Նախքան Հայաստանին «թավշյա բռնապետություն» անվանելը, արժե պատասխանել մեկ պարզ հարցի. ո՞վ էր իրականում բռնապետը՝ այն պետությո՞ւնը, որտեղ ընդդիմությունը գործում է, ընտրություններ են անցկացվում և իշխանությունը մշտապես գտնվում է հանրային քննադատության ներքո, թե՞ այն կուսակցական համակարգը, որտեղ տասնամյակներ շարունակ քննադատությունը պատժվել է, այլակարծությունը ճնշվել, իսկ նվիրված անդամները հեռացվել միայն այն պատճառով, որ համարձակվել են ունենալ սեփական կարծիքը։
Մեր Ուղին
Ֆրանսահայ քաղաքական գործիչ Մուրադ Փափազյանը հայտարարում է, թե Հայաստանը գնում է դեպի բռնապետություն, իսկ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը վերածվել է «թավշյա բռնապետության»։ Նման գնահատականները, սակայն, առաջին հերթին հարց են առաջացնում ոչ թե Հայաստանի, այլ հենց այդ հայտարարության հեղինակի քաղաքական կենսագրության վերաբերյալ։

Բռնապետության մասին խոսելու բարոյական իրավունք ունի՞ այն մարդը, որը ներկայացնում է մի կառույց, որի ներսում տասնամյակներ շարունակ այլակարծությունը ճնշվել է, քննադատները մեկուսացվել են, անհնազանդները հեռացվել են, իսկ սեփական կարծիք ունեցող բազմաթիվ անդամներ դուրս են մղվել կազմակերպությունից։
ՀՅԴ‑ի վերջին տասնամյակների պատմությունը լի է նման օրինակներով։ Տարբեր երկրներում կուսակցության շարքերից հեռացվել են խմբագիրներ, մտավորականներ, երկարամյա կուսակցականներ, երիտասարդ գործիչներ և մարդիկ, որոնք պարզապես համարձակվել են անհամաձայնություն հայտնել ղեկավարության որոշումների նկատմամբ։ Նրանցից շատերը Դաշնակցությանը նվիրել էին իրենց կյանքի տասնյակ տարիները, սակայն մի օր դարձան «անցանկալի», որովհետև համարձակվել էին քննադատել ղեկավարությանը, կամ առնվազն չեն համաձայնվել նրանց հետ։

Սա է բռնապետության իրական դրսևորումը՝ ոչ թե այն, երբ ընդդիմությունը ազատ գործում է, այլ երբ կազմակերպության ներսում այլ կարծիքը դիտվում է որպես հանցանք։
Ամենացավալին այն է, որ այդ քաղաքականությունը ոչ միայն հեռացրեց առանձին մարդկանց, այլ կոտրեց կազմակերպության բնական զարգացումը։ Հեռացվեցին խոստումնալից երիտասարդներ, փորձառու խմբագիրներ, գաղափարական գործիչներ և այն սերունդը, որը կարող էր ապահովել ՀՅԴ‑ի առողջ շարունակականությունը։ Փոխարենը ձևավորվեց մի համակարգ, որտեղ գլխավոր արժանիքը ոչ թե գաղափարն էր, այլ ղեկավարությանը անվերապահ ենթարկվելը։
Այսօր հենց այդ համակարգի ներկայացուցիչներն են փորձում ժողովրդավարության դասեր տալ Հայաստանին։
Մուրադ Փափազյանը ապրում և գործում է Ֆրանսիայում՝ օգտվելով եվրոպական ժողովրդավարության բոլոր հնարավորություններից։ Սակայն նույն ժամանակ նա քաղաքական համագործակցություն է ունեցել այնպիսի ուժերի և ղեկավարների հետ, որոնց ժողովրդավարական անցյալն առնվազն վիճահարույց է եղել։ Այդ հակասությունը դժվար է անտեսել։ Ազատ հասարակության պայմաններում ապրելով՝ նա քննադատում է Հայաստանը, բայց լռում է այն ներքին մեխանիզմների մասին, որոնց վրա կառուցվել է իր քաղաքական միջավայրը։
Մուրադ Փափազյանի քաղաքական գործունեությունը նույնպես հարցեր է առաջացնում։ Նրա երկարամյա գործունեության ընթացքում նա համագործակցել է Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների հետ որոնք Հայաստանը ամնողջովին մտցրել են ռուսական դաշտ, փոշիացրել ազգային տնտեսությունը, պահպանել է սերտ կապեր Հայ Առաքելական եկեղեցու ռուսամետ ղեկավարության հետ, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում հանդես է եկել այնպիսի քաղաքական դիրքորոշումներով, որոնք համահունչ են եղել Կրեմլի ազդեցությանը տարածաշրջանում։ Լիբանանի հայ համայնքում ևս նրա քաղաքական գործունեությունը բազմիցս քննադատության է արժանացել՝ տարբեր ուժերի հետ(ինչպես օրինակ ահաբեկչական համարվող Հըզբոլահի) համագործակցության և համայնքային բաժանարար գծերը խորացնելու համար։ Այս հանգամանքները հակասում են այն ժողովրդավարական արժեքներին, որոնց մասին նա այսօր հրապարակայնորեն խոսում է։
Հայաստանը կարելի է և պետք է քննադատել։ Ժողովրդավարությունը հենց դրա հնարավորությունն է տալիս։ Սակայն Հայաստանը բռնապետություն անվանելն արդեն քաղաքական գնահատական չէ, այլ քարոզչական ձևակերպում։
Եթե Հայաստանը բռնապետություն լիներ, ապա ընդդիմությունը չէր կազմակերպի ամիսներ և տարիներ տևող բողոքի ակցիաներ։ Ընդդիմադիր լրատվամիջոցները չէին գործի առանց սահմանափակումների։ Իշխանության հասցեին ամենօրյա ամենակոշտ քննադատությունները չէին հնչի հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերում և մամուլում։ Ամենակարևորը՝ չէին անցկացվի մրցակցային ընտրություններ, որոնց արդյունքները միջազգային դիտորդների կողմից ընդհանուր առմամբ գնահատվել են որպես ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող։
Ժողովրդավարությունը կատարյալ համակարգ չէ։ Այն ունի բազմաթիվ խնդիրներ, և Հայաստանը նույնպես բացառություն չէ։ Սակայն ժողովրդավարության առկայությունը որոշվում է ոչ թե նրանով, որ բոլորը գոհ են իշխանությունից, այլ նրանով, որ իշխանությունը կարող է քննադատվել, ընտրություններում պարտվել և փոխվել։
Այդ հնարավորությունները Հայաստանում գոյություն ունեն։
Ուստի, երբ ՀՅԴ‑ի ներսում տասնամյակներով ձևավորված փակ, անհանդուրժող և այլակարծությունը մերժող համակարգի ներկայացուցիչը սկսում է խոսել ազատության և ժողովրդավարության մասին, դա առնվազն քաղաքական հակասություն է։

Նախքան Հայաստանին «թավշյա բռնապետություն» անվանելը, արժե պատասխանել մեկ պարզ հարցի. ո՞վ էր իրականում բռնապետը՝ այն պետությո՞ւնը, որտեղ ընդդիմությունը գործում է, ընտրություններ են անցկացվում և իշխանությունը մշտապես գտնվում է հանրային քննադատության ներքո, թե՞ այն կուսակցական համակարգը, որտեղ տասնամյակներ շարունակ քննադատությունը պատժվել է, այլակարծությունը ճնշվել, իսկ նվիրված անդամները հեռացվել միայն այն պատճառով, որ համարձակվել են ունենալ սեփական կարծիքը։
Մեր Ուղին
