Բայց ի՞նչ «պատասխանատվություն է վերցնում» Աղվան Վարդանյանը՝ կերեւա խորհրդարանի առաջին նիստում։ Ամեն դեպքում դա Հայաստանի առջեւ ստանձնած պատասխանատվություն չի լինի։
Մուղնի
«Խոսքից հրաժարվել եմ, որպեսզի պատասխանատվությունից չհրաժարվեմ»,- պատգամավորի մանդատ վերցնելու որոշման մասին ֆեյսբուքում գրել է Աղվան Վարդանյանը։

Ոչ ոք չէր կասկածում, որ Աղվան Վարդանյանը գնալու է Ազգային ժողով։ Մանավանդ որ «Հրապարակի» գլխավոր խմբագիրը նրան տեսնում է խորհրդարանի «Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնում։
«Հայաստան» դաշինքի ցուցակի երկրորդ համարը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է։ Նա 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կառավարության թիմում պաշտոնավարել է որպես Գեղարքունիքի մարզպետ։
Աղվան Վարդանյանը ՀՅԴ խմբակցությունից միակն էր, որ Փաշինյանին վարչապետ նշանակելու որոշմանը դեմ է քվեարկել։ Դրա համար նա Դաշնակցությունից հեռացվել է։
Նոր խորհրդարանում ի՞նչ «պատասխանատվություն» է դրվում Աղվան Վարդանյանի վրա, որի համար նա հարկադրված է երդմնազանց լինել։ Եւ ինչու՞ այդ «պատասխանատվությունը» չի կարող ստանձնել Իշխան Սաղաթելյանը կամ Գեղամ Մանուկյանը, կամ «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ։

Ստացվում է, որ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը միայն Աղվան Վարդանյանին է վստահում այն պատասխանատվությունը, որի դիմաց կարելի է հրապարակային ամոթանքի եւ տղամարդկային նվաստացման արժանանալ։
Անշուշտ, դա Աղվան Վարդանյանի անձնական խնդիրն է, բայց Ազգային ժողովի երրորդ խմբակցության քաղաքական ստորացումը բոլորիս է հուզում, նույնիսկ նրանց, ովքեր իրենց քվեն տվել են ՔՊ-ին, որովհետեւ Հայաստանին պետք է խորհրդարանական լուրջ ընդդիմություն ունենալ, այլ ոչ թե՝ Ռոբերտ Քոչարյանի կամակատար պատգամավորների հավաքածու։
Աղվան Վարդանյանը կարեւոր բացահայտում է արել եւ արժանի է երախտագիտության։ Նա մերկացրել է «Հայաստան» դաշինքի ապաքաղաքական բնույթը եւ ապագա խմբակցության անձնակենտրոն կառուցվածքը։ Չկա ոչ մի երաշխիք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նույն կազմով հինգ տարի կաշխատի։ Ցանկացած պահի այնտեղ «մանդատեղափոխությունը» կարող է լինել՝ կախված Ռոբերտ Քոչարյանի կամքից եւ իրավիճակից։

Շատ հավանական է, որ ժամանակ հետո Աղվան Վարդանյանը հայտարարի, որ մանդատը վայր է դնում, եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի, որ նա «պատասխանատվությունից հրաժարվել է»։ Բայց ի՞նչ «պատասխանատվություն է վերցնում» Աղվան Վարդանյանը՝ կերեւա խորհրդարանի առաջին նիստում։ Ամեն դեպքում դա Հայաստանի առջեւ ստանձնած պատասխանատվություն չի լինի։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
