Հայաստան

Գերեզմանի Պես Լուռ, Դիակի Պես Համբերատար

Մենք հիմա կարդում ենք Րաֆֆի, հիանում ենք ու…գնում նորից նույն սխալն անելու:

Արայիկ Մկրտումյան

Առաջարկում եմ ծանոթանալ հայ քաղաքական-գիտական մտքի հսկաներից մեկի՝ Րաֆֆու այս տողերին, որոնք լի են ցավակցությամբ, դառնությամբ ու բարկությամբ: Հիշեցի սա, որովհետև անչափ նման է մեր վիճակը այն ամենին, ինչ որ նկարարգրված է ստորև: Որովհետև այստեղ ևս խոսվում է անգործության, պարապության մասին: Այստեղ ևս խոսվում է դատարկ հույսի, ինքնախաբեության, լռության մասին: Այժմ էլ, ինչպես առաջ մենք լռեցինք, երբ պետք էր ամենից եռանդունն ու բարձրաձայնը լինել: Մենք սպասեցինք ու հուսացինք, որ ինչ որ մեկը կանի մեր փոխարեն ու մեզ համար: Ու էլի լռեցինք:

Րաֆֆին մեր լռությունը համեմատում է գերեզմանների հետ՝ դիպուկ նշելով, որ գերեզմանաքարերին, ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Գերեզմանաքարերը լուռ են, գոհ են իրենց վիճակից: Իսկ մենք ոչ միայն լռեցինք, այլև սկսեցինք սպասել, հուսալ, որ ինչ որ մեկը կխոսի կամ կգործի մեր փոխարեն:

Մենք արդեն քանի հարյուր տարի է, ինչ նստած սպասում ենք, որ հանուն բարոյականության, հանուն ճշմարտության մեզ կօգնեն: Ամեն անգամ սխալվում ենք ու հուսախաբ ենք լինում էլ ավելի հրեշավոր կերպով:

Ինչո՞ւ հիշեցի Րաֆֆուն: Երևի այն պատճառով, որ  Րաֆֆին զգուշացրեց, իսկ նրան չլսեցին, հիմա մենք ենք զգուշացնում՝ մեզ չեն լսում: Որովհետև եթե Րաֆֆուն լսեին, լսեին մյուսներին, մի քիչ կտրվեին անձնական կոմֆորտի դրախտային թմբիրից, գուցե մեր իրականությունը լրիվ այլ լիներ ու մենք Եռաբլուր չունենայինք, եթե ունենայինք էլ, ապա այն շատ ավելի փոքր ցավ կպահեր իր սրտում: Իսկ մենք մեր անհեռատեսությամբ այնպես արինք, որ Եռաբլուրի տարածքը միանգամից եռապատկվեց, հնգապատկվեց:

Մենք այսքան տարի մեզ դրսևորեցինք միայն մի բանում՝ նույն սխալն անընդհատ կրկնելու խելագար ունակությամբ: Ու մենք դեռ էլի նստած անհամբեր սպասում ենք, թե Ֆրանսիան ինչ հայտարարություն կանի:

Իսկ ի՞նչ հայտարարություն արեցին Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան այն ժամանակ: Բոլորն էլ քաղաքակրթորեն խոսեցին, բայց գործեցին քաղաքականորեն: Հիմա ևս: Ու մենք դեռ զարմանում ենք, թե ինչու այսպես և ոչ այնպես: Եվ դեռ ինչքա՞ն  պետք է շարունակվի այս ամենը: Դեռ քանի՞ Րաֆֆիներ պիտի գոռան ու մնան անլսելի, դեռ քանի՞ Ցեղասպանություն պիտի լինի, քանի զոհով պիտի ավելանա Եռաբլուրը, քանի՞ անգամ պիտի փոքրանա Հայաստանը, որ մենք ուշքի գանք:   

Մենք հիմա կարդում ենք Րաֆֆի, հիանում ենք ու…գնում նորից նույն սխալն անելու: Ու հարց է առաջանում, թե մենք ընդհանրապես իրավունք ունե՞նք Րաֆֆու կամ մեկ այլ մեծ հայի անունը տալու, եթե ամեն անգամ մնում ենք ավելի հիմար, անգրագետ, դատարկամիտ ու հուսախաբված:

Եվ իրոք որ մեր ամեն խոսք դառնում է ժամկետն անց, որովհետև խոսում ենք երբ ամեն ինչ արդեն վերջացել է, խոսում ենք շշուկով ու սպասում, որ հերթական կենացից հետո Հայոց համար արև է բացվելու:

Մենք մինչև հիմա չհասկացանք շատ պարզ մի ճշմարտություն, որ քաղաքականությունը ու քաղաքակրթությունը տարբեր բաներ են: Բայց մենք, հանգիստ ու անխոս սպասում ենք, թե ահա ողջ աշխարհը Թուրքիային կկործանի, որովհետև…որովհետև…որովհետև մենք հայ ենք:

Ավելի հիմար հույս չի լինում:

Սա հույս չէ, սա արդեն գժի երազ է, մոլագարի երևակայություն:

Առաջարկում եմ շատ մեծ ուշադրությամբ ընթերցել իր ժամանակի մարգարե Րաֆֆուն, որովհետև ապագայում մեզ սպասում է հերթական հուսախաբությունը և հերթական միրաժը: Քանի դեռ մենք լուռ ենք ու հույսով լի՝

Այժմ ինչ որ խոսենք, ինչ որ գրենք, — այդ կդառնա որպես եվրոպացին ասում է` «ընթրիքից հետո մանանեխ» եւ կամ որպես մենք ասիացիքս ասում ենք` «հարսանիքից հետո զուռնա»: — Մեր խոսքը տարաժամ կլինի:

Ներկա պատերազմիս սկզբից մեզանից շատերը հույս ունեին, թե տաճկական Հայաստանը զուրկ չի մնա այն արտոնություններից եւ այն իրավունքներից մեկից, որոնց համար պատերազմը հրատարակվեցավ, եւ որոնք պետք է տրվեին Թուրքիայի լծի տակ ճնշված քրիստոնյաներին: Իսկ այժմ գործից երեւում է, թե հայերի վիճակը ոչինչ փոփոխություն չէ կրելու. — շատ-շատ տաճկական Հայաստանի ռուսաց զորքերով գրավված մասը կմիանա Կովկասի հետ, բայց մնացած մեծ մասը դարձյալ կմնա թուրքերի ձեռքում, գուցե մի քանի խոստմունքներով, որպես միշտ եղել են մինչեւ այսօր եւ միշտ մնացել են որպես մեռյալ տառ…

Ինչո՞ւ հայերի վրա ուշադրություն չդարձրին, մի՞թե նրանց դարերով թափած արյունը, արտասուքը եւ մահմեդականներից կրած բարբարոսությունները իրավունք չէին տալիս որ նրանք եւս արժանանային Եվրոպայի գթությանը — թե նրանք էլ դժբախտ են եւ գտնվում են ավելի սարսափելի դրության մեջ, քան թե սլավոնական ցեղերը Բալկանի թերակղզում: — Ահա՛ մի հարց, որ պարզել պետք է:

Ընդհանուր մարդասիրական կետից նայելով, եւ քրիստոնեական եղբայրասիրության զգացմամբ, պետք է, որ հայերի վրա եւս ուշադրություն դարձնեին: Իսկ քաղաքականության կետից նայելով, ոչ ոք պարտական չէր հայերի համար մտածել, քանի որ իրանք հայերը անշարժ մնացին եւ իրանց համար չմտածեցին:

Գերեզմանների վրա ոչ ոք ուշադրություն չէ դարձնում, որովհետեւ նրանք լուռ են, գոհ են իրանց վիճակից: Այնպես էլ մեկը պարտական չէ ուրիշի փորի համար հոգալ, քանի որ նա չէ հայտնում, թե ինքը քաղցած է…

Այսուամենայնիվ հայերի վրա ուշադրություն դարձրին, հայերի վրա խոսեցին, եւ մինչեւ անգամ հայերին դրդեցին, որ իրանք էլ խոսեն, իրանք էլ բողոք բարձրացնեն, — բայց հայերը միշտ լուռ մնացին…

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *