում և Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցերը տարածաշրջան։ Քննարկման առանցքում է գտնվում «Global Gateway» նախաձեռնությունը և դրա շրջանակներում հնարավոր ներդրումները տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ, մասնավորապես՝ կապված «Խաղաղության խաչմերուկ» (TRIPP) նախագծի հետ։ Զրույցի ընթացքում շեշտադրվում է, որ արևմտյան տերությունները ձգտում են ուժեղացնել իրենց քաղաքական և տնտեսական ազդեցությունը՝ մրցակցելով Ռուսաստանի և Չինաստանի հետ լոգիստիկ հանգույցների վերահսկման համար։ Վերջում բանախոսները նախազգուշացնում են, որ չնայած խոստումնալից հնարավորություններին, գործընթացը կլինի բարդ ու տևական՝ կախված աշխարհաքաղաքական զարգացումներից և հարևան պետությունների հակասական շահերից։
Արմեն Պետրոսյանը նշեց, որ Եվրոպական միությունը փորձում է պահպանել հավասարակշռված քաղաքականություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այդ համատեքստում պետք է դիտարկել ինչպես Երևան, այնպես էլ Բաքու կատարված այցերը։ Նրա խոսքով՝ թեև երկու այցերն էլ տարածաշրջանային բնույթ ունեն, դրանց բովանդակությունը տարբեր է․Հայաստան–Եվրամիություն հարաբերություններում առաջնային են քաղաքական, իրավական ևարժեքային բաղադրիչները, Հայաստանի եվրոպական ինտեգրման ձգտումները և եվրոպական աջակցության խորացումը, մինչդեռ Բաքվի հետ հարաբերություններում գերակշռում են քաղաքական, տնտեսական, էներգետիկ և լոգիստիկ ուղղությունները։
Պետրոսյանը դիտարկեց, որ Եվրոպական միության համար կարևոր առաջնահերթություն է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի խթանումը, քանի որ հակամարտության վերջնական կարգավորումը բխում է եվրոպական շահերից։ Նա ընդգծեց նաև, որ լոգիստիկ նախագծերը կարևոր դեր ունեն ոչ միայն երկու երկրների հարաբերությունների կարգավորման, այլև Եվրոպական միության և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդման տեսանկյունից։
Խոսելով Global Gateway նախաձեռնության շրջանակում հնարավոր ներդրումների մասին՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ չի բացառվում Եվրոպական միության մասնակցությունը նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցության նախագծին։ Նրա գնահատմամբ՝ եվրոպական հետաքրքրությունը նման նախաձեռնությունների նկատմամբ վաղուց է նկատվում, իսկ համապատասխան իրավական կարգավորումները թույլ են տալիս նաև երրորդ կողմերի մասնակցություն։
Փորձագետը կարծում է, որ տվյալ ենթակառուցվածքային նախագծերը միայն տնտեսական նշանակություն չունեն։ Դրանք նաև քաղաքական ազդեցության գործիք են, որոնց միջոցով Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունը փորձում են մեծացնել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև ապահովել Եվրոպա–Կենտրոնական Ասիա կապի ամրապնդումը՝ մրցակցելով Ռուսաստանի, Չինաստանի և որոշ չափով նաև Իրանի ազդեցության հետ։ Արտաքին դերակատարների նպատակը միայն ֆինանսական մասնակցությունը չէ, այլ նաև տարածաշրջանում քաղաքական ազդեցության ընդլայնումը։ Նրա խոսքով՝ եվրոպական կողմը պատրաստ է ներգրավվել այնքանով, որքանով դա հնարավոր կլինի, և արդեն այսօր նման քաղաքական օրակարգ գոյություն ունի։

Անդրադառնալով Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների ընթացքին՝ փորձագետըհիշեցրեց, որ ձեռքբերումներից բացի կա ևս մեկ կարևոր ուղղություն՝ քաղաքացիական հասարակությունների միջև ակտիվացած շփումները։ Նրա համոզմամբ՝ այդ գործընթացը վերջին շրջանում ավելի ակտիվ է դարձել և արդեն որոշակի ազդեցություն է թողնում պաշտոնական քաղաքականության վրա, ինչի մասին պարբերաբար խոսում են նաև միջազգային դերակատարները։
Պետրոսյանը նշեց, որ երբեք չի կիսել այն սպասումները, թե խաղաղության գործընթացը կարող է արագ ավարտվել։ Նրա գնահատմամբ՝ հակամարտությունը չափազանց խոր արմատներ ունի երկու ժողովուրդների պատմական, հոգեբանական և արժեքային պատկերացումներում, ուստի խաղաղության ճանապարհը լինելու է նույնքան բարդ և երկար, որքան հակամարտության փուլը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի երկարատև գործընթացի, հրաժարվի պատրանքներից և իրավիճակը գնահատի առավելագույնս իրատեսորեն։ Արմեն Պետրոսյանը շեշտեց, որ նույնիսկ բարեկամ արտաքին դերակատարների աջակցությունը դեռևս ամբողջությամբ չի վերածվել շոշափելի արդյունքների, և առայժմ բազմաթիվ հայտարարություններ ու ֆինանսական խոստումներ շարունակում են մնալ քաղաքական ու քարոզչական մակարդակում։
Փորձագետը կարևորեց համբերությունը՝ ընդգծելով, որ ինչպես Հայաստան–Ադրբեջան, այնպես էլ Հայաստան–Թուրքիա հարաբերություններում անհրաժեշտ է խուսափել չարդարացված ակնկալիքներից, քանի որ երկու գործընթացներն էլ սերտորեն փոխկապակցված են։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների թեմային՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով իսկապես փոխվել են լոգիստիկ ուղղությունները, սակայն արևելք–արևմուտք հիմնական բեռնափոխադրումները շարունակում են իրականացվել ծովային ճանապարհով։ Նրա խոսքով՝ թեև վերջին տարիներին մեծ քարոզչական աշխատանք է տարվել միջին միջանցքի և հարակից նախագծերի կարևորության շուրջ, այդ նախագծերի իրական տնտեսական նշանակությունը դեռևս ապացուցված չէ։ Նույնիսկ եթե բոլոր անհրաժեշտ աշխատանքներն անմիջապես սկսվեն, նման նախագծերի լիարժեք գործարկման համար առնվազն չորսից հինգ տարի կպահանջվի։ Այդ ընթացքում, ըստ նրա, աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է էապես փոխվել, այդ թվում՝ հնարավոր է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը և հյուսիսային երթուղու վերագործարկումը։
Նրա խոսքով՝ քարոզչական բաղադրիչը հաճախ գերազանցում է իրական գործընթացներին։ Փորձագետը նշեց, որ մինչ այժմ առկա են հիմնականում քաղաքական հայտարարություններ և նախնական իրավական փաստաթղթեր, սակայն գետնի վրա իրականացվող աշխատանքները դեռևս սահմանափակ են։
Արմեն Պետրոսյանը կարծում է, որ նախագծերի իրականացման հիմնական խոչընդոտներն են վերջնական իրավական համաձայնությունների բացակայությունը, տարածաշրջանային անկայունությունը և երրորդ կողմերի հնարավոր միջամտությունը։ Նա առանձնացրեց Ռուսաստանին, Իրանին, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի այն շահերը, որոնք որոշ հարցերում կարող են չհամընկնել ծրագրի առանձին մանրամասների հետ։
Եթե հնարավոր լինի հաղթահարել այս փուլը և սկսել նախագծերի գործնական իրականացումը, միայն դրանից հետո հնարավոր կլինի իրական չափումներով գնահատել դրանց տնտեսական արդյունավետությունը։ Նրա համոզմամբ՝ ներկայում այդ նախագծերի քաղաքական նշանակությունն անհամեմատ ավելի տեսանելի և չափելի է, մինչդեռ տնտեսական ազդեցության վերաբերյալ գնահատականների մեծ մասը դեռևս հիմնված է կանխատեսումների և քարոզչական հայտարարությունների վրա։

Թեև Հայաստանը և Ադրբեջանը լավ են հաշվարկում տնտեսական շահերը, Ադրբեջանն ու Թուրքիան, բնականաբար, ձգտելու են այնպես կազմակերպել տարածաշրջանային նախագծերը, որպեսզի Հայաստանի բաժին ընկնող տնտեսական օգուտը հնարավորինս փոքր լինի։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ նախագծերի իրականացման ճանապարհին կարող են ի հայտ գալ այնպիսի խոչընդոտներ, որոնք նույնիսկ չեն բխի Թուրքիայի և Ադրբեջանի առանձին շահերից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
