Թամեռլան Գարաեւը տասնամյակների լռության դիմաց Հեյդար եւ Իլհամ Ալիեւներից լիուլի վարձատրվել է, հասել պատկառելի տարիքի եւ արդեն կարող է վերադառնալ Բաքու։ Բայց նրա հետ կապված գաղտնիքները մի օր, երեւի, կբացվեն։
Վահրամ Աթանեսյան
Ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ «մոտ ժամանակներս Լիտվայում դեսպան Թամեռլան Գարաեւը ետ կկանչվի եւ թոշակի կանցնի»։ Իշխանական լրատվամիջոցների ներկայացմամբ՝ Գարաեւը «նախագահ Իլհամ Ալիեւին խնդրել է իրեն ազատել դեսպանի պարտականություններից»։ Նա 75 տարեկան է, դիվանագիտական ծառայության է անցել 1993թ․-ին եւ անմիջապես նշանակվել Չինաստանում դեսպան։ Գարաեւը նույն պաշտոնում դիվանագիտական աշխատանք է կատարել նաեւ Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում, մի շարք այլ երկրներում։ Լիտվայում Ադրբեջանի դեսպան է նշանակվել 2018թ․-ին։

Դեսպանի պաշտոնից Գարաեւի ետկանչի եւ նրան թոշակի ուղարկելու մասին տեղեկությունը ուշագրավ է նրանով, որ նա 1990–92 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի, ապա՝ առաջին տեղակալի պաշտոնը՝ հանդիսանալով Ժողովրդական ճակատ կուսակցության ներկայացուցիչ, բայց դա չի խանգարել, որ Հեյդար Ալիեւը նրան շնորհի արտակարգ եւ լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան եւ նշանակի Չինաստանում Ադրբեջանի դեսպան։
Անցած տարիներին ադրբեջանական ոչ իշխանական աղբյուրները բազմիցս ակնարկել են, որ Գարաեւը դեսպանի «մշտական պաշտոն ունի, որ ստացել է մատուցած ծառայությունների դիմաց»։ Ըստ տարբեր աղբյուրների, նա նույնպես պետք է գտնվեր այն ուղղաթիռում, որ 1991թ․ նոյեմբերի 21-ին խորտակվել է Աղդամի մոտակայքում, բայց վերջին «պահին սրահ չի մտել»։ Աղետի զոհ է դարձել Ադրբեջանի նախագահ Մութալիբովի գրեթե ամբողջ թիմը, այդ պատճառով ընդհատվել է Ժելեզնովոդսկում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը։

Ենթադրվում է, որ Գարաեւը «զգուշացված է եղել, ուստի ուղղաթիռ չի բարձրացել»։ Նրա անունը բաց աղբյուրներում հիշվում է նաեւ 1992թ․ փետրվարի 26‑ի իրադարձություններում։ Ըստ այդմ, Գարաեւն է «խոչընդոտել Իրանի արտաքին գործերի նախարար Վելայեթիի Աղդամ եւ Ստեփանակերտ այցը»։ Տատյանա Չալաձեի «Դատապարտված Խոջալու» գրքում մեջբերված է ականատեսի վկայություն, որ Թամեռլան Գարաեւը «հրամայել է «Գրադ» կայանքներից կրակ բացել Շելլի գյուղի ուղղությամբ, որտեղ պետք է որ հասած լինեին Խոջալուի խաղաղ բնակիչները»։

Ըստ երեւույթին, Թամեռլան Գարաեւը տասնամյակների լռության դիմաց Հեյդար եւ Իլհամ Ալիեւներից լիուլի վարձատրվել է, հասել պատկառելի տարիքի եւ արդեն կարող է վերադառնալ Բաքու։ Բայց նրա հետ կապված գաղտնիքները մի օր, երեւի, կբացվեն։
Վահրամ Աթանեսյան
