ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հեռո՛ւ Մնացեք Պարտվողականներից

Պտմաբանը մոռացե՞լ է, որ իրավունքը ուժն է

«Մեր ՈՒղին» խմբագրական

Երեկ հարցազրույց էր տվել առաջին նախագահի խորհրդական, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ժիրայր Լիպարիտյանը, որին մենք ուզում ենք անդրադառնալ:

Լիպարիտյանն ի թիվս տարբեր մեկնաբանությունների իր խոսքում ասաց մի քանի խնդրահարույց բաներ: Նա ասաց, որ Արցախի հարցը հնարավոր չէր լուծել, որ իրենց կառավարությունը խոշոր հաշվով ոչ մի մեծ սխալ թույլ չի տվել, եղել են մանր սխալներ, որ Արցախի հարցի տապալումը սկսվեց Ռ. Քոչարյանի գալուց հետո:

Այն հարցին, թե ինչպես էր դասավորվելու Արցախի հետագա կյանքը, այն համոզմունք արտահայտեց, որ այսպես թե այնպես ողջ աշխարհը Արցախը համարում է ադրբեջանական հող, իսկ ԼՂԻՄ-ի ճակատագիրը կարող էր այնպես դասավորվել, որ այն որպես ինքնավար մարզ մնար Ադրբեջանի կազմում: ՄԱԿ-ը կտեղակայեր խաղաղապահներ, ադրբեջանցիները իրավունք չէին ունենա ծանր զենքեր պահելու այնտեղ, կլիներ միայն ադրբեջանական ոստիկանություն՝ թեթև զենքերով, իսկ ՀՀ-ն իրավունք կունենար առանց որևէ մեկին տեղյակ պահելու կամ հարցումներ անելու միջամտել, եթե այնտեղ ինչ որ այն չլիներ: Շատ գեղեցիկ է հնչում: Լիպարիտյանն ասաց, որ գոյություն ունի միջազգային իրավունքներ և այլ: Ցանկացողները կարող են նորից դիտել այդ հարցազրույցը և իրենց եզրակացություններն անել, բայց մենք ուզում ենք հստակ կարծիք արտահայտել: Երեկ անկողմնակալ մեկնաբանություն էինք տվել, իսկ այսօր ասում ենք մեր հստակ կարծիքը:

Ի՞նչ է նշանակում, որ ՀՀ-ն կարող էր միջամտել, եթե ինչ որ բան այն չլիներ, կամ որ ՄԱԿ-ը երաշխիք էր տվել, կամ էլ ինչ որ իրավունքներ: Իսկ ամենից անհեթեթն այստեղ այն էր, որ ըստ համաձայնության ադրբեջանցիներն այսպես պիտի անեին կամ այնպես չպիտի անեին:

Ադրբեջանցի զինված ոստիկաններ և հայ բնակչություն: Ի՞նչը կարող է այնպես չլինել:

Լիպարիտյանի խոսքերը գուցե և գրասենյակներում շատ հետաքրքիր են հնչում, բայց պրակտիկայում բանի պետք չեն: Երկրի թիվ առաջին դիվանագետ համարվողներից մեկն իր խոսքը առաջ էր տանում միանգամայն պարտվողական ու զիջումնային տոնով:

Համաձայնություն թուրքի հե՞տ: Նրա, ով հրադադարը խախտում է հաստատումից ընդամենը 3-4 րոպե անց, իսկ հայի գլխու կտրելը հերոսություն, համաձայնագիր կամ ՄԱԿ-ի երաշխիք ու խաղաղապա՞հ: Գերմանացիներն ու ֆրանսիացիները գուցե և կարողանան նման համաձայնության գալ իրար հետ, բայց ոչ հայն ու թուրքը: Մեր ու թուրքերի պայքարը ինչ որ ստրատեգիական կամ տակտիկական չէ, այլ թուրքերն ուզում են բնաջնջել բոլոր հայերին, ի՞նչ համաձայնության մասին կարող է լինել խոսքը: Հող հանձնել թուրքերին, ու հուսալ, որ նրանք կխաղաղվե՞ն: 500 տարին թուրքի հետ ապրելուց ու այսքանը տեսնելուց հետո դեռ քանի՞ ցեղասպանություն էլ պետք է լինի, որ մենք հասկանանք, որ ի վերջո սրանց նկատմամբ վերաբերումնքը պետք է փոխել: Անընդհատ տեսնում ենք, որ մեր կողմից պարզված խաղաղության ձեռքին անընդհատ խփում են: Էլ ի՞նչ պիտի կատարվի, որ մենք մի կողմ դնենք զիջումային կործանարար մտածողությունը:

Սա իհարկե չի նշանակում, որ մենք պետք է Հիտլերի նման ողջ աշխարհի դեմ ռազմական արշավանք սկսել: Խոսքը մեր մասին է: Ոչ թե ինչ որ իրավուքների, այլ ապրել-չապրելու: Զարմանալի է, որ պատմաբան Լիպարիտյանը հավատում է, որ ՄԱԿ-ի կողմից ինչ որ ստորագրություն կարող է նշանակություն ունենալ: Լինելով պատմաբան՝ Լիպարիտյանը չի՞ հիշում, թե աշխարհում հարցերն ինչպես են լուծվել: Մոռացե՞լ է, որ իրավունքը ուժն է, որ եթե չկա ուժ, չկա իրավունք, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Ինչպե՞ս կարելի է նման վստահություն ունենալ: Ազգերի Լիգան մեզ խրատ չեղա՞վ: Կամ Սևրը: Ժ. Լիպարիտյանն ասում է միջազգային իրավունք: Իսկ կներեք, ապրելու իրավունքը միայն ՄԱԿ-ի ստեղծումո՞վ է առաջացել: Դրանից առաջ ապրելու իրավունք չկա՞ր: Ամերիկացիները Դրեզդեզդենի ռմբակոծումով 130 հազար խաղաղ գերմանացի սպանեցին իրավունքի ուժո՞վ: Կամ գերմանացիները ինչ որ միջազգային իրավունքի հիման վրա կատարեցի՞ն Հոլոքոստը: Խորհրդային բանակը միջազգային ուժո՞վ էր լեհերին ծվատում, թե Բրիտանական Կայսրությունը Չինաստանն ու Հնդկաստանը ստրկացնում էր միջազգային իրավունքի ուժով: Իսպանացիները մի ողջ մայրցամաքում բնաջնջեցին ամերիկյան հնդկացիներին: Դա էլ էր իրավո՞ւնք: Կամ էլ երևի անգլիացիների կողմից Ավստրալիայի աբորիգենների մասսայական ջարդերն էին միջազգային իրավունքի հիմա վրա կատարվել: Ի վերջո 1890-1920-ականները հայերի զարհուրելի ջարդերն ու Ցեղասպանությունը նախ սուլթանի, ապա երիտթուրքերի կողմից  ի՞նչ էր: Միջազգային իրավո՞ւնք, թե կոպիտ ուժ: Ամերիկացիները մտան ու ավերեցին Իրաքը: Դա միջազգային ինչ որ իրավո՞ւնք էր: Թուրքերը մտան, գրավեցին Կիպրոսի մի մասը ու թքած ունեցան ՄԱԿ-ի վրա էլ, բոլոր իրավունքների վրա էլ: Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը արդեն 10 տարի է, քարը քարի վրա չթողեցին Սիրիայում: Դա էլ է երևի միջազգային իրավունք: Իսկ Իսրայելը Լիբանանին ամեն կերպ ճնշում է հավանաբար միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:

Կարող ենք նաև ժամանակակից ջարդերի օրինակներ բերել, որպեսզի պարոն Լիպարիտյանը չասի, թե առաջ մարդիկ ավելի վայրենի էին, իսկ հիմա՝ ոչ: Վիետնամի պատերազմի ժամանակ մի քանի մլն վիետնամցի ու կամբոջացի զոհ գնալն էլ հո ՄԱԿ-ի ստեղծումից հետո էր: Կամ 90-ականներին Ռուանդայի ցեղասպանությունը: Իսկ եթե Ասիան ու Աֆրիկան չափից ավելի «հետամնաց են», հիշեցնենք հենց քաղաքակրթության կենտրոն Եվրոպայում 1995թ. հազարավոր բոսնիացիների ջարդերը: ՄԱԿ-ն էլ գոյություն ուներ, բոլոր միջազգային դատարաններն էլ: Ինչո՞ւ եղավ: Որովհետև աշխարհում բոլորը միշտ թքած են ունեցել և ունեն բոլոր տեսակի իրավունքների վրա: Աշխարհում միշտ եղել է ու կա կոպիտ ուժի գերակայությունը: Ցավոք: Մարդկային ցեղը դեռևս արյունից չի կշտանում:

Ի դեպ, Ժ. Լիպարիտյանն իր խոսքում նշեց, որ ո՛չ Ռուսաստանը, ոչ էլ որևէ երկիր մեզ չպաշտպանեց: Այո՛: Բայց հարցն այն է, որ հասկանալով հանդերձ, ողջ աշխարհը չպաշտպանեց մեզ, հուսալ որ հենց այդ նույն աշխարհը ինչ որ ստորագրությունների միջոցով հարց կլուծի՝ անհեթեթություն է:  

Չէ որ բոլորս էլ գիտենք, որ ավելի հեշտ է հեքիաթի անմահական խնձոր գտնել, քան թե հուսալ, որ ինչ որ հարց կլուծեն միջազգային դանդաղաշարժ դատարաններն ու մարմինները: Մինչև ամիսներ տևող հիմար ժողովներն ու բանավեճերը ինչ որ հարց փորձեն հասկանալ, մի ազգը կարող է ոչնչացնել մյուսին: Չէ որ պարոն Լիպարիտյանն ինքն էլ գիտե, թե ինչ է նշանակում այդ բյուրոկրատական ճահճացած համակարգում հարցի քննարկումը: Դրանք ճռճռան բառեր են, ուրիշ ոչինչ:

Թվում էր, որ պարոն Լիպարիտյանը կընդունի, որ 1991թ. իրենցից սկսած բոլոր կառավարությունները տապալվել են, որ չեն կարողացել պայքարել կաշառակերության ու անօրինականության դեմ(էլ չեմ ասում հովանավորել) nւ երկիրն այնպես են տնտեսապես ու բարոյապես քամել, որ ի վիճակի չեղանք ռազմական հզոր պատասխան տալու թուրքերին էլ, մնացած բոլոր միջազգային իրավունքի գծով խաբեբաներին էլ, ովքեր ադրբեջանական խավարով ու նավթադոլարներով անընդհատ պաշտպանեցին նրանց: Ասում է մեզ չպաշտպանեցին: Իսկ ի՞նչ արեցիք, որ պաշտպանեին: Չկարողացա՞ք կաշառել այդ քաղաքակիրթ ստահակներին այնպես, ինչպես անում էին ադրբեջանցիները, թե չուզեցիք: Միայն թե չասեք, որ փող չկար:

Ի դեպ, երբ Լիպարիտյանը սրբացնում է իրենց կառավարությանն ու ողջ մեղքը գցում հաջորդների վրա, ասեմ, որ ավագ սերունդը դեռ լավ է հիշում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնարամիտ խորհուրդը, թե ինչպես ապրել, եթե փող չկա: Շատ պարզ: Պարտք վերցնել հարևանից: Ի դեպ հենց նույն ճամբարից մեկ այլ գոռոզամիտ պարոն էլ խորհուրդ էր տալիս մի քանի կգ պանիր քիչ ուտել ու էլեկտրականության վարձը մուծել: Ցավոք նրանցից հետ եկողներն էլ շարունակեցին նույն լկտիությունը, երբ ձեթի թանկանալուց հետո ասում էին փորձեք միառժամանակ քիչ օգտագործել ձեթամթերքները, մշակույթի նախարարներից մեկն ասում էր քիչ ծխեք ու փողը փոխանցեք «1000» դրամի հիմնադրամին, իսկ որոշ պատգամավորներ էլ ասում էին, թե ձեր ինչ գործ, որ միսը թանկ է, մեկ է դուք կարտոֆիլ ու մակարոն եք ուտում:

Այո…ափսոս, որ էթիկան թույլ չի տալիս հայհոյելու:

Ինչևէ: Զուտ հիշեցնեմ, որ երբ Նապոլեոնը իրականացրեց Բրյումերի 18-ը, նրա զինվորներից մեկն արատասնեց հռչակավոր մի նախադասություն. «Օրենքը սուրն է»: Իսկ հետո Ավ. Իսահակյանը հաստատեց իր բանաստեղծության մեջ, որ «մուրճ կամ զնդան պիտի լինես»:

Ողջ լերուք և հեռու մնացեք պարտվողականներից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *