Այսօր սկսվող բանակցությունները նաև ազդակ են երրորդ երկրների համար, որ Հայաստանը կարող է հանդես գալ որպես ինքնուրույն տնտեսական սուբյեկտ։ Հայաստանը չպետք է դիտարկվի որպես որևէ մեկ երկրից կախված պետություն՝ հատկապես էներգետիկ ոլորտում։
Սոս Խաչիկյան
1inTV‑ն զրուցել է տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, ՀՊԿԻՏ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիվերսիֆիկացիայի հրատապ անհրաժեշտությունը՝ շեշտադրելով Իրանի հետ գազային և տրանսպորտային համագործակցության նոր հեռանկարները: Տնտեսագետ Սոս Խաչիկյանը հիմնավորում է, որ Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային տարանցիկ հանգույց, ինչը թույլ կտա նվազեցնել կախվածությունը մեկ քաղաքական աղբյուրից և բարձրացնել երկրի ինքնիշխան սուբյեկտայնությունը: Քննարկումն ընդգծում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի և էներգետիկ միջանցքների կառուցման կարևորությունը՝ որպես միջազգային կոնսենսուսի և արևմուտք-արևելք կապերի բաղկացուցիչ մաս: Խաչիկյանը կոչ է անում պետական մակարդակով ինստիտուցիոնալացնել արտահանման ուղղությունները, որպեսզի Հայաստանը կարողանա դիմակայել արտաքին ճնշումներին և ապահովել տևական տնտեսական անվտանգություն:

Սոս Խաչիկյանը կարծում է, որ Հայաստանը ժամանակին թերագնահատել է իր տնտեսական և միջազգային դիվերսիֆիկացիայի հնարավորությունները։ Նա նշեց, որ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով դիվերսիֆիկացիան անհրաժեշտություն է դարձել։ Գազի գործոնը Հայաստան-Իրան հարաբերություններում միակ ուղղությունը չէ, սակայն այն կարևոր դեր ունի՝ հաշվի առնելով նաև Հայաստանի հնարավոր տարանցիկ դերակատարությունը տարածաշրջանային նոր նախագծերում։ Նա նշեց, որ «TRIPP» նախաձեռնության շրջանակում Հայաստանը տեսականորեն կարող է ստանձնել որոշակի դեր արևմուտք-Իրան փոխգործակցության համատեքստում։
Նա ընդգծեց, որ Հայաստան-Իրան համագործակցությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ, քանի որ Հայաստանը ունի ինչպես Եվրամիության հետ իրավապայմանագրային հենք, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում գործող կարգավորումներ։ Ըստ Սոս Խաչիկյանի՝ այս գործոնները կարող են հնարավորություն ստեղծել նոր տնտեսական կապերի ձևավորման համար։ Անկախ Ռուսաստանի հետ ունեցած երկարաժամկետ գազային պայմանագրերից՝ էներգետիկ դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է։ Նրա խոսքով՝ դրա նպատակը միայն Ռուսաստանից կախվածության նվազեցումը չէ, այլ առաջին հերթին էներգետիկ անվտանգության ապահովումը։
Խաչիկյանը հիշեցրեց, որ նախկինում Հայաստանը բախվել է գազի տարանցման հետ կապված խնդիրների, այդ թվում՝ այն իրավիճակների, երբ երրորդ երկրներով անցնող ենթակառուցվածքները դարձել են խոցելի։ Նա կարծում է, որ տարբեր ուղղություններով էներգետիկ կապերի զարգացումը Հայաստանին կարող է բերել ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգային առավելություններ։Իրանի հետ գազային համագործակցության մեկնարկը կարող է հետագայում տարածվել նաև այլ ոլորտների վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է աստիճանաբար դառնալ տարածաշրջանային դերակատար՝ ձևավորելով համագործակցության նոր շրջանակներ։
Անդրադառնալով թուրքմենական գազի՝ Իրանի տարածքով Հայաստան հնարավոր տարանցմանը՝ Սոս Խաչիկյանը նշեց, որ նույնիսկ եթե այս պահին դրա իրագործման հավանականությունը մեծ չէ, բանակցությունները պետք է սկսվեն։ Նա ընդգծեց, որ խոշոր ենթակառուցվածքային նախագծերը հաճախ պահանջում են տարիներ և տասնամյակներ։

Նա օրինակ բերեց Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային նախագծի շուրջ երկարատև բանակցությունները՝ նշելով, որ նման գործընթացները երկարաժամկետ հեռանկար ունեն։ Ըստ նրա՝ այսօր սկսվող բանակցությունները նաև ազդակ են երրորդ երկրների համար, որ Հայաստանը կարող է հանդես գալ որպես ինքնուրույն տնտեսական սուբյեկտ։ Հայաստանը չպետք է դիտարկվի որպես որևէ մեկ երկրից կախված պետություն՝ հատկապես էներգետիկ ոլորտում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել տարբեր ուղղություններից էներգետիկ ռեսուրսներ ստանալու համար։
Նա ընդգծեց, որ իրանական գազի Հայաստանով տարանցումը հնարավոր կլինի միայն միջազգային ավելի լայն համաձայնությունների շրջանակում։ Նրա խոսքով՝ նման գործընթացը չի կարող լինել միայն Հայաստան-Իրան երկկողմ պայմանավորվածության արդյունք, քանի որ էներգետիկ ոլորտը ենթադրում է միջազգային կարգավորումներ և երաշխիքներ։
Սոս Խաչիկյանը կարծում է, որ հրապարակային քննարկումները Հայաստան-Իրան գազային համագործակցության վերաբերյալ ցույց են տալիս, որ գործընթացն ունի ավելի լայն միջազգային համատեքստ։ Նա նշեց, որ նման նախագծերի շուրջ տարբեր երկրների մասնակցությունը և քննարկումները բնական են, սակայն Հայաստանի համար կարևոր է պահպանել սեփական տնտեսական և անվտանգային շահերի առաջնահերթությունը։ Անդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհային նախագծին՝ նա նշեց, որ դրա նշանակությունը շատ ավելի լայն է, քան պարզապես տարանցիկ ճանապարհի ստեղծումը։ Նրա խոսքով՝ նախագիծը կարող է կապել Պարսից ծոցը Սև ծովի հետ և Հայաստանը դարձնել տարածաշրջանային հաղորդակցության հանգույց։
Խաչիկյանը ընդգծեց, որ Հարավային Կովկասում տարբեր երկրներ ունեն իրենց շահերը, սակայն Հայաստանը չի կարող դուրս մնալ ձևավորվող արժեշղթաներից։ Նա նշեց, որ Հայաստանի համագործակցությունը Արևմուտքի, Իրանի և այլ գործընկերների հետ կարող է հնարավորություն տալ ստեղծելու նոր տնտեսական կապեր։ Հյուսիս-Հարավ ճանապարհը կարևոր է նաև Հայաստանի ներքին տարածքային զարգացման համար։ Ըստ նրա՝ միջազգային տարանցիկ ուղղու զարգացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել համայնքների և տեղական տնտեսությունների համար։

Անդրադառնալով էներգետիկ միջանցքների և Մեղրի հիդրոէլեկտրակայանի հնարավոր կառուցման թեմային՝ Սոս Խաչիկյանը նշեց, որ ցանկացած էներգետիկ նախագիծ պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության տեսանկյունից։ Նա օրինակ բերեց Վրաստանում տեղի ունեցած էներգետիկ խափանումները՝ նշելով, որ դրանք ցույց են տալիս էներգետիկ անվտանգության կարևորությունը։ Ըստ նրա՝ տարածաշրջանային էներգետիկ նախագծերը կարող են բարձրացնել բոլոր ներգրավված երկրների կայունությունը։
Խաչիկյանի խոսքով՝ Իրանի, արաբական երկրների և այլ գործընկերների ներգրավվածությունը նման նախագծերում նշանակում է դրանց ավելի լայն միջազգայինացում։ Նա նշեց, որ էներգետիկ համակարգերը միջազգային կանոնակարգերով են գործում, և նման համագործակցությունները չեն կարող լինել միայն երկկողմ մակարդակում։
Նա կարծում է, որ Հայաստանը կարող է դիտարկվել որպես տարածաշրջանային կապերի կարևոր հանգույց, քանի որ գազի տարանցումը, էներգետիկ կապերը և բեռնափոխադրումները արդեն բազմակողմ օրակարգերի մաս են։Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են որոշ նախագծեր տարիներով մնում չիրականացված՝ տնտեսագետը նշեց, որ խնդիրը հաճախ կապված է պետության կարողությունների և իրականացման մեխանիզմների հետ։ Հայաստանը հաճախ կարողանում է ձևակերպել ճիշտ հայեցակարգեր, սակայն դժվարություններ ունի դրանք գործնականում իրականացնելու հարցում։ Նրա խոսքով՝ նոր կառավարությունը և Ազգային ժողովը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ծրագրերի իրականացման արդյունավետությանը։
Նա ընդգծեց, որ տեսլական ունենալը բավարար չէ․անհրաժեշտ են նաև ռեսուրսներ, կառավարմանմեխանիզմներ և արդյունավետ իրականացում։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հնարավոր էներգետիկ համագործակցությանը՝ Խաչիկյանը նշեց, որ եթե Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպա-Ասիա հաղորդակցության մաս, ապա պետք է ներգրավվի նաև տարածաշրջանային էներգետիկ համակարգերում։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ էներգետիկ ինտեգրումը պետք է դիտարկել ոչ թե միայն երկկողմ հարաբերությունների, այլ ավելի լայն միջազգային հաղորդակցության շրջանակում։Հայաստանը պետք է կարողանա հանրությանը ներկայացնել նման գործընթացների տրամաբանությունը և բացատրել դրանց տնտեսական ու ռազմավարական նշանակությունը։
Խաչիկյանը կարծում է, որ խոշոր ենթակառուցվածքների կառավարման հարցում պետությունը պետք է ունենա ավելի մեծ դեր։ Նա նշեց, որ խոսքը պարտադիր ազգայնացման մասին չէ, այլ վերահսկողության, կորպորատիվ պատասխանատվության և արդյունավետ կառավարման մեխանիզմների ձևավորման մասին։Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունները, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում գործող կառույցները, պետք է գործեն պետության տնտեսական և անվտանգային շահերին համապատասխան։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական կաթնամթերքի նկատմամբ սահմանափակումներին՝ Սոս Խաչիկյանը նշեց, որ դրանք ևս ցույց են տալիս արտահանման դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Հայաստանի կառավարությունն ու գործարար հատվածը պետք է արագ վերաիմաստավորեն արտահանման ինստիտուցիոնալ գործիքակազմը և նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունները։

Ցանկացած շուկայի դիվերսիֆիկացիա ենթադրում է որոշակի կորուստներ և դժվարություններ, սակայն երկարաժամկետ հեռանկարում դրանք անհրաժեշտ գործընթացներ են։ Կարևոր է ոչ միայն պետական աջակցությունը, այլև արտահանման կայուն համակարգերի ստեղծումը։ Ըստ նրա՝ նույնիսկ բարենպաստ հայ-ռուսական հարաբերությունների պայմաններում Հայաստանը պարտավոր է ունենալ բազմազան արտահանման ուղղություններ։Ապագայում նույնիսկ Ռուսաստանը կարող է հետաքրքրված լինել հայկական արտադրանքով, եթե Հայաստանը ձևավորի ավելի ինստիտուցիոնալացված և տարբեր շուկաների հետ աշխատելու ունակ արտահանման համակարգ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
