Եթե Ռուսաստանի հայկական համայնքը իրոք «թուրքական քարոզչական մեխանիզմին վտանգ է», ինչու՞ ՀՅԴ Մոսկվայի գրասենյակը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի Մոսկվա այցի դեմ բողոքի ցույց չի անցկացրել։
Մուղնի
Հուլիսի 16-ին Մոսկվայի հայակական եկեղեցու բակում կայացել է հայ համայնքի ներկայացուցիչների հավաք, հայտնել է ՀՅԴ պաշտոնական կայքը։ Միջոցառման ավարտին ՀՅԴ Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը լրատվամիջոցներին ասել է, որ միջոցառման մասնակիցները «մոմավառությամբ փորձում են հարգել եւ իրենց բողոքի խոսքն ուղղել Հայաստանի իշխանությունների այս բռնակալական եւ դավադիր պլանի դեմ, որն ուղղված է Հայաստանի ընդդիմադիր օջախների վերացմանը, որպեսզի կարողանան ավելի հեշտ ի կատար ածել իրենց ծրագրերը»։

Ներսեսյանը նաեւ խոսել է Ռուսաստանի հայ համայնքի մասին, որ «ուժ է ներկայացնում եւ վտանգ է թուրքական քարոզչական մեխանիզմին»։ Ինչու՞մ է դրսեւորվում Ռուսաստանը հայ համայնքի ուժը եւ ի՞նչ վտանգ է նա ներկայացնում «թուրքական քարոզչական մեխանիզմին», ՀՅԴ Մոսկվայի գրասենյակի ղեկավարը չի մասնավորեցրել։
Այս հավաքի առթիվ կարելի է մի քանի դիտարկում անել։ Նախ, ինչու՞ Հայաստանի իշխանությունների «բռնակալական եւ դավադիր պլանի դեմ» հավաքը կազմակերպվել է հայկական եկեղեցու բակում, մի՞թե Ռուսաստանի հայերի միությունը չէր կարող Մոսկվայում պատշաճ սրահ վարձակալել, հրավիրել մամուլի ներկայացուցիչների եւ լուրջ քննարկում ծավալել։

Երկրորդ, եթե Ռուսաստանի հայկական համայնքը իրոք «թուրքական քարոզչական մեխանիզմին վտանգ է», ինչու՞ ՀՅԴ Մոսկվայի գրասենյակը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի Մոսկվա այցի դեմ բողոքի ցույց չի անցկացրել։ Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները Մոսկվայի հայկական եկեղեցու բակում հավաքվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի այցի նախօրեին։ Նրանք ինչու՞ ՌԴ իշխանություններին ուղղված մի հանրագիր չեն հրապարակել, չեն պահանջել, որ Ռուսաստանը դատապարտի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնատեղահանությունը, Արցախի պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը։
Ի վերջո, ինչու՞ Արցախի, բռնատեղահանված հայ բնակչության վերադարձի իրավունքի մասին հայտարարություններ եւ բանաձեւեր ընդունում են Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ‑ն, եվրոպական առանձին երկրների խորհրդարանները, բայց ոչ՝
Ռուսաստանի Դաշնության պետական դուման։

Ռուսաստանի հայկական համայնքը, ՀՅԴ տեղի կառույցները պետք է այս իրողությամբ մտահոգվեն։ Եթե, իհարկե, նրանք Հայաստանի ապագայի մասին են մտածում։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
