Սիրիայում ֆրանսիական ներկայությունը, հավանաբար, այս փուլում Թուրքիայի համար «սպառնալիք չէ»։
Վահրամ Աթանեսյան
Հուլիսի 6‑ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Դամասկոս եւ Սիրիայի անցումային առաջնորդ Ահմադ ալ-Շարաայի հետ բանակցություններ վարել։ Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո այդ երկիրը գտնվում է գրեթե Թուրքիայի «արտաքին կառավարման» ներքո, եւ Մակրոնը եվրոպացի առաջին առաջնորդն է, որ այցելել է Դամասկոս։

SANA պաշտոնական գործակալության փոխանցմամբ՝ Մակրոնը հանդես է եկել Սիրիայի տարածքային եւ քաղաքական ամբողջականությանը սատարելու մասին հայտարարությամբ։ Անցյալ տարվա փետրվարին Ֆրանսիան եւ Սիրիան բավական բարդ բանակցություններից հետո Լաթաքիա նավահանգստի կոնցեսիոն կառավարման հարցում համաձայնության են եկել։
Ըստ պայմանավորվածության, ֆրանսիական «CMA CGM» մասնավոր ընկերությունը Լաթաքիայի նավահանգստի արդիականացման ծրագրի համար կկատարի 230 միլիոն եվրո ներդրումներ եւ երեսուն տարի բեռնափոխադրումներ կիրականացնի՝ պահպանելով Սիրիայի մաքսային օրենսդրության պահանջները։
Թուրքական մամուլը ֆրանս-սիրիական այս գործարքը գնահատել են ավելի խորքային նշանակությամբ։ Լաթաքիայի շրջանում բնակչության մեծամասնություն են ալավիները, որ շիադավան են։ Տապալված Բաշար Ասադը ալավի է։ 2025թ․ առաջին ամիսներին Լաթաքիայում ալավիները ենթարկվել են զանգվածային բռնությունների։ Այդ շրջանում ֆրանսիական ներկայությունը կարող է ալավիների անվտանգության երաշխիք լինել։

Բաքվի մամուլը Ֆրանսիայի նախագահի Սիրիա այցը համարել է «Թուրքիայի ազդեցության գոտում տեղ գտնելու անհաջող փորձ»։
Ուշագրավ է, սակայն, որ Մակրոնը Սիրիայի անցումային նախագահին հանդիպել է ՆԱՏՕ‑ի գագաթնաժողովի մեկնարկից մեկ օր առաջ, երբ սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրա հետ առանձին բանակցություններ պիտի վարի։

Թուրքիան, ըստ տեղեկությունների, մտադիր է Ֆրանսիայից «արդիական սպառազինություններ գնել»։ Ըստ երեւույթին, ՆԱՏՕ‑ի գագաթաժողովի շրջանակներում ծրագրված է նաեւ Մակրոն-Էրդողան հանդիպում։ Սիրիայում ֆրանսիական ներկայությունը, հավանաբար, այս փուլում Թուրքիայի համար «սպառնալիք չէ»։
Վահրամ Աթանեսյան
