Սփիւռք

Հայաստանը Սփյուռքի Օրակարգում

Կա այդ հնարավորությունը, որը հայ համայնքին թույլ է տալիս զբաղվել օրինակ Լաչինի հարցով ոչ միայն որպես հայ, այլ նաև որպես ԱՄՆ քաղաքացի, ինչը շատ կարևոր է:

Վիգեն Հովսեփյան

Լուրերի եթերում Աստղիկ Սարգսյանը զրուցել է Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ:

Անդրադառնալով այն հարցին, որ Արևմտյան Ամերիկայի Հայ համայնքը մշտապես ակտիվ աշխատանք է կատարել և 2023թ. դրությամբ բազմաթիվ հաջողություններ ունի արձանագրած, ո՞րն է հաջորդ քայլը, նպատակը, Վիգեն Հովսեփյանն ասաց, որ Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կառավարության կողմից պարզապես նպատակ չէր: Ցեղասպանության ճանաչումը հերթական նշաձողն էր, որը կար հայ համայնքի նպատակներում և նշաձող, որը հաջողությամբ հաղթահարված է: Ցեղասպանության ճանաչումը չի բավարարվում պարզապես պատմական փաստի արձանագրումով, այլ իրենից ենթադրում է Թուրքիայի կողմից իր կատարած հանցագործության ընդունումը, Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցումը:

Վիգեն Հովսեփյանը կարևորեց հայկական համայնքի աշխատանքները հատկապես հիմա, երբ կա Լաչինի միջանցքի հարցը: Իհարկե հարցը այստեղ միայն քաղաքական բնույթ չունի: Ամենից առաջ հարկավոր է արձանագրել, որ մենք հիմա Արցախում 120 հազար գերի ունենք: Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության հերթական փուլի առաջ: Հենց հիմա Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերը ցեղասպանական միտում ունեն, որի կանխումը առաջնահերթություն է համարվում:

Գնահատելով հայ համայնքի աշխատանքի պարբերականությունը, դոկտոր Հովսեփյանը կարևոր համարեց նշել, որ եթե 30 տարի առաջ այս տարածաշրջանը հիմնականում հայկական ազդեցությանն էր ենթարկվում, ապա հիմա Թուրքիան և Ադրբեջանը մեծ թափով իրենց տեղն են զբաղեցնում ամերիկյան լոբբինգում և կարողանում են ինչ որ առումով հակակշռել իրենց, այդ իսկ պատճառով էլ աշխատանքների համակարգային տակտիկա և ռազմավարություն ունենալն ավելի քան անհրաժեշտ է:

Լաչինի միջանցքի հարցով Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդը ևս բավական լուրջ զբաղվում է՝ մեծ չափի մարդկային և ֆինանսական ռեսուրսներ ներդնելով ու բարձր մակարդակի լոբբինգ կատարելով: Դոկտորը նշեց, որ իրենք հիմա ավելի լայն հասանելիություն և ավելի մեծ ազատություն ունեն աշխատելու և արդեն իսկ կա հատուկ կայք, որի միջոցով կարելի է զանգահարել Սպիտակ Տուն, հաղորդագրություններ թողնել նախագահ Բայդենին: Այսինքն կա այդ հնարավորությունը, որը հայ համայնքին թույլ է տալիս զբաղվել օրինակ Լաչինի հարցով ոչ միայն որպես հայ, այլ նաև որպես ԱՄՆ քաղաքացի, ինչը շատ կարևոր է: Իհարկե միամտություն կլինի կարծել, թե նախագահ Բայդենը լսում է այդ բոլոր հաղորդագրությունները, բայց այստեղ կարևորը քաղաքացիական ակտիվության, հասարակական ճնշման մասին է: Այսինքն հասկանալ, թե երբ և որտեղ ինչ է պետք անել: Օրինակ 2019թ. և 2020թ. ամերիկահայերը հարյուր հազարավոր մարդկանցով դուրս էին եկել փողոց, քաղաքացիական խաղաղ անհնազանդություն կատարելու, ունենալով հստակ օրակարգ: Հիմա նման գործողությունը գուցե չտա այն արդյունքը, որը կարելի է սպասել, ըստ այդ չի կարելի ռեսուրս փոշիացնել: Հենց դրա համար է անհրաժեշտ հստակ օրակագ ու մարտավարություն ունենալ, որը թույլ է տալիս ավելի համակցված գործելուն:

Վիգեն Հովսեփյանը նաև անդրադարձավ Արցախի միջազգայնացման, այսինքն կարգավիճակի հարցին, ասելով, որ անշուշտ Արցախի անկախությունը շատ կարևոր թեմա է և Արցախն ունի անկախության իրավունք, բայց հիմա իր անձնական կարծիքով հարկավոր է անվտանգ դարձնել արցախցիների կյանքը, առաջին հերթին և իրականացնել ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանը մի երկիր է, ով հայտարարում է, որ Արցախն իր տարածքն է, իսկ արցախցիները՝ իր քաղաքացիները, բայց յուրօրինակ ահաբեկչությամբ է իրականացնում նրանց նկատմամբ: Իսկ Արցախի անկախությունը Վիգեն Հովսեփյանը համեմատեց Ցեղասպանության ճանաչման, Հայաստանի անկախության հետ, երբ դրանք դեռ չկային: Քառասուն տարի առաջ Հայաստանի անկախացումը, կամ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումը ֆանտաստիկա կհամարվեր: Բայց դրանք իրականություն դարձան: Եվ ոչ թե հրաշքով, այլ համակարգված աշխատանքի շնորհիվ:

Վիգեն Հովսեփյանը նաև անդրադարձավ Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհրդի առաջիկա քայլերին՝ նշելով, թե ինչ առաջնահերթություններ կան և ինչ իրավիճակի հետ են ստիպված լինում գործ ունենալ:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *