Հայաստան

Պոլսահայ Պարբերականների Պատմություն

Մաս I

Ստեղծված պայմաններում պոլսահայ մամուլը գրեթե ընդունակ չէր իր վրա կրելու արևմտահայ մտավոր ու հասարակական կյանքի կազմակերպման ամբողջ ծանրությունը, նորոգելու գրական շարժման ընթացքը:

Էլինա Միրզոյան

Կոստանդնուպոլիսը 15-19-րդ դարերում և այնուհետև` ընդհուպ Հայոց ցեղասպանությունը, արևմտահայ մշակույթի ամենախոշոր կենտրոնն էր, որովհետև իր համազգային ընդգրկումներով ու ներգործությամբ խթանել է ոչ միայն Օսմանյան կայսրության հայկական, այլև բուն Հայաստանի քաղաքների ու գավառների կրոնական, լուսավորական ու մշակութային կյանքը[1]:

Տարատեսակ զարգացումներն աշխարհասփյուռ հայության համար առաջնային էին դարձրել մայրենի լեզվով սեփական մամուլ ստեղծելու պահանջը, ինչն էլ սկիզբ է դրվել հայոց առաջին պարբերական «Ազդարար»-ի հրատարակմամբ, որով, ինչպես պատմաբան Լեոն է ընդգծում, հայ ազգը մտնում է քաղաքակիրթ ազգերի ընտանիքի մեջ[2]: «Ազդարար»-ին հաջորդել են Վենետիկի Մխիթարյան հայրերի հրատարակած հանդեսներն ու տարեգրքերը, իսկ դրանից անմիջապես հետո հայ պարբերական մամուլը «իրեն կայք կը գտնէ Պոլիսը»[3]:

Պոլսահայ մամուլի փաստացի պատմությունն սկիզբ է առնում 1832 թվականին. 1831 թ. լույս է տեսնում Օսմանյան պետության առաջին թերթը՝ Բարձր Դռան պաշտոնաթերթ «Թաքվիմ-ի Վեքայի»-ն, իսկ 1832 թ. սկզբներին պետական արտոնություն է տրվում թերթի հայերեն և հունարեն նույնաբովանդակ հրատարակության համար, որով իբրև թե ազգային փոքրամասնություններին սեփական լեզվով պարբերաթերթ ունենալու հնարավորություն էր տրվում: «Թաքվիմ-ի Վեքայի»-ի հայերեն տարբերակը լույս է տեսնում «Լրո գիր» անվանմամբ, որի խմբագիր է նշանակվում Գևորգ Գրիգորյանը[4]: Թեև թերթը համարվում է Կ.Պոլսի հայ լրագրության անդրանիկ և ազգային առաջին շաբաթաթերթը, սակայն, իրականում այն բովանդակությամբ և նշանակությամբ հեռու էր ազգային լինելուց, քանի որ միակ առաքելությունը թուրքական պաշտոնական տեսակետի տարածումն էր հայոց մեջ:

1840-ական թթ. արևմտահայ հասարակական կյանքում ծավալվում է լուսավորականությունը, և պոլսահայ մտավորականության մեջ հասունանում է ազգային բովանդակությամբ և ազգային շահերը սպասարկող պարբերական ունենալու պահանջը` սկիզբ դնելով «լրագրական շարժմանը»[5]: Ժողովրդի զարգացման նպատակով հիմնադրվում են բարեգործական ընկերություններ, մեծահարուստների հովանավորությանն արժանացած հայ ընդունակ երիտասարդներ մեկնում են Փարիզ: Նոր զարգացող արևմտահայ երիտասարդության կրթության գործում պակաս դեր չի խաղացել Վենետիկը: Դեպի Եվրոպա ծայր առած այս հոսանքը հետագա տարիներին նոր թափ է ստանում, թեպետ այն չէր կարող վրիպել օսմանյան կառավարության ուշադրությունից և բազմաթիվ աքսորների ու պարբերականների փակման առիթ պիտի դառնար: Այսպիսով, Եվրոպայում ուսում ստացած հայ երիտասարդները, գիտելիքներով զինված, վերադառնում են Կ.Պոլիս ու Զմյուռնիա` լծվելով ազգը կրթելու աշխատանքին: Այլ բովանդակություն են ստանում մամուլն ու գրականությունը, նոր ձև ու որակ են ձեռք բերում հրապարակախոսությունն ու գրականությունը` դառնալով հասարակական ազդեցիկ նշանակություն ունեցող երևույթներ:

Մինչև արևմտահայոց ազգային սահմանադրության ընդունումը[6] թուրքահայ պարբերականների թիվը զգալիորեն ավելանում է Կ.Պոլսում, Զմյուռնիայում, ինչպես նաև ﬕ քանի հայաբնակ գավառային կենտրոններում:

Սակայն նկատենք, որ հրատարակվող պարբերականներն այդքան էլ հարուստ չէին բովանդակությամբ և ունեին մեկը մյուսին կրկնօրինակելու միտումներ: Պատճառը ոչ միայն «պատրաստված, մարզված խմբագրի» պակասն էր, այլև արևմտահայության հասարակական-քաղաքական անկայուն վիճակը, թրքական բռնատիրական համակարգը` «ատոնցմէ կարևորագոյնը՝ թրքական գրաքննութիւնը»[7]: Այնուամենայնիվ, կային այնպիսի պարբերականներ, որոնք առաջադրում էին նոր գաղափարներ և ծրագրեր, ինչպես «Ազատամարտ»-ը (1909-1915 թթ.), որը համարվում էր նոր սերնդի «խոսափող», «Բիւզանդիոն»-ը, որը Խրիմյան Հայրիկը նկատել է որպես Կ.Պոլսի ամենալուրջ և ամենապատվավոր թերթ[8] և այլն:

1857 թ. Oսմանյան կայսրությունում դրվում է տպագրության, գրքի և մամուլի իրավական վերահսկողության սկիզբը՝ ծայրահեղ խստություն դրսևորելով իր գոյության առաջին իսկ օրերից[9]: Թերթերն ու ամսագրերն իրավական կանոնակարգման առանձին բնագավառ դարձան մամուլի վերաբերյալ օրենքի հրապարակումից անմիջապես հետո (1864 թ.)[10], որով որոշակի շրջանակի մեջ էր դրվում հրատարակիչների և խմբագիրների գործունեությունը. հատուկ կարգ էր սահմանվում տպագրվող նյութերի և թերթերի ուղեգծերի վերաբերյալ, արգելակվում էր առանց այդ էլ խիստ հսկողության տակ գտնվող խոսքի ազատությունը: Եթե մինչ այդ թերթերի հրատարակիչները առաջնորդվում էին սուլթանի ֆերմանով (հրովարտակ) և նրանից նույնիսկ դրամական օգնություն էին ստանում, ապա այժմ նրանք անմիջապես ենթարկվում էին նորաստեղծ մամուլի վարչությանը, որը ոչ թե առաջվա պես բավարարվում էր իրենց համար ոչ հաճելի ուղղություն բռնած պարբերականին տուգանելով կամ դատի տալով, այլ պարզապես արգելում էր հետագա հրատարակումը:

Առավել դժվար էր հպատակ ժողովուրդների վիճակը: «Նոր կյանք»-ը պատկերավոր նկարագրում է իրավիճակը. «Եւ… Պոլսոյ գահը բարձրացաւ այն հիւանդ գիշակերը [Աբդուլ Համիդ]… Չարչարանքի դրութիւնը սկսաւ… Իր հրամանովը հայերէն թատերական ներկայացումները դադրեցաւ, Հայոց պատմութեան ուսուցումը խստիւ արգիլուեցաւ, հաւատաքննական գրաքննութիւն մը մամուլն ու գրականութիւնը շղթայ: Գրաքննութիւնը բառեր, նիւթեր, սեռեր կ’արգիլէր. վերջ ի վերջոյ ոտանաւոր գրելը արգիլեց…»[11]:

1888 թ. տպագրական տեսչության հրամանով հաստատված նախնական գրաքննությամբ աճում են խստությունները հատկապես հայկական և հունական թերթերի նկատմամբ, որոնք մինչև հրատարակվելն անցնում էին գրաքննչական բազմաստիճան մի համակարգով: Պարբերականի բովանդակությունը Բարձր Դռան ներքին գործերի պաշտոնատան երեք հայ տեսուչներ համառոտագրում էին թուրքերեն և ներկայացնում թուրք վերաքննիչին: Կասկածելի մեկ բառի կամ նախադասության դեպքում նյութը պետք է թարգմանվեր ամբողջությամբ: Ապա թարգմանված օրինակներից ուղարկվում էին Բարձր Դուռ, ոստիկանապետին, հանրային կրթության գրասենյակ և այլուր: Ըստ որում, դրանցից յուրաքանչյուրն իր մեթոդով էր քննում նյութը և, ինչպես նշում է Յու. Ավետիսյանը, չէր բացառվում, որ մյուսների ընդունած նյութը մերժվեր, ասենք, «Յըլդըզի[12]անմիտ քմահաճությամբ»[13]: Հայերին արգելվում էր գրել և արտասանել «Հայաստան», «հայրենիք» բառերը[14], հայկական աշխարհագրական անունները դուրս էին մղվում գործածությունից և փոխարինվում թրքական տեղանուններով, մերժվում էին թագավորների սպանության, սուլթանի վատառողջության, երաշտի կամ անբերրիության մասին «վտանգավոր», խորհելու առիթ տվող լուրերը[15]: Արգելվում էր ﬔկ համարում չտեղավորվող հոդվածների տպագրությունը, բազմակետերի օգտագործումը, քանի որ դրան հաջորդող «Շարունակությունը կլինի», «Շարունակությունը վաղը» արտահայտություններն իբր վատ կերպով լարում էին ընթերցողի միտքը, անհաճո ենթադրությունների տեղիք տալիս, խոչընդոտում նրա հոգու հանգստությանը: Նման խստություններ բանեցվում էին նաև գեղարվեստական գրականության, թատերական ներկայացումների[16], անգամ գրքերի նկատմամբ[17]:

Ստեղծված պայմաններում պոլսահայ մամուլը գրեթե ընդունակ չէր իր վրա կրելու արևմտահայ մտավոր ու հասարակական կյանքի կազմակերպման ամբողջ ծանրությունը, նորոգելու գրական շարժման ընթացքը. մտքերի վրա իշխում էր 1894- 1896 թթ. ջարդերը և շարունակվող ծանր ու սարսափելի թմբիրը: Հասարակական ու ազգային ամենատարրական իրավունքներից զրկված բազմահազար անտուն ու անօթևան հայեր լքում էին Կ.Պոլիսը: Արևմտահայ մտավորականները տագնապով էին նայում գալիքին՝ սրությամբ փնտրելով փրկության ուղին, և կամ «մէկիկմէկիկ Պոլսէն արտասահման էին հեռացեր թրքահայ լաւագոյն մտաւորականները: Ասպարէզը մնացեր էր հացկատակներուն և անոնց, որ լրագրութիւնը ապրուստի միջոց մը ըրած էին»[18]: Այնուաﬔնայնիվ, պետք չէ եզրակացնել, որ հրատարակչական գործը բացարձակապես դադարել է: 1860-ականներից մինչև Օսմանյան սահմանադրության ընդունման առաջին տարին՝ 1908 թ. և երբեմն էլ ավելի ուշ, հաջորդաբար լույս են տեսել մի շարք օրաթերթեր՝ «Մանզումէի Էֆքյար» (1866-1917 թթ.), «Մասիս» (1852- 1908 թթ.), «Փունջ» (1860-1907 թթ.), «Օրագիր» (1868 թ., հազիվ երկու ամսվա կյանք է ունեցել), «Ծաղիկ» (1899-1903 թթ.), «Պայքար» (1908 թ.) և այլն:

1908 թ. Օսմանյան սահմանադրության առաջ բերած մակերեսային դրական տեղաշարժերից էր այն, որ համեմատաբար մեղմացան մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, փոքր հնարավորություն ստեղծվեց որոշ թեմաների մասին գրելու, խոսելու, քննարկելու: Թեև լույս տեսնող հանդեսները որևէ սկզբունքային նորություն չէին ավելացնում հայկական մտքի զարգացմանը, այդու հանդերձ, դրանք շատ հարցերու մ ձգտում էին վերականգնել տպագրական գործի ընթացքը, ակտիվացնել հրատարակչական գործը:

Այսպիսով՝ թեպետ Օսմանյան կայսրությունում մամուլի նկատմամբ կիրառվում էին տարատեսակ սահմանափակումներ, այնուամենայնիվ, Կ.Պոլսում հայ մամուլը շարունակում է որոշակի զարթոնք ապրել ընդհուպ մինչև Հայոց ցեղասպանությունը:

Հոդվածը՝ yerkir.am կայքից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *